Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պորտին սպեղանի կպցնելուց բացի, բժիշկը կարող է առաջարկել օրգանիզմն ամրապնդող դեղորայքային բուժում, սննդի հարմար ռեժիմ, որովայնի պատի մերսում և դրա մկաններն ամրապնդող վարժություններ:

Աճուկային Ճ-ի դեպքում երեխաների վիրահատությունը կատարում են բժշկի նշանակմամբ այն տարիքում, երբ դա ամենաանվտանգն է: Ճ-ի կանխարգելման լավագույն միջոցներն են որովայնի պատի մկաններն ամրապնդող ֆիզ. վարժությունները (տես Ֆիզիկական կուլտուրա և Սպորտ), օրգանիզմի կոփումը, ֆիզ. աշխատանքի և հանգստի ճիշտ զուգակցումը: Հղիության ժամանակ մեծ նշանակություն ունեն ճիշտ ռեժիմը, բանդաժ կրելը, ֆիզկուլտուրայով զբաղվելը, ծննդաբերությունից հետո՝ որովայնի մերսումը: Հարկավոր է խուսափել խիստ ճարպակալումից և նիհարելուց: Երեխաների Ճ-ի կանխարգելմանը նպաստում են ճիշտ խնամքը, սննդի հարմար ռեժիմը, փորկապության կանխումն ու ժամանակին բուժումը (տես Կրծքի երեխա): Որովայնի պատն ամրապնդելու համար օգտակար են հատուկ վարժությունները, խորհուրդ է տրվում փոքր երեխաներին օրը 3-4 անգամ 1-3 ր պառկեցնել փորի վրա, որը նպաստում է որովայնի ճնշանի ամրապնդմանը:

ՃՈՃՈՒՄ, հիվանդագին վիճակ, առաջանում է նավով (ծովային հիվանդություն), ինքնաթիռով (օդային հիվանդություն), ինչպես նաև ավտոմեքենայով կամ գնացքով ուղևորվելիս՝ դրանց տատանումների հետևանքով, իսկ խիստ զգայուն անդաստակային ապարատ ունեցող անձանց մոտ՝ նույնիսկ ոչ հարթ տեղանքում քայլելիս: Ճ. արտահայտվում է մաշկի գունատությամբ, քրտնոտությամբ, շնչառության, անոթազարկի փոփոխություններով, սրտխառնոցով, փսխումով, ուշագնացությամբ, ընկճվածությամբ ևն: Հիվանդությունը հիմնականում կապված է ներքին ականջում տեղադրված ականջաքարային (օտոլիթային կամ ստատոլիթային) ապարատի գրգռման հետ:

Բոլորը միատեսակ չեն արձագանքում այդ գրգռմանը, նյարդաթուլությամբ տառապող մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում ծովային հիվանդությամբ, քան հավասարակշռված նյարդային համակարգ ունեցողները: Ծովային և օդային հիվանդություններին ավելի ենթակա են կանայք:

Ճ-ման ախտանշանները կարող են ուժեղանալ տարբեր գրգռիչների (պայծառ լույս, հոտ արձակող նյութեր ևն) ազդեցությունից: Շատերը վատ են զգում տրանսպորտի միջոցներով երկարատև ուղևորությունների ժամանակ, երբ նստում են շարժման ուղղությանը հակառակ: Աչքերը փակելիս, պայծառ լույսը կամ սուր հոտ ունեցող Նյութերը հեռացնելիս վիճակը զգալիորեն թեթևանում է: Ճ-ման նկատմամբ նախատրամադրված մարդկանց խորհուրդ է տրվում նավ նստելիս ընտրել կենտր. տեղեր (որտեղ Ճ. ավելի քիչ է), պառկել մեջքի վրա՝ գլուխը հետ թեքած: Այդ դիրքում մի քանի ժ հետո կարող են հարմարվել ճոճական շարժումներին: Ճ-ման վիճակը թեթևացնում են որոշ դեղանյութեր (օրինակ՝ աերոնը), որոնք նվազեցնում են կենտր. նյարդային համակարգի դրդելիությունը:


Մ

ՄԱԶԱԳԼՈՒԽ տես Տրիխոցեֆալոզ:

ՄԱՑԱՊԱՐԿԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, ֆոլիկուլիտ, հարուցիչները ստաֆիլոկոկերն են: Առաջացմանը նպաստում են մաշկի կեղտոտումը փոշիով, յուղերով, չնչին վնասվածքները, հարուկները, սափրվելիս՝ մաշկի գրգռվածությունը ևն (առավել հաճախ նյութափոխանակության խանգարման ֆոնի վրա), վիտամինների (A, C) անբավարարությունը, քրտնոտությունը, քորով ուղեկցվող հիվանդությունների (քոս, նյարդամաշկաբորբ, էկզեմա) ժամանակ առաջացած քերծվածքները ևն: Եթե մազարմատները (տես Մազեր) ախտահարվում են միայն դեմքի վրա՝ մորուքի և բեղերի շրջանում, և բորբոքումն ունենում է քրոնիկ. ընթացք, ապա հիվանդությունն անվանվում է թզախտ:

Դեմքի, պարանոցի, նախաբազկի, ծնկների, ազդրերի, հազվադեպ՝ մաշկի այլ մասերի մազապարկի մակերեսային բորբոքման ժամանակ առաջանում են մանր՝ 0,5 սմ տրամագծով թարախային գլխիկով հանգույցներ, որոնք մի քանի օր անց չորանում են ու կեղևակալում: Մազապարկի խորը բորբոքման դեպքում առաջանում են ավելի խոշոր՝ 1 սմ տրամագծով բրգաձև, ցավոտ թարախաբշտիկներ, որոնք պատռվում են թարախահոսությամբ: Մազարմատի հետ կապված նույնիսկ միայնակ մանր թարախաբշտիկի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: խորհուրդ չի տրվում ախտահարված մաշկը լվանալ և թարախաբշտիկը սեղմել, այն կարող է վարակի տարածման պատճառ դառնալ: Հատկապես վտանգավոր է թարախաբշտիկը սեղմելը կամ դեմքը սափրելիս կտրելը: Բորբոքված մազարմատը շրջապատող մաշկը հարկավոր է մաքրել սպիրտով: Եթե գործընթացն ստանում է քրոնիկ. բնույթ, հարկավոր է պահպանել սննդակարգ՝ քաղցրեղենի, սուր, աղի կերակրատեսակների սահմանափակմամբ: Օգտագործել վիտամիններով հարուստ սննդամթերք (բանջարեղեն, մրգեր): Հիվանդությունը կանխելու համար անհրաժեշտ է մաշկի ճիշտ խնամք:

Տես նաև Մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ:

ՄԱԶԵՐ, ծածկում են մարդու համարյա ամբողջ մարմինը, բացի ափերից, ներբաններից, մատների եղնգային ֆալանգների թիկնային երեսներից, շրթունքների կարմիր երիզից և մի քանի այլ հատվածներից: Մ. լինում են երկար (գլխի, կզակի, ցայլքի, անութային փոսերի շրջանում), ցցամազեր (հոնքեր, թարթիչներ) և աղվամազեր (ամբողջ մարմնի վրա): Մազը կազմված է ցողունից, որը բարձրանում է մաշկի մակերևույթից վեր, և արմատից, որը տեղադրված է մաշկի հաստության մեջ և ավարտվում է մազարմատի կոճղեզով: Մազարմատն ու կոճղեզը պարփակված են հատուկ պարկի (մազապարկ) մեջ, որտեղ բացվում են ճարպագեղձերի արտատար ծորանները: Մազապարկը (բացառությամբ ցցամազերի) ունի հարթ մկանային խուրձ, որի կծկման շնորհիվ Մ. բարձրանում են և նպաստում ճարպագեղձերի դատարկմանը: Մազապարկի հիմքում կոճղեզի մեջ է խրվում մազապտկիկը՝ արյան անոթներով և նյարդաթելերով:

Մ. կազմված են հիմնականում ծծմբով և ազոտով հարուստ եղջերային սպիտակուցային նյութերից՝ կերատինից:

Մ-ի գույնը պայմանավորված է նրանցում գունակի պարունակությամբ: Տարիքի հետ գունակի քանակությունը նվազում է, և խանգարվում նրա բաշխումը (տես Մազերի սպիտակում): Լինում են նաև գունակազուրկ Մ. (օրինակ՝ լսնամաշկության դեպքում):