Տհաճ հոտը վկայում է շինությունների և այլ օբյեկտների շահագործման, կոմունալկենցաղային օբյեկտների պահպանության, սան. նորմերի, անձնական հիգիենայի կանոնների խախտումների, անբավարար օդափոխության մասին:
Ըստ էության Հ. չի կարելի շփոթել տարբեր հոտավետ նյութերով տհաճ հոտերի քողարկման հետ: Հաս. զուգարաններում կախվող հոտազերծիչները (օզոնատորներ) լիցքավորելու համար օգտագործվում են եթերային կամ փշատերև բույսերի յուղեր, միզարաններում՝ նավթալինի հաբեր, պատրաստում են հոտավետ նյութեր պարունակող մոմեր, թուղթ, փոշիներ, որոնց այրումից վերանում են տհաճ հոտերը: Այդ բոլոր միջոցներն ունեն միայն գեղագիտ. նշանակություն և չեն վերացնում հոտերի առաջացման պատճառները, ուստի Հ-ման հիմն. նպատակն ամենից առաջ պետք է լինի դրանց վերացումը (մթերքի ճիշտ պահպանում, թափոնների կանոնավոր հեռացում, զուգարանները, աղբատարները, աղբամանները շահագործելիս սան. նորմերի պահպանում, բնակելի և ոչ շնակելի շենքերում մաքրության պահպանում, դրանց օդափոխության ապահովում և անձն. հիգիենայի կանոնների պահպանում): Եթե որևէ պատճառով հնարավոր չէ հեռացնել տհաճ հոտ արձակող հիմնանյութերը, ապահովել շինության օդափոխությունը կամ կատարել խոնավ մաքրում, ապա կիրառում են Հ-ման ֆիզ. և քիմ. եղանակներ:
Նեխող նյութերը ծածկում են հողի, ավազի, տորֆի 8-10 սմ շերտով կամ քլորով ու չհանգած կրով: Վերջիններս, վարակազերծող լինելուց բացի, նաև հոտազերծիչներ են (ոչնչացնում են նեխման մանրէները), օգտագործում են այդ նյութերի, ինչպես նաև պղնձի և երկաթի արջասպի 20 %-անոց լուծույթները:
Տնային պայմաններում (զուգարանում, լողասենյակում) Հ-ման համար կարելի է օգտագործել կալիումի գերմանգանատի 0,5-1,0 %-անոց, ջրածնի գերօքսիդի լուծույթներ:
Բերանի տհաճ հոտի, մարմնի և ոտքերի քրտնոտության դեպքում Հ-ման միջոցների մասին տես Բերանի հոտ և Քրտնոտություն հոդվածներում:
ՀՈՏԱՌՈՒԹՅՈՒՆ, հոտեր ընկալելու մարդու և կենդանիների հատկություն, իրականանում է քթի խոռոչի վերին բաժիններում տեղադրված հատուկ հոտառ. ընկալիչներով: Հ. կենդանիների համար կերի որոնման ու հայթայթման, տարածության մեջ կողմնորոշվելու, հակառակ սեռի անհատին որոնելու և ճանաչելու միջոց է: Մարդու համար այն ավելի պակաս նշանակություն ունի, բայց Հ-յան կորուստն ընկալվում է բավական հիվանդագին (հիշենք, թե որքան անհամ է թվում սնունդը ուժեղ հարբուխի դեպքում): Խանգարված Հ. ունեցող մարդիկ հաճախ են ենթարկվում սննդային թունավորումների, քանի որ չեն կարողանում հոտով որոշել սննդի որակը: Հ. մեծացնում է շրջակա միջավայրի մասին ինֆորմացիայի ծավալը: Տհաճ հոտը կարող է վատացնել, իսկ դուրեկանը՝ լավացնել մարդու տրամադրությունը:
Հոտերն ընկալվում են հատուկ հոտառ. ընկալիչ բջիջներով, որոնք տեղադրված են քթի լորձաթաղանթի հոտառ. մակերևույթի վրա (տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր): Մարդն ունի մոտ 10 մլն, ճագարը՝ 100 մլն, շունն ավելի քան 200 մլն ընկալիչ բջիջներ, որոնց մակերեսը մանրագույն ելուստների հաշվին բազմակի անգամ մեծանում է: Ընկալիչ բջիջների տեղադրման մակերեսը մշտապես խոնավացած է քթի լորձաթաղանթի բջիջների արտազատուկներով: Հոտավետ նյութերն օդի հոսանքի հետ թափանցում են քթի խոռոչ, լուծվում լորձի մեջ ու գրգռում հոտառ. ընկալիչ բջիջները, որտեղից հոտի մասին ինֆորմացիան հոտառ. նյարդերով հաղորդվում է գլխուղեղ, որտեղ տեղադրված է հոտառ. վերլուծիչը, և ձևավորվում է պատկերացում հոտի բնույթի վերաբերյալ: Նշված վերլուծիչի օգնությամբ տարբերակվում են բազմաթիվ հոտավետ նյութերը և դրանց զուգակցությունները: Օրինակ՝ խուզարկու շունը կարող է շատ մարդկանց մեջ հոտով գտնել կոնկրետ մեկին, քանի որ յուրաքանչյուր մարդ կամ կենդանի ունի իրեն բնորոշ հոտը (մարդու հոտը նույնպես անհատական է, ինչպես և մատնադրոշմները): Նույն հոտի նկատմամբ զգայնությունը կարող է փոխվել: Հ. առավել ուժեղ է գարնանն ու ամռանը, հատկապես տաք, խոնավ եղանակին և լույսի դեպքում, իսկ մթության ժամանակ թույլ է: Ընկալիչ բջիջների տևական գրգռումը որևէ հոտավետ նյութով առաջացնում է հարմարում այդ հոտին, և մարդը դադարում է այն զգալուց: Հնարավոր է որևէ հոտի նկատմամբ բարձր զգայնություն (այլ հոտի ներգործությունից հետո), հոտերի փոխադարձ թուլացում կամ մի քանի հոտերի միախառնում որպես մեկ այլ հոտ (այս հատկությունը հաշվի է առնվում օծանելիքի արտադրության մեջ):
Տարիքի հետ հոտառ. զգայնությունը նվազում է: Հ-յան խանգարումները՝ լրիվ կորստից՝ անհոտազգացությունից (անոսմիա) մինչև տարբեր հոտերի նկատմամբ բարձր զգայնությունը՝ գերհոտառությունը (հիպերոսմիա), նկատվում են քթի լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունների (տես Հարբուխ), գլխուղեղի որոշ բաժինների ուռուցքների և վնասվածքների, որոշ հոգեկան հիվանդությունների (այս դեպքում նկատվում են հոտառ. զգայախաբություններ) ժամանակ: Հղիության շրջանում հաճախ նկատվում է Հ-յան աղավաղում: Բոլոր տեսակի խանգարումների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:
ՀՈՐԱՆՋՈՒՄ, ռեֆլեքսային գործողություն. առաջանում է հոգնածության, տոթ կամ ծխախոտածխով լցված սենյակում գտնվելու, սրտի և անոթների աշխատանքի վատացման, մկանային գործունեության բացակայության ժամանակ, ինչպես նաև քնկոտ վիճակում: Արտահայտվում է խոր երկարատև շնչառումով և համեմատաբար արագ արտաշնչումով, որի դեպքում բերանը, բկանցքը և ձայնաճեղքը լայն բացվում են և ուղեկցվում յուրահատուկ ձայնարձակմամբ: Հեշտությամբ առաջանում է որպես ակամա գործողություն («վարակիչ» է), սակայն երբեմն այն կարելի է ճնշել: Երկարատև Հ. կարող է գլխուղեղի թթվածնային քաղցի և բուժօգնություն պահանջող առանձին հիվանդագին վիճակների ախտանշան լինել:
ՀՈՐՄՈՆՆԵՐ, քիմ. նյութեր, որոնք օժտված են բարձր ֆիզիոլոգ. ակտիվությամբ և արտադրվում են ներզատիչ գեղձերում կամ առանձին բջիջներում: Հ. կարգավորում են նյութափոխանակությունը, բջջային ակտիվությունը և բջջաթաղանթների