պայմանավորված է շատ հանգամանքներով. երեխաները հնարավորին չափ պետք է երկար լինեն մաքուր օդում, սնունդը պետք է լինի բազմազան ու համեղ պատրաստված, չպարունակի շատ ճարպեր, որոնք դժվարացնում են մարսողությունը: Չպետք է տալ շատ միրգ, բանջարեղեն, հատկապես կերակրումների միջև ընկած ժամանակահատվածներում: Սննդից հրաժարվելու դեպքում ավելի լավ է բաց թողնել տվյալ կերակրումը, քան փորձել ցանկացած միջոցով կերակրել:
Յուրաքանչյուր նոր կերակրատեսակի երեխային պետք է աստիճանաբար սովորեցնել, հետևել աղիքների կանոնավոր դատարկվելուն, քանի որ փորկապության ժամանակ ախորժակը նկատելի վատանում է:
1,5-2 տարեկանում երեխային պետք է սովորեցնել անձեռոցիկն ինքնուրույն փռել սեղանին, բերել սպասքն ու աթոռը: Նման հանձնարարությունների կատարումն ամրապնդում է սովորությունները, դրանք դառնում են երեխայի պարտականությունը: Ուտելիս պայմանները պետք է հաճելի լինեն, տրամադրող, նյարդային վիճակը կարող է միայն վատացնել ախորժակը: Երեխային միշտ պետք է կերակրի նույն մարդը և միշտ նույն սենյակում:
Բոլոր կերակրատեսակները չի կարելի միանգամից դնել սեղանին, քանի որ երեխան կհրաժարվի 1-ին կերակրատեսակից, եթե սիրում է 2-րդը և 3-րդը: Գեղեցիկ մատուցված սնունդը նույնպես լավացնում է ախորժակը: Կյանքի 2-րդ տարվա սկզբին երեխաներն ինքնուրույն պահում են գդալը և բաժակը, 1,5-ից՝ մեծերի օգնությամբ, 3 տարեկանում ինքնուրույն ուտում են: Ուտելիս պետք է սովորեցնել օգտագործել անձեռոցիկ: Սեղանի շուրջ պետք է նստեն զբոսանքից, խաղից հետո 30 ր-ից ոչ շուտ: Խաղի ժամանակ չպետք է կերակրել փոքրիկին, խորհուրդ չի տրվում ստիպելով կերակրել, վախեցնել: Ուտելիս հորդորները, հեքիաթներ պատմելը կամ ուղղակի կարգադրությունները միայն կարող են վատացնել ախորժակը: Հաճախ տանը վատ ուտող երեխաները, ընկնելով մանկ. կոլեկտիվ, սկսում են լավ ուտել, որը պայմանավորված է պայմանների փոփոխությամբ, բացասական ազդակների վերացմամբ: Ախորժակի երկարատև խանգարման դեպքում պետք է դիմել բժշկի:
Ռեժիմ: Ցանկացած տարիքի երեխա կարիք ունի հստակ ռեժիմի: Այն նպաստում է երեխայի կամային որակների դաստիարակությանը, կարգապահությանը: Ռեժիմը կազմելիս շատ կարևոր է հաշվի առնել երեխայի ոչ միայն տարիքը, այլև անհատ. հատկանիշները:
Երեխային պետք է պառկեցնել քնելու միևնույն ժամին (որով մշակվում է հատկապես այդ ժամին քնելու սովորություն): Եթե երեխային սովորեցնեք քնել մթնեցրած սենյակում և բացարձակ լռության պայմաններում, ապա նա կարթնանա ցանկացած շշուկից կամ արևի ճառագայթներից: Շատ կարևոր է, որ փոքրիկն ինքը պատրաստվի քնելու, հանի ու խնամքով դասավորի շորերը: Երեխային պետք է աստիճանաբար պատրաստել քնելու (խաղից հետո հանգստացնել, գիշերանոթին նստեցնել, լվացվեցնել): Քնից առաջ անպայման օդափոխել սենյակը: Փոքրիկին պառկեցնելիս պետք է քնքուշ բառեր ասել, բարի գիշեր ցանկանալ և դուրս գալ սենյակից: Գերադասելի է չօրորել, հեքիաթ չպատմել, այլապես գլխուղեղի կեղևում առաջանում են քունը խանգարող գրգռված օջախներ:
Քնի բոլոր խանգարումների, գիշերային վախի և անքնության դեպքերում պետք է դիմել բժշկի:
Խնամք: Երեխայի սենյակը պետք է լուսավոր լինի, մշտապես օդափոխվի (օդի ջերաստիճանը՝ 20° C): Երեխային շրջապատող բոլոր իրերն ու առարկաներն անհրաժեշտ է մաքուր ու կարգին պահել, սենյակը կանոնավոր մաքրել խոնավ շորով: Փոքրիկը պետք է ունենա առանձին մահճակալ:
Երեխային վաղ մանկ. տարիքից անհրաժեշտ է սովորեցնել ինքնուրույն լվացվել, ձեռքերը լվանալ: Արդեն 1,5 տարեկանից կարելի է սովորեցնել բերանը ողողել, 3 տարեկանից՝ ատամները մաքրել: 1-2 տարեկանում երեխան պետք է լվացվի սենյակային ջերմաստիճանի ջրով, այնուհետև կարելի է հոսող ջրով: Օճառը, սրբիչն ու ատամի խոզանակը դնել փոքրիկին հասանելի տեղում: Անհրաժեշտ է հետևել, որպեսզի երեխան ճիշտ օգտվի հարդարանքի պարագաներից: Ձեռքերի մատների եղունգները պետք է շատ խորը չկտրել, կլորացնել՝ չթողնելով սուր ծայրեր, ոտքերինը կտրել ուղիղ և հարթ, որպեսզի դրանք մաշկի մեջ չներաճեն:
Մշտապես պետք է հետևել երեխայի կեցվածքին: Ցանկալի է, որ կահույքը համապատասխանի նրա հասակին: Պետք է հետևել, որ երեխայի մեջքը հենվի աթոռի թիկնակին, աչքերի ու սեղանի միջև հեռավորությունը լինի 30-35 սմ:
Լողացնել 36°C ջերմաստիճանի ջրով, տևողությունը 2 տարեկանում՝ 8-10 ր, այնուհետև՝ 10-20 ր: 1-3 տարեկանում լողացնել շաբաթը 2-3 անգամ: Երեխային պետք է լողացնել և նրա սպիտակեղենը լվանալ միայն մանկ. օճառով ու շամպունով: 2 տարեկանից երեխային կարելի է սովորեցնել ինքնուրույն հագնվել ու հանվել, ընդ որում՝ սկզբում օգնել և քաջալերել նրան, ուշադրությունը հրավիրել հագուստի մաքրությանը:
Ֆիզիկական դաստիարակություն: Ճիշտ ու տարիքին համապատասխան ընտրված վարժությունները նպաստում են ոչ միայն ներդաշնակ ֆիզ. և մտավոր զարգացմանը, այլև կանխարգելում են շատ հիվանդություններ: Ֆիզկուլտուրայով զբաղվելն օգնում է շարժող. ունակությունների հետագա ձևավորմանը և կատարելագործմանը, սիրտանոթային, շնչառ. օրգանների զարգացմանը:
Պարապմունքների ժամանակ պետք է հետևել, որ երեխան հասկանա իրեն ուղղված բառը (դա նպաստում է խոսքի զարգացմանը), ճիշտ կատարի բոլոր շարժումները և շունչը չպահի: Ցանկալի է պարապմունքներն անցկացնել առավոտյան ժամերին՝ ուտելուց 1-1,5 ժ հետո: Պետք է ցուցաբերել անհատ. մոտեցում՝ նկատի ունենալով նրա շարժող. ունակությունները, հոգ տանել, որ գերհոգնածություն չառաջանա: 1-2 տարեկան երեխաների համար պարապմունքների տևողությունը պետք է լինի 5-10 ր, 2-3 տարեկանների համար՝ 10-15 ր, վարժությունների քանակը՝ մինչև 8-10: Պարապմունքների ժամանակ ներառում են նաև դադարներ (շնչառ. վարժություններ, հանգիստ քայլք): Յուրաքանչյուր վարժություն պետք է կրկնել միջինը 2-4-ից մինչև 6-8 անգամ:
Կոփումը երեխայի մոտ շրջակա միջավայրի անբարենպաստ ազդեցություններին հարմարվելու ունակության կանոնավոր, բայց աստիճան. և զգույշ մշակումն է: Կոփման շնորհիվ օրգանիզմը դառնում է քիչ զգայուն վնասակար ազդեցությունների, հատկապես գերտաքացման կամ գերսառեցման նկատմամբ: Բարձրանում է դիմադրողականությունը վարակիչ հիվանդությունների հանդեպ, իսկ երբեմն նպաստում դրանց ավելի թեթև ընթացքին: Կոփումը կարևոր է նաև կամային որակների ձևավորման համար: Արևի ճառագայթները, ջուրը, մաքուր օդը կոփման հիմն. գործոններն են: Կոփումը պետք է համապատասխանի երեխայի տարիքին, անցկացվի կանոնավոր:
Կոփումը սկսելիս (նաև ընթացքում) պետք է խորհրդակցել բժշկի հետ:
Կոփումը օդով, երեխայի սենյակի մշտ. և լավ օդափոխումն է: Նույնիսկ ցուրտ եղանակներին սենյակը պետք է օդափոխել օրը 3 անգամ, իսկ ամռանը՝ պատուհանը կամ օդանցքը մշտապես