Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(ուռուցքներ, շագանակագեղձի գեղձուռուցք, միզաքարային հիվանդություն ևն), որոնց դեպքում լրիվ կամ մասնակի փակվում է միզուկի լուսանցքը: Մ. կարող է առաջանալ նաև կենտր. նյարդային համակարգի ախտահարման, ինչպես նաև ուղիղ աղիքի և շեքի շրջանի բորբոքումների, միզուղիների վնասվածքներով ուղեկցվող կոնքի ոսկրերի վնասվածքների ժամանակ: Մ. լինում է սուր և քրոնիկ.:

Սուր Մ-յան ժամանակ հաճախակի, ցավագին ցանկության դեպքում հանկարծ անհետանում է ինքնուրույն միզելու կարողությունը, առաջանում են միզապարկի լցվածության զգացում, վերցայլքային և շեքի շրջանի ցավեր: Ձգտելով խուսափել ցավից՝ հիվանդն ընդունում է հարկադրական դիրք. կորանում է, ջանում է շնչել մակերեսորեն, հաճախ մաշկը ծածկվում է սառը, կպչուն քրտինքով, առաջանում է դող:

Քրոնիկ. Մ-յանը հիմնականում բնորոշ է մեզի շիթի թուլացումը, ավելի երկարատև միզարձակումը և միզապարկի ոչ լրիվ դատարկումը:

Սուր Մ-յան ժամանակ անհրաժեշտ է անհետաձգելի բուժօգնություն՝ հատուկ գործիքների միջոցով միզապարկից մեզի դանդաղ արտահոսն ապահովելու համար: Երբեմն պահանջվում է անհապաղ վիրահատություն: Քրոնիկ. Մ-յան դեպքում անպայման հարկավոր է դիմել բժիշկ-ուրոլոգի:

Տես նաև Միզարտադրության համակարգ, հիվանդություններ:

ՄԻԶԱՄՈՒՂ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ, միզարտադրությունն ուժեղացնող դեղանյութեր: Առավել ակտիվ են տարբեր սինթետիկ պատրաստուկները, որոնք թուլացնում են երիկամային խողովակներում նատրիումի իոնների և ջրի հետներծծման գործընթացը (տես Միզարտադրության համակարգ)՝ ավելացնելով երիկամներում առաջացող մեզի քանակը և նպաստելով օրգանիզմից նատրիումի ավելցուկային իոնների և դրանց հետ կապված ջրի հեռացմանը: Դրա հետ միաժամանակ շատ Մ. դ. (ֆուրոսեմիդ, հիպոթիազիդ, բրինալդիքս ևն) ավելացնում են մեզի հետ նաև այլ իոնների (օրինակ՝ կալիումի) հեռացումը, որը կարող է հանգեցնել օրգանիզմի առանձին ֆունկցիաների խանգարման: Ուստի Մ. դ-ով բուժման ժամանակ խորհուրդ է տրվում կալիումով հարուստ սնունդ (կարտոֆիլ, գազար, ծիրան): Առանձին Մ. դ. (վերոշպիրոն, տրիամտերեն), հակառակը, պակասեցնում են կալիումի հեռացումը մեզի հետ, ուստի այդպիսի դեպքերում կալիումով առատ սնունդ պարունակող սննդակարգ պահպանել չի պահանջվում:

Որպես Մ. դ օգտագործում են նաև դեղաբույսերի պատրաստուկներ: Դրանցից մի քանիսը մտնում են, այսպես կոչված, «միզամուղ թեյի» բաղադրության մեջ: Միզամուղ ազդեցություն ունեն նաև մրգերն ու բանջարեղենը՝ մեծ քանակով կալիումի աղեր պարունակելու շնորհիվ: Երիկամների ֆունկցիայի և արյան շրջանառության բնականոն պայմաններում միզարտադրությունն ուժեղանում է նաև մեծ քանակով հեղուկ խմելիս: Մ. դ-ի բուժիչ ազդեցությունը մարմնի հյուսվածքներում ու խոռոչներում հեղուկի պարունակության պակասեցումն է: Այդ պատճառով էլ դրանք օգտագործվում են հիմնականում սրտի, երիկամների ու լյարդի որոշ հիվանդությունների (հեղուկի կուտակմամբ և այտուցներով ուղեկցվող) ժամանակ: Սակայն նման դեպքերում դրանք միայն լրացնում են նշված օրգանների ֆունկցիան կարգավորող դեղանյութերին: Սրտի ֆունկցիոնալ խանգարումներով պայմանավորված այտուցի առանձին դեպքերում միզամուղ արդյունքի կարելի է հասնել նաև միզարտադրությունն ուժեղացնող և սրտի գործունեությունը խթանող այլ պատրաստուկների օգնությամբ:

Մ. դ. ընդունում են միայն բժշկի նշանակմամբ: Նիհարելու նպատակով դրանց օգտագործումը վտանգավոր է, քանի որ հնարավոր են կողմնակի երևույթներ՝ օրգանիզմից ջրի և որոշ իոնների (կալիում, քլոր) չափից ավելի հեռացման պատճառով: Բացի դրանից, երիկամների որոշ հիվանդությունների դեպքերում Մ. դ. հակացուցված են: Դա վերաբերում է ոչ միայն սինթետիկ պատրաստուկներին, այլև բուս. ծագման Մ. դ-ին: Վերջիններս, հակառակ բուս. դեղանյութերի անվտանգության վերաբերյալ տարածված կարծիքի, կարող են անբարենպաստ ազդել երիկամների վրա և առաջացնել երիկամային որոշ հիվանդությունների սրացումներ:

ՄԻԶԱՊԱՐԿ. տես Միզարտադրության համակարգ հոդվածում:

ՄԻԶԱՊԱՐԿԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, ցիստիտ, միզարտադրության համակարգի տարածված հիվանդություն, բնորոշ է և՛ տղամարդկանց, և՛ կանանց ու երեխաներին: Առաջանում է վարակը միզապարկ թափանցելիս: Հիվանդության առաջացմանը նպաստում են միզապարկի լորձաթաղանթը գրգռող գործոնները (մրսածություն, համեմունքների, ապուխտների, ալկոհոլի հաճախակի օգտագործում), ինչպես նաև փորկապությունը: Մ.բ-մանը բնորոշ է ցավոտ, հաճախակի, փոքր բաժիններով միզարձակումը: Ցավերը տարատեսակ են (կտրող, այրող, բութ), ուժեղանում են միզարձակման վերջում: Մեզում հայտնաբերվում են լեյկոցիտներ, էրիթրոցիտներ, սպիտակուցներ: Սուր շրջանում (քրոնիկի անցումը կանխելու համար) շատ կարևոր է բժշկի նշանակած բուժման լրիվ կուրս ընդունելը: Անհրաժեշտ է պահպանել անկողնային ռեժիմ, սննդում բացառել պահածոները, կծու կերակրատեսակները, համեմունքները, ապուխտները, ալկոհոլային խմիչքները, հետևել աղիքների ֆունկցիային: Հաճախ բժիշկը խորհուրդ է տալիս օգտագործել առատ ըմպելիք՝ կաթով թեյ, տաք մրգաջուր, հանքային ջուր:

Մ. բ. կանխարգելելու համար հարկավոր է կանոնավոր պահպանել անձնական հիգիենայի կանոնները, կատարել սեռ. օրգանների լվացումներ, ժամանակին բուժել բորբոքային հիվանդությունները: Ցանկալի է խուսափել մարմնի գերսառեցումից (սառը ջրով լողանալուց, տարվա եղանակին անհամապատասխան հագուստ կրելուց), պահածոների և չափից ավելի աղի սննդի հաճախակի օգտագործումից:

ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, միավորում է միզային և սեռական օրգանները: