Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են աջ թուլակողի մշտ., սննդի ընդունման հետ չկապված ցավերը, սրտագդալի շրջանում ծանրության և ճնշման զգացումը, ախորժակի խանգարումը:

Աղիքների ախտահարման ժամանակ տուժում են մարսողության և ներծծման գործընթացները: Մարսողության խանգարումները նկատվում են ստամոքսաղիքային մի շարք հիվանդությունների ժամանակ: Բարակ աղիքում ներծծման խանգարումներն ուղեկցում են աղիքի ախտահարման շատ ձևերի և բնորոշվում են նյութափոխանակության (սպիտակուցային, ճարպային, ածխաջրային, հանքային, ջրաաղային, վիտամինային) խանգարումներով: Դա հանգեցնում է հյուծման, ոսկրային համակարգի, մաշկի փոփոխությունների, հոգեկան խանգարման:

Հաստ աղիքի առավել տարածված հիվանդությունը բորբոքումն է (սուր և քրոնիկ. կոլիտ): Ելքը կախված է պատճառներից, աղիքի ախտահարված հատվածի խորությունից և երկարությունից, այլ հիվանդությունների հետ զուգակցումից, օրգանիզմի ընդհանուր վիճակից: Հաստ աղիքի խոցային ոչ առանձնահատուկ բորբոքումն ուղեկցվում է տեղային (արյունահոսություն, աղիքի թափածակում, որովայնամզի բորբոքում, պոլիպոզ) և ընդհանուր (սակավարյունություն, մաշկի, հոդերի, երակային համակարգի ախտահարում ևն) բարդություններով: Հաստ աղիքի շարժողության խանգարումը (դիսկինեզիա) պայմանավորված է նյարդային համակարգի խանգարումներով, դրսևորվում է փորկապությամբ, ավելի հազվադեպ՝ լուծով, փորափքանքով, որովայնի կծկանքային ցավերով: Դիսկինեզիայի բուժման համար անհրաժեշտ է ստեղծել նյարդային համակարգի գործունեության առավելագույն նպաստավոր պայմաններ: Այդ առումով օգտակար են նաև ֆիզիոթերապևտիկ. բուժարարողությունները (շրջանաձև ցնցուղում, փշատերևային լոգանքներ, պարաֆինային ծեփուկներ): Նշանակում են հատուկ սննդակարգ՝ հաշվի առնելով սննդամթերքի հանդեպ անհատ. հանդուրժողականությունը, փորկապության բացակայության դեպքում սնունդը կարելի է ընդունել տրորած վիճակում:

Հաճախ հանդիպում է հաստ աղիքի ծոցագրպանիկ, որի բարդությունը պահանջում է շտապ բուժօգնություն:

Ուղիղ աղիքի և հետանցքի հիվանդություններից են թութքը, ուղիղ աղիքի բորբոքումը, հարուղիղաղիքաբորբը, հետանցքի ճաքերը: Դրանք հաճախ պայմանավորված են քիչ շարժուն, նստակյաց ապրելակերպով, փորկապությամբ, կծու կերակրատեսակների, ալկոհոլային խմիչքների չարաշահմամբ: Այդ ռիսկի գործոնների վերացումը և ժամանակին բժշկի դիմելը հնարավորություն են տալիս կանխել հիվանդության առաջացումը կամ պահպանող. մեթոդներով հաջողությամբ բուժել այն սկզբն. շրջաններում, ծանր դեպքերում պահանջվում է վիրահատ. բուժում:

Աղիքների նորագոյացությունների մեջ ավելի հաճախ հանդիպում են հաստ աղիքի ուռուցքները: Պոլիպոզը, հաստ աղիքի ոչ առանձնահատուկ խոցային բորբոքումը կարող են նախորդել քաղցկեղին, ուստի շատ կարևոր է դրանց վաղ բուժումը, բժշկի բոլոր հանձնարարականների խստորեն պահպանումը: Ախտանշանները կախված են ուռուցքների առանձնահատկություններից և տեղադրությունից: Կայուն սաստկացող ցավերը, աղիքներում անհանգստության (ծանրություն, փորափքանք, գռգռոց, փորկապություն, հազվադեպ՝ լուծ) զգացումը, աղիքային արյունահոսությունը և սակավարյունությունը պետք է ահազանգեն հիվանդին: Աղիքների ուռուցքների ռենտգենաբան. և ընդերադիտ. ախտորոշումը հասել է կատարելության, և այդ հետազոտություններից խուսափելը կարող է հանգեցնել վտանգավոր բարդությունների: Վաղ ձևերը հաջողությամբ բուժվում են վիրաբուժ. մեթոդներով:

Լյարդի ավելի հաճախ հանդիպող հիվանդությունը վիրուսային ծագման լյարդաբորբն է (տես Լյարդաբորբ վիրուսային): Քրոնիկ. լյարդաբորբերը կարող են սուր ձևերի կամ լյարդի վրա այլ վնասակար գործոնների (վարակ, ինքնաթունավորում) հետևանք լինել: Քրոնիկ. լյարդաբորբը դրսևորվում է աջ թուլակողի բութ ցավերով, սրտխառնոցով, փորափքանքով, ախորժակի վատացմամբ, ճարպերի նկատմամբ անհանդուրժողականությամբ, մկանային թուլությամբ, արագ հոգնելիությամբ, դյուրագրգռությամբ, երբեմն՝ դեղնախտով: Նրա ընթացքի առանձնահատկությունները և հնարավոր բարդություններն ախտորոշվում են լաբորատոր հետազոտություններով: Բուժման հաջողությունը պայմանավորված է բժշկի հանձնարարականների խստորեն կատարմամբ և ամենից առաջ ալկոհոլի, ճարպերի, կերակրի աղի սահմանափակմամբ: Ինքնաբուժումն արգելվում է: Բավարար քանակով վիտամինները, հատկապես B խմբի, կաթնաշոռը բարենպաստ են ազդում ախտահարված լյարդի վրա: Քրոնիկ. լյարդաբորբերը կարող են հանգեցնել լյարդի ցիռոզի: Հազվադեպ հանդիպում են լյարդի մակաբուծ. հիվանդություններ (օրինակ՝ էխինոկոկոզը), լյարդի թարախակույտ, լյարդի ուռուցքներ ևն: Այդ ծանր հիվանդությունների ախտորոշումը լավ է մշակված, բուժումը հիմնականում վիրահատական է: Հնարավոր են նաև այնպիսի բարդություններ, ինչպիսիք են դրունքային գերճնշումը, էնցեֆալոպաթիաները, լյարդային անբավարարությունը: 1-ին դեպքում դռներակային համակարգի ճնշման բարձրացման հետևանքով առաջանում է ջրգողություն: Լյարդային ծանր անբավարարության դեպքում այդ երևույթներն ավելի արտահայտված են և կարող են հանգեցնել կոմայի: Նման բարդությունների դեմ հաջողությամբ կարելի է պայքարել միայն հիվանդանոցում: Կանխարգելման նպատակով լյարդի քրոնիկ. հիվանդությունների դեպքում պետք է խստորեն կատարել բժշկի հանձնարարականները:

Լեղապարկի և լեղուղիների հիվանդություններից հաճախ նկատվում են լեղապարկի բորբոքումը, լեղաքարային հիվանդությունը, դիսկինեզիան, լեղանոթների բորբոքումը (խոլանգիտ):

Դիսկինեզիան լեղապարկի և ծորանների շարժողության ֆունկցիայի խանգարումն է: Առաջանում է որպես ինքնուրույն հիվանդություն կամ մյուսների հետ համատեղ: Դրսևորվում է աջ թուլակողի երկարատև, բութ, մղկտացող ցավերով, որոնք ի հայտ են գալիս հոգեկան հուզումներից և գերլարվածությունից հետո: Բուժումն ուղղված է վեգետատիվ նյարդային համակարգի ֆունկցիայի բնականոնացմանը, օգտագործվում են հանքային ջրեր, կիրառվում ֆիզիոթերապևտիկ. բուժարարողություններ:

Լեղանոթների բորբոքումն արտալյարդային և ներլյարդային լեղածորանների հասարակ կամ թարախային բորբոքումն է, որն առաջանում է բակտերիային վարակի հետևանքով: Սուր բորբոքումը դրսևորվում է տենդով, դողով, առատ քրտնարտադրությամբ, մարսողության խանգարումներով, աջ թուլակողի ցավերով՝ լյարդի հետագա մեծացմամբ: Հնարավոր բարդություններից են նաև լյարդի թարախակույտերը, լյարդային անբավարարությունը: Լեղանոթների քրոնիկ. բորբոքումն ընթանում է ոչ բուռն՝ սրացումներով ու մեղմացումներով, դրսևորվում ցավային նոպաներով, լյարդի մեծացմամբ: Լեղանոթների բորբոքման բուժման ժամանակ կիրառում են վարակն ընկճող միջոցներ և ապահովում լեղու ելքը:

Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններից ավելի հաճախ հանդիպում է ենթաստամոքսային գեղձի բորբոքումը: Սուր բորբոքումը բնորոշվում է որովայնի