Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերին կեսի՝ գոտևորող, ուժգին, դեպի մեջքը ճառագայթող ցավերով, սրտխառնոցով: Այդ ախտանշանների բավականին արտահայտվածության դեպքում կարող է առաջանալ կոլապս կամ շոկ: Քրոնիկ. բորբոքման ժամանակ բոլոր ախտանշաններն ավելի թույլ են արտահայտված, հաճախ նկատվում են մարսողության խանգարումներ, փսխում, փորափքանք:

Հանդիպում են նաև ենթաստամոքսային գեղձի բարորակ և չարորակ ուռուցքներ, որոնց ախտորոշումը պահանջում է հետազոտության բարդ գործիքային մեթոդներ: Բուժումը վիրահատական է:

Ժամանակակից բժշկությունն ունի Մ. հ-ի հիվանդությունների ախտորոշման և բուժման մեծ հնարավորություններ: Ձևավորվել է բժշկագիտության նոր ճյուղ՝ ստամոքսաղիքաբանություն, հիվանդանոցներում ստեղծվել են Մ. հ-ի հիվանդություններով տառապողներին բուժկանխարգելիչ օգնություն կազմակերպող մասնագիտացված բաժանմունքներ:

Հետազոտության ավանդ. մեթոդների (զննում, շոշափում, ընդբախում) հետ մեկտեղ զարգացել է լաբորատոր-գործիքային ախտորոշումը: Հատուկ տեղ է հատկացվում ռենտգենաբան. մեթոդներին (տես Ռենտգենաբանական հետազոտություն), որոնք շարունակում են կատարելագործվել: Կառուցվածքային փոփոխությունների մանրամասն հետազոտությունների հետ մեկտեղ գրանցվում են նաև ֆունկցիոնալ շեղումներ, որոնք ի հայտ են գալիս Մ. հ-ի օրգանների սովոր. գործունեության պայմաններում և տարբեր բեռնվածությունների (դեղաբան., սննդային ևն) փորձանմուշների օգնությամբ: Ռենտգենալուսադիտման և ռենտգենագրության մեթոդներով արժեքավոր տեղեկություններ կարելի է ստանալ Մ. հ-ի սնամեջ օրգանները (ստամոքսաղիքային համակարգ, լեղապարկ), իսկ ավելի պակաս արժեքավոր՝ լյարդը և ենթաստամոքսային գեղձը հետազոտելիս: Օրգանի չափերը, ուռուցքներն ու խոցերը, օտար մարմիններն ու ծոցագրպանիկները, ստամոքսի և աղիքների շարժողության տարբեր խանգարումներն ստացված ռենտգենյան պատկերների ոչ լրիվ թվարկումն են: Հետզհետե ընդլայնվում է համակարգչային շերտագրության (կոմպյուտերային տոմոգրաֆիա) կիրառումը, որը հնարավորություն է տալիս տեսնել մարմնի կառուցվածքը բոլոր մակարդակներում: Ռենտգենյան պատկերի որակը մեծ մասամբ կախված է հետազոտություններից առաջ բժշկի հանձնարարականները ճշտորեն կատարելուց: Ստամոքսում՝ սննդի, աղիքներում կղանքային զանգվածների և գազերի առկայությունը հետազոտության արժեքը ոչ միայն կարող են հասցնել նվազագույնի, այլև կեղծ պատկերացում տալ տեղի ունեցող գործընթացների մասին: Հետազոտվող օրգանի առավել ճշգրիտ պատկերն ստանալու նպատակով ճիշտ հաշվարկվում է ռենտգենհակադր. նյութի քանակը, դրա ընդունման կամ ներարկման ժամանակը: Որոշ հիվանդներ բացասաբար են վերաբերվում ռենտգենաբան. հետազոտությանը, խուսափում են ճառագայթահարումից՝ նախապատրաստման հետ կապված անհարմարություններից կամ այլ պատճառներից ելնելով: Հարկավոր է նշել, որ Մ. հ-ի օրգանների լուսադիտման ժամանակ ճառագայթային բեռնվածությունը շատ ցածր է թույլատրելի չափաքանակից և հիվանդի համար անվտանգ:

Շարունակում է կատարելագործվել ռադիոիզոտոպային ախտորոշումը, որը կիրառվում է Մ. հ-ի օրգանների հիվանդությունների ժամանակ՝ ձևաբան. և ֆունկցիոնալ փոփոխությունների ուսումնասիրման նպատակով: Կլինիկ. պրակտիկայում առավել տարածված են լյարդի, ենթաստամոքսային գեղձի և ստամոքսի տեսածրման (մակերեսային պատկերում) մեթոդները: Գամմախցիկի լայնորեն կիրառման շնորհիվ ախտորոշման մեթոդների շարքում կայուն տեղ է գրավում սցինտիգրաֆիան, որի օգնությամբ օրգանի մասին ավելի մանրամասն տեղեկություններ են ստանում: Մի շարք ֆունկցիոնալ հետազոտություններ հիմնված են օրգանիզմի կողմից իզոտոպների ու նշակիր միացությունների ընդունման, կուտակման կամ բաշխման և հեռացման արագության ու աստիճանի որոշման սկզբունքի վրա: Ընդլայնված են ռադիոիմունաբան. հետազոտությունները, որոնք հնարավորություն են տալիս որոշել արյան շիճուկում հորմոնների, ֆերմենտների պարունակությունը:

Ընդերադիտ մեթոդները (կերակրափողադիտում, ստամոքսադիտում, 12-մատնյաաղեդիտում, հաստաղեդիտում) ապակեթելային օպտիկայի շնորհիվ բավականաչափ ընդլայնել են հետազոտությունների ընդգրկույթը: Դրանց օգնությամբ հաջողվում է մանրամասն դիտել կերակրափողի, ստամոքսի, բարակ ու հաստ աղիքների լորձաթաղանթը, հայտնաբերել ախտահարման ճշգրիտ տեղը, ուռուցքները, խոցերը, անոթների վնասվածքները, օտար մարմինները և անհրաժեշտ նյութ ստանալ հետագա լաբորատոր հետազոտությունների համար: Որովայնադիտումը հնարավորություն է տալիս համապատասխան սարքի միջոցով իրականացնել որովայնի խոռոչի օրգանների անմիջական դիտումը: Ընդերադիտ. հետազոտություններն ուսումնասիրվող օրգանի ֆունկցիաների լուրջ խանգարումներ չեն առաջացնում: Դրանց կիրառումը հակացուցված է միայն սիրտանոթային համակարգի և գլխուղեղի առանձին ծանր հիվանդությունների ժամանակ:

Անդրաձայնային ախտորոշիչ սարքերի արագ առաջընթացը հնարավորություն է տալիս ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի և լեղապարկի վիճակի մասին ստանալ արժեքավոր տեղեկություններ:

Ստամոքսաղիքաբանության մեջ լայնորեն օգտագործում են ձևաբան. մեթոդները, որոնք հիմնված են Մ. հ-ի օրգանների հյուսվածքների հյուսվածաբան. և հյուսվածաքիմ. հետազոտությունների վրա: Այդ նպատակով հյուսվածքը վերցնում են արտածծման-նշանառության և ընդծակման (պունկցիա) մեթոդներով (կենսազննում) ու հատուկ մշակումից հետո (հյուսվածքաշերտիկների ստացում, սևեռում, լցում, ներկում) մանրակրկիտ հետազոտում մանրադիտակով: Այդ հետազոտություններն ապահովում են ստացված արդյունքների մեծ հուսալիություն և ստույգություն: Հյուսվածքների կենսազննումն իրականացվում է մի շարք եղանակներով (այդ թվում՝ վիրաբուժ.):

Մ. հ-ի հիվանդությունների ֆունկցիոնալ ախտորոշման եղանակները բազմազան են: Այն մասամբ նպատակաուղղված է ստամոքսի հյութազատ. (թթվագոյացում, ֆերմենտագոյացում), արտազատ., շարժող., սննդի տեղափոխման ֆունկցիաների հետազոտմանը, և այդ նպատակով զննաձողի (զոնդ) անցկացումը ստամոքսի խոռոչ հիվանդի համար միանգամայն անվնաս է: Աղիքների մարսող., ներծծման, արտազատ. և շարժող. ֆունկցիաներն ուսումնասիրվում են աղիքահյութի, արյան, կղանքի հատուկ հետազոտությունների օգնությամբ: Լյարդի գործունեության խանգարումը հայտնաբերվում է նրա ֆունկցիան արտացոլող փորձանմուշների (գունակային, սպիտակուցային, ճարպային փոխանակություն, ֆերմենտների պարունակություն, լեղարտադրություն ևն) միջոցով: Այդ նպատակներով հետազոտվում են արյան, մեզի, կղանքի, 12-մատնյա աղիքի պարունակության մեջ գտնվող համապատասխան քիմ. միացությունները: Ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ հետազոտություններն 1-ին հերթին ներառում են նրա արտազատ. գործունեության ուսումնասիրությունը: