հաճախ լինում է բնածին: Սկզբն. շրջանում կարող է դրսևորվել պարբերաբար աոաջացող հազով, կլման խանգարմամբ, ծոցագրպանիկի բորբոքման (դիվերտիկուլիտ) ժամանակ՝ համապատասխան հատվածի ցավերով, սննդի հետ վերադարձով: Խորհուրդ է տրվում խնայող. սննդակարգ, սննդի հաճախակի, փոքր բաժիններով ընդունում, ուտելուց առաջ հարկավոր է ընդունել 1-2 թեյի գդալ բուս. յուղ, իսկ ուտելուց հետո խմել 0,5-1 բաժակ հանքային ջուր: Դեղանյութերն արդյունավետ են հիվանդության սկզբում, ծանր և անուշադրության մատնված ձևերի ժամանակ դիմում են վիրահատ. բուժման:
Կերակրափողի քիմ. այրվածքներն առաջանում են նրա պատերի վրա թթուների և հիմքերի ազդեցությունից: Այդպիսի դեպքերում անհրաժեշտ է շտապ բուժօգնություն կանչել, իսկ մինչև նրա գալը՝ մի շարք անհետաձգելի միջոցառումներ կիրառել (տես Թունավորումներ հոդվածում): Տուժածի շտապ հոսպիտալացումը հաջող բուժման, կերակրափողի սպիական նեղացումների կանխարգելման անհրաժեշտ նախապայման է:
Կերակրափողի օտար մարմինները կարող են հանգեցնել բազմաթիվ բարդությունների, եթե շտապ չհեռացվեն:
Կերակրափողի բորբոքումը հաճախ հանդիպում է որպես ուղեկցող հիվանդություն, սուր բորբոքումը պայմանավորված է նրա լորձաթաղանթի վրա քիմ., ջերմային, մեխ. ազդեցություններով, նկատվում է նաև վարակիչ հիվանդությունների (դիֆթերիա, քութեշ, կարմրուկ, գրիպ) ժամանակ, կարող է լինել նաև ալերգ. բնույթի: Կերակրափողի քրոնիկ. բորբոքումն առաջանում է գրգռող գործոնների (ալկոհոլ, որոշ քիմ. նյութեր, դեղանյութեր) երկարատև ազդեցությունից: Հաճախ պատճառ կարող է դառնալ կերակրափողի մեջ ստամոքսի պարունակության վերադարձը՝ ստամոքսի մուտքային բաժնի փսխողական ֆունկցիայի խանգարման հետևանքով, ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ: Այդ ճողվածքները հանդիպում են շատ հաճախ, նրանց առաջացմանը նախատրամադրում են ճարպակալումը, շատակերությունը, ներորովայնային ճնշման բարձրացումը, չափից ավելի ֆիզ. բեռնվածությունը: Կերակրափողի բորբոքումները դրսևորվում են կրծոսկրի հետևի ցավերով, կլման խանգարումներով, հաճախակի զկռտոցով: Խորհուրդ է տրվում սննդակարգ, որը ներառում է լորձային, պատող, դոնդողանման կերակրատեսակներ, բուս. յուղ: Կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել բժշկի հանձնարարականները (ուտելուց հետո 20-30 ր հորիզոն. դիրք ընդունել, սնունդն ընդունել փոքր բաժիններով, խուսափել որովայնի ճնշանի ուժեղ լարումից):
Կերակրափողի ուռուցքները (այդ թվում՝ չարորակ) հանդիպում են ավելի հազվադեպ և հիմնականում արտահայտվում են կլման հարաճուն խանգարումներով ու ցավերով: Ուռուցքներն ախտորոշվում են ռենտգենաբան. կամ գործիքային հետազոտություններով (ընդերադիտում):
Ստամոքսի հիվանդությունների դեպքում հիմնականում գանգատվում են տարբեր ուժգնության, հաճախ՝ բութ ցավերից՝ առավելապես սրտագդալի շրջանում: Ցավերը սովորաբար կապված են սննդի ընդունման հետ, երբեմն նկատվում են նաև «քաղցի» ցավեր, հնարավոր են այրոցի, ստամոքսի լցվածության, արագ կշտանալու զգացում: Ստամոքսի տարբեր հիվանդությունների ժամանակ նկատվում են ախորժակի անկում, սրտխառնոց, զկռտոց, փսխում, այրոց և այլ ախտանշաններ: Ստամոքսի հիվանդություններից առավել տարածված են ստամոքսաբորբը և խոցային հիվանդությունը: Ստամոքսի քաղցկեղի առաջացման պատճառները դեռևս լրիվ ուսումնասիրված չեն: Նրա վաղ ախտորոշման համար որոշիչ նշանակություն ունի ժամանակին բժշկի դիմելն ու անհրաժեշտ հետազոտությունների (ռենտգենաբան., ընդերադիտ.) կատարումը: Հիվանդության վաղ շրջանում վիրաբուժ. բուժման հաջողությունները բավականին մեծ են: Վիրահատման ժամկետի ձգձգումը հանգեցնում է վտանգավոր բարդությունների: Ստամոքսի այրվածքները, օտար մարմիններն ավելի անվնաս են, քան կերակրափողինը, բայց ինքնաբուժումն այս դեպքում նույնպես անթույլատրելի է: Ստամոքսային արյունահոսությունները վտանգավոր են կյանքի համար և պահանջում են անհետաձգելի բժշկ. օգնություն:
Աղիքների ախտահարումն ավելի հաճախ, քան Մ. հ-ի մյուս հիվանդությունները, դրսևորվում են ջերմաստիճանի բարձրացմամբ, քաշի անկումով, գլխացավերով, խիստ թուլությամբ, սակավարյունությամբ: Նման դեպքերում նկատվող մարսողության խանգարումներն ուղեկցվում են նաև տեղային երևույթներով (փորափքանք, աղիքների գռգռոց, փորկապություն, լուծ, աղիքային խիթ): Ցավերը ճշգրիտ տեղադրություն չունեն, թափառող են և կծկանքանման: 12-մատնյա աղիքի ախտահարման ժամանակ ցավերն ավելի որոշակի բնույթ ունեն, հնարավոր են «քաղցի», «գիշերային» ցավեր՝ սննդի ընդունումից, որոշ դեպքերում՝ փսխումից հետո մեղմացող ցավեր: Ըստ կղանքի բնույթի և նրա մեջ լորձի, արյան, մակաբույծների առկայության և այլ ախտանշանների՝ կարելի է ախտորոշել աղիքների, հատկապես ստորին բաժնի հիվանդությունները:
Աղիքների հիմն. հիվանդություններն են տասներկումատնյա աղիքի բորբոքումը, խոցային հիվանդությունը, դուոդենոստազը, բարակ աղիքի բորբոքումը, բարակ աղիքի շարժողության խանգարումները (դիսկինեզիաներ), հաստ աղիքի բորբոքումը, շարժողության խանգարումները: Հազվադեպ հանդիպող հիվանդություններից են ուռուցքները (բարորակ և չարորակ), զարգացման արատները ևն: Աղիքների հիվանդությունները լինում են սուր և քրոնիկ.: Սուր հիվանդությունների հիմքում ընկած են բորբոքային գործընթացները (օրինակ՝ որդանման ելունի բորբոքումը, հաստ աղիքի բորբոքումը), ինչպես նաև վնասվածքները (պատռվածքներ, թափածակում), արյունահոսությունը, աղիքների անանցանելիությունը: Առանձին սուր հիվանդությունների դեպքում անհրաժեշտ են անհետաձգելի վիրաբուժ. միջոցառումներ, քանի որ հնարավոր են հիվանդի կյանքին վտանգ սպառնացող ծանր բարդություններ: Որովայնի ցավերը հիվանդության մասնագիտ. գնահատական պահանջող տագնապալի ախտանշաններից են, ուստի մինչև բժշկի գալը ցավը հանգստացնող դեղանյութերի ընդունումը կամ մյուս միջոցները (ջեռակ, հոգնա, լուծողականներ) անթույլատրելի են: Չի կարելի անուշադրության մատնել որովայնի սուր ցավերը, այլապես հնարավոր են լուրջ, նույնիսկ ճակատագր. բարդություններ: Օրինակ՝ որդանման ելունի սուր բորբոքումն առաջացնում է ցավեր, բայց վիրահատությունն ուշացնելիս կարող է առաջանալ այնպիսի վտանգավոր բարդություն, ինչպիսին է որովայնամզի բորբոքումը: Տագնապալի ցավային նոպաների ժամանակ ինքնահանգստացումը չարդարացված պաշտպան. միջոց է: Տագնապալի ախտանշանների շարքն են դասվում նաև չզսպվող փսխումները, արյունահոսությունները, ծակող ցավերը: Նման դեպքում անհապաղ պահանջվում է բժշկ. խորհրդատվություն:
Դուոդենոստազը (12-մատնյա աղիքի լուսանցքով սննդի դանդաղ տեղափոխություն) կարող է ուղեկցել խոցային հիվանդությանը, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի քրոնիկ. բորբոքմանը և այլ հիվանդությունների: Հիմն. ախտանշաններն