Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դրանք սերտորեն կապված են իրար՝ ըստ զարգացման, տեղադրության և ֆունկցիայի:

Միզային օրգանները (երիկամներ) արտադրում են մեզ, մյուս օրգանները (փոքր ու մեծ երիկամային սկահակները, ավազանը, միզածորանը) մեզն անցկացնում են դեպի միզապարկ, որտեղ այն կուտակվում է, այնուհետև միզուկով դուրս գալիս օրգանիզմից (տես Միզարտադրության համակարգ):

Սեռ. օրգանները բաժանվում են արականի և իգականի, իսկ ըստ տեղադրության՝ արտաքին և ներքին, որոնք և իրականացնում են բազմացման ֆունկցիան:

Արական ներքին սեռ. օրգաններն են ամորձիները՝ հավելումներով, սերմնատար ծորանները, սերմնաբշտերը, սերմնացայտ ծորանները, կոճղեզամիզուկային գեղձերը, իսկ արտաքին սեռ. օրգանները՝ առնանդամը և ամորձապարկը: Կնոջ ներքին սեռ. օրգաններն են ձվարանները, արգանդափողերը, արգանդը, հեշտոցը, հեշտոցամուտքը, կոճղեզները, իսկ արտաքին սեռ. օրգանները՝ մեծ ու փոքր սեռ. շուրթերը, ծլիկը:

ՄԻԶԱՐՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, ուրեմիա, կյանքի համար վտանգավոր ծանր վիճակ, որն առաջանում է ջրաաղային փոխանակության, թթվահիմնային հավասարակշռության կարգավորման գործում երիկամների ֆունկցիայի անբավարարության, ինչպես նաև օրգանիզմում սպիտակուցային փոխանակության ժամանակ թունավոր նյութերի կուտակման, նյարդահորմոնային կարգավորման խանգարումների հետևանքով:

Մ. հանգեցնում է օրգանիզմի բոլոր օրգան-համակարգերի գործունեության ծանր խանգարումների: Տարբերում են սուր և քրոնիկ Մ.:

Սուր Մ. առաջանում է սուր երիկամային անբավարարության ժամանակ (տես Միզարտադրության համակարգ)՝ ծանր վնասվածքներից առաջացած շոկի, այրվածքների, ցրտահարության, արյան կորստի, ջրազրկման, ալերգիայի, թունավորումների, արյան վարակման հետևանքով արյան ընդհանուր շրջանառությունը խանգարվելիս: Քրոնիկ Մ. առաջանում է երիկամների հիվանդությունների (ծանր սուր երիկամաբորբ, քրոնիկ. երիկամաբորբ, երիկամաավազանաբորբ), երիկամների արյան շրջանառության խանգարումների (երիկամների արյան անոթների խցանում), միզուղիների անցանելիության խանգարումների (քարեր, ուռուցքներ, բորբոքային ինֆիլտրատներ) հետևանքով: Մ-յան 1-ին ախտանշաններն են թորշոմածությունը, ընդհանուր թուլությունը, արագ հոգնելիությունը, զարկերակային ճնշման բարձրացումը, գլխացավերը, քնի ու ախորժակի վատացումը, հիշողության թուլացումը: Առաջանում են ուժեղ ծարավի զգացում, սրտխառնոց, նկատվում են մաշկի չորություն, գունատություն, այնուհետև՝ քոր: Հիվանդները շատ արագ նիհարում են: Ավելի ուշ շրջանում արյան մեջ պարունակվող միզանյութն ու մյուս նյութերն սկսում են ուժեղ արտադրվել մաշկի, լորձաթաղանթների և շճաթաղանթների միջոցով՝ գրգռելով դրանք: Այդ բոլորի հետևանքով առաջանում են միզարյունային ստամոքսաբորբի, հաստ աղիքի բորբոքման, կրծքամզի բորբոքման, սրտապարկի բորբոքման ախտանշաններ: Խանգարվում են լյարդի, ոսկրածուծի ֆունկցիաները, առաջանում են սակավարյունություն, արյունահոսական նախատրամադրվածություն, հնարավոր է տեսողության խանգարում:

Ժամանակին և արդյունավետ բուժման բացակայության դեպքում կարող է առաջանալ միզարյունային կոմա, հիվանդը կորցնում է գիտակցությունը, փոխվում են շնչառության ռիթմն ու խորությունը, բերանից մեզի հոտ է փչում, բբերը նեղանում են: Նման վիճակը պահանջում է շտապ բժշկ. օգնություն՝ հիվանդանոցային պայմաններում:

Քրոնիկ. Մ-յամբ հիվանդներին նշանակում են սպիտակուցների սահմանափակմամբ սննդակարգ, որը կանխում է ազոտային թունավոր խարամների կուտակումն օրգանիզմում: Սահմանափակում են նաև կերակրի աղի, թթուներով հարուստ սննդի օգտագործումը: Խորհուրդ է տրվում առատ ըմպելիք (հատկապես՝ հիմնային), որը օգտակար է երիկամների արտազատ. ֆունկցիայի բավարար պահպանվածության ժամանակ (այտուցների բացակայություն): Սննդակարգը լրացնում են վիտամիններով: Աղիքներում նեխման գործընթացները կանխելու նպատակով նշանակում են կաթնաթթվային մթերք՝ կեֆիր, մածուն, «Նարինե» ացիդոֆիլին: Բացի այդ, բժշկի նշանակմամբ կատարում են դեղորայքային բուժում: Առանձին դեպքերում օրգանիզմն ազոտային խարամներից մաքրում են «արհեստ. երիկամի» օգնությամբ: Հարկավոր է բուժել նաև Մ-յան պատճառ հանդիսացող հիվանդությունները:

Մ-յան ելքն անբարենպաստ է, սակայն քրոնիկ. Մ., չնայած երիկամների ֆունկցիայի անկմանը, կանոնավոր բժշկ. հսկողության, հետևողական բուժման (այդ թվում՝ առողջարանաառողջավայրային) պայմաններում կարոդ է տևել տարիներ՝ հիվանդի համեմատաբար բավարար վիճակի պահպանումով:

Քրոնիկ. Մ-յան կանխարգելումը պայմանավորված է երիկամների և միզուղիների քրոնիկ. հիվանդությունների ժամանակին և մանրակրկիտ բուժմամբ (մշտ. բժշկ. հսկողությամբ), երիկամների քրոնիկ. բորբոքումների առաջացմանը նպաստող օջախային վարակների՝ նշագեղձերի քրոնիկ. բորբոքումների, հայմորիտի, ծոցաբորբի (տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր), ատամների ոսկրափուտի վերացմամբ:

ՄԻԶԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, ընդգրկում է երիկամները, միզածորանը, միզապարկը և միզուկը:

Երիկամներ. լոբաձև զույգ օրգան՝ հարթ, վառ դարչնագույն մակերեսով: Հասուն մարդու յուրաքանչյուր երիկամը կշռում է 120-200 գ, երկար.՝ 10-12 սմ, լայն.՝ 5-6 սմ, հաստ.՝ 3-4 սմ: Տեղադրված են գոտկային շրջանում, ողնաշարի 2 կողմում: Երիկամները շրջապատված են ճարպաբջջանքով և շարակցահյուսվածքային թերթիկներով, որոնց շնորհիվ պահվում են կմախքի ու մկանների գոյացրած փոսում:

Յուրաքանչյուր երիկամ ունի վերին և ստորին բևեռներ, դրսային ուռուցիկ ու ներսային գոգավոր եզրեր, առաջային և