Հորմոնները, անցնելով արյան մեջ, տարածվում են ամբողջ օրգանիզմով և ներգործելով տարբեր հյուսվածքների ու օրգանների վրա՝ համաժամացնում և համաձայնեցնում են դրանց բազմաթիվ ֆունկցիաները: Ի տարբերություն նյարդային ազդակների՝ հորմոններն ունենում են երկարատև ազդեցություն: Դրանց մեծ մասն արյան մեջ կապվում է հատուկ սպիտակուց-կրողների հետ և ժամանակավորապես դառնում կենսաբանորեն ոչ ակտիվ: Անհրաժեշտության դեպքում հորմոններն ազատվում են սպիտակուցից, նորից ակտիվանում և առանձնահատուկ ազդեցություն ունենում օրգանների վրա: Հորմոններն ունեն կենսբ. ազդեցության լայն ընդգրկույթ. բջիջների բաժանումը, օրգանների և հյուսվածքների վերականգնումը, նյութափոխանակությունը, պաշտպան. հակազդեցությունները, աճումը, հոգեկան ու ֆիզ. ներդաշնակ զարգացումը պայմանավորված են նրանց ազդեցությամբ: Միայն Ն. հ-ի կանոնավոր զարգացման դեպքում կարող է իրականացվել ժառանգ. ինֆորմացիան: Ն.հ. սկսում է գործել ներարգանդային զարգացման 2,5-3 ամսից և հետագայում իր ազդեցությունն է ունենում ամբողջ կյանքի ընթացքում: Հորմոնների (օրինակ՝ վահանագեղձի) անբավարարությունը կարող է խանգարել երեխայի բնականոն ֆիզ. և մտավոր զարգացումը:
Ն. հ-ի ցանկացած գեղձի ֆունկցիայի խանգարումն ուղեկցվում է հորմոնների արտադրման ավելացմամբ կամ նվազմամբ և հանգեցնում է օրգանիզմի խոր փոփոխությունների:
Հորմոններն օգտագործվում են օրգանիզմի գործունեության տարբեր խանգարումների բուժման համար: Սակայն առանց հսկողության կիրառումը վտանգավոր է: Չի կարելի հորմոնային պատրաստուկներն ընդունել առանց բժշկի նշանակման և բուժման արդյունքների խիստ վերահսկողության:
Ներզատիչ գեղձերի մեջ առանձնահատուկ նշանակություն ունեն ենթատեսաթումբը և ստորին մակուղեղը, որոնք ներգործում են մյուս գեղձերի գործունեության վրա:
Ենթատեսաթումբ (հիպոթալամուս), գլխուղեղի մասն է կազմում, սերտ կապված է ստորին մակուղեղի հետ, արտադրում է հորմոնային ակտիվ նյութեր՝ ռիլիզինգ-հորմոններ (անգլ. «ռիլիզ» անջատում եմ), որոնք ունեն համեմատաբար պարզ քիմ. կազմություն և ազդում են ստորին մակուղեղի վրա՝ հսկելով վերջինիս կողմից ավելի բարդ հորմոնների արտազատումը: Ակտիվացնող հորմոնների ավելցուկային արտադրությունը խթանում է վահանագեղձի, սեռ. գեղձերի ֆունկցիաները: Դա հնարավորություն է տվել ռիլիզինգ-հորմոնները կիրառել մի շարք ներզատիչ հիվանդությունների ախտորոշման համար: Ենթատեսաթումբն արտադրում է նաև արգելակիչ հորմոններ, որոնք ընկճում են ստորին մակուղեղի գործունեությունը: Ենթատեսաթմբի հորմոնները մշակվում են նյարդային բջիջների կողմից, որոնք խմբված են հատուկ կույտերում (կորիզներում) և ստորին մակուղեղի հետ կապված են արյունատար անոթների ու նյարդերի ցանցով: Այդ կորիզներն արտադրում են վազոպրեսին և օքսիտոցին հորմոններ, որոնք մասնակցում են ջրաաղային փոխանակության և անոթների լարվածության (տոնուս) պահպանման գործընթացներին: Վազոպրեսին արտադրող կորիզների ախտահարման դեպքում առաջանում է անշաքար շատամիզութւուն, որը դրսևորվում է անհագ ծարավի զգացումով, ուժեղ միզազատությամբ (օրական 10-12 լ):
Ստորին մակուղեղ (հիպոֆիզ), գլխուղեղի ստորին հավելում, Ն. հ-ի կենտր. գեղձն է, գտնվում է գանգի խոռոչի հատակում՝ թուրքական թամբի փոսում: Բաղկացած է առաջային՝ գեղձային (ադենոհիպոֆիզ), միջին (միջանկյալ) և հետին՝ նյարդային (նյարդահիպոֆիզ) բլթերից:
Առաջային բիլթը կազմում է ամբողջ գեղձի մոտ 70 %-ը և բաղկացած է ամուր գեղձային հյուսվածքից ու արյունատար անոթների լայն ցանցից: Բիլթն արտադրում է 9 հորմոն, որոնցից աճման հորմոնը և պրոլակտինը (կաթնածին) անմիջապես ազդում են հյուսվածքների կենսաքիմ. գործընթացների վրա: Իսկ մնացածները ներգործում են Ն. հ-ի մյուս գեղձերի միջոցով և կոչվում են խթանող (տրոպային) հորմոններ: Դրանցից են ադրենակեղևահակ (ադրենոկորտիկոտրոպ) հորմոնը, որը խթանում է մակերիկամների կեղևային շերտի գործունեությունը, թիրեոտրոպինն ազդում է վահանագեղձի, գոնադոտրոպային հորմոնները՝ սեռ. գեղձերի գործունեության վրա:
Միջանկյալ բիլթն արտադրում է ինտերմեդին (մելանոֆոր) հորմոնը, որը մասնակցում է մաշկի և աչքի ցանցաթաղանթի գունակավորման կարգավորմանը:
Հետին բիլթը չի պարունակում գեղձային հյուսվածք և կազմությամբ նման է նյարդային հյուսվածքին (նյարդահիպոֆիզ): Այն հորմոններ չի արտադրում, այլ յուրահատուկ զետեղարան է, որտեղ կուտակվում են վազոպրեսինը և օքսիտոցինը, որոնք գոյանում են ենթատեսաթմբի կորիզներում, ապա թափանցում ստորին մակուղեղի հետին բիլթ:
Ստորին մակուղեղի հորմոններն ունեն սպիտակուցային ծագում, պարզվել է դրանց քիմ. կառուցվածքը, շատերը սինթեզվել են: Լայնորեն կիրառվում են ներզատիչ և մի շարք այլ հիվանդությունների բուժման համար:
Ստորին մակուղեղի հորմոնների արտադրության խանգարումներն առաջացնում են տարբեր խախտումներ, որոնց բնույթը կախված է ախտահարման աստիճանից, ձևից ու, դրանց հետ կապված, հորմոնների ավելցուկից կամ անբավարարությունից:
Ավելի հաճախ խանգարվում է մի քանի հորմոնների, հազվադեպ մեկի կամ երկուսի արտադրությունը: Աճման հորմոնի ավելցուկային արտադրությունը հանգեցնում է 2 հիվանդության առաջացման, որոնք բնորոշվում են աճման գործընթացների արագացմամբ: Եթե նշված հորմոնի ավելցուկը լինում է երիտասարդ տարիքում, ապա նկատվում է հասակի համաչափ մեծացում, և առաջանում է հսկայություն (գիգանտիզմ): Հիվանդների հասակը, որպես կանոն, գերազանցում է