Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տվյալ տարիքին և սեռին բնորոշ բնականոն չափը (հասնում է 2 մ և ավելի): Բայց դրանից մարդը չի ուժեղանում, այլ հիվանդությունն առաջադիմելիս նկատվում է թուլություն, արագ հոգնելիություն, կորացածություն, երբեմն խանգարվում է տեսողությունը: Եթե աճման հորմոնի ավելցուկային արտադրությունը լինում է 20-25-ից բարձր տարիքում, ապա առաջանում է ակրոմեգալիա: Նշված 2 հիվանդությունների առաջացման պատճառ կարող են լինել տարբեր վարակները: Երբեմն աճման հորմոնի ավելցուկային արտադրությունը կապված է լինում ստորին մակուղեղի ուռուցքի հետ:

Աճման հորմոնի արտադրության անբավարարության դեպքում նկատվում է աճման կտրուկ կասեցում, և առաջանում է ստորին մակուղեղային գաճաճություն կամ թզուկություն (նանիզմ): Հիվանդների մարմնի կազմությունը մնում է համաչափ, բայց հասակը 10-15 սմ-ով և ավելի ցածր է մնում: Բացի այդ, կասեցվում է սեռ. զարգացումը, բացակայում են 2-րդային սեռ. հատկանիշները: Սովորաբար գաճաճությունն ի հայտ է գալիս 2-5 տարեկանից, ուստի երեխաների հասակի հետ մնալն այդ տարիքում պետք է գրավի ծնողների ուշադրությունը:

Հասուն մարդկանց ստորին մակուղեղի ֆունկցիայի անբավարարությունը կարող է կապված լինել ենթատեսաթմբային հատվածի բորբոքային գործընթացների և վնասվածքի, երբեմն՝ ստորին մակուղեղի ուռուցքի հետ, իսկ կանանց մոտ կարող է առաջանալ արգանդային առատ արյունահոսությամբ ուղեկցվող ծննդաբերությունից կամ վիժումից հետո: Արտահայտվում է թուլությամբ, մարմնի քաշի անկումով, զարկերակային ճնշման իջեցումով, սակավարյունությամբ, ինչպես նաև ներզատ. խանգարումներով (դաշտանի բացակայություն, սեռ. հակման նվազում ևն): Կանխարգելման համար ծննդաբերության և վիժումների ժամանակ պետք է կանխել արյունահոսությունը:

Ստորին մակուղեղի գործունեության խանգարման ախտանշաններն ի հայտ գալիս պետք է դիմել բժշկի, քանի որ վաղ սկսած բուժումն ավելի արդյունավետ է: Հորմոնների անբավարար արտադրության դեպքում կատարվում է փոխարինող. բուժում՝ հիպոֆիզի կամ Ն.հ-ի մյուս գեղձերի պատրաստուկներով, իսկ ավելցուկային առաջացման ժամանակ երբեմն կիրառվում է ուռուցքի վիրահատ. բուժում կամ ճառագայթաբուժություն, ինչպես նաև համապատասխան դեղանյութեր:

Վերին մակուղեղը (կոնաձև գեղձ) կամ էպիֆիզը գտնվում է գլխուղեղի կիսագնդերի խորքում՝ քառաբլուրների միջև եղած ակոսում: Ոչ մեծ, կարմրամոխրագույն, կոնաձև, (այստեղից՝ անունը) գեղձ է: Երկար ժամանակ ֆունկցիան պարզված չէր: Հին դարերում այն անվանում էին «մարդու հոգու կենտրոն», ավելի ուշ շատ գիտնական-բժիշկներ համարում էին, որ օրգանիզմի կենսագործունեության համար այն ոչ մի նշանակություն չունի: Սակայն վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ վերին մակուղեղն ունի բացառիկ նշանակություն օրգանիզմի մի շարք կարևոր ֆունկցիաների ղեկավարման գործում:

Վերին մակուղեղից անջատել են հորմոնային ակտիվ նյութեր, որոնք մասնակցում են մյուս ներզատիչ գեղձերի գործունեության կարգավորմանը: Ենթադրվում է, որ վերին մակուղեղը կատարում է յուրահատուկ կենսբ. ժամացույցի դեր՝ կարգավորելով օրգանիզմի օրական և սեզոնային ակտիվությունը: Ազդում է մի շարք համակարգերի աշխատանքի ռիթմիկության, այդ թվում՝ սեռ. ցիկլի վրա: Կան տվյալներ այն մասին, որ վերին մակուղեղի գործունեության ընկճումը երեխաների մոտ հանգեցնում է վաղաժամ սեռ. զարգացման, առնանդամի չափերի մեծացման, աճման կասեցման:

Վահանագեղձը տեղադրված է պարանոցի առաջային շրջանում, շնչափողի առջևում և կոկորդի կողմնային պատերին, հպվում է վահանաճառին (այստեղից՝ անվանումը): Հայտնի է շատ հին ժամանակներից: Կենտ օրգան է՝ բաղկացած աջ և ձախ բլթերից, որոնք միացած են նեղուցով: Արտաքուստ նման է բացված թևերով թիթեռի: Հասուն մարդու վահանագեղձը կշռում է 25-30 գ, տարիքի հետ փոքրանում է: Այն շրջաններում, որտեղ հողում, ջրում, հետևաբար և սննդանյութերում յոդի քանակն անբավարար է, գեղձը կարող է զգալիորեն մեծանալ: Վահանագեղձն արտադրում է 2 հիմն. հորմոն՝ թիրօքսին և եռայոդթիրոնին, որոնք արտադրվում են անմիջապես արյան մեջ: Դրանց առաջացման համար անհրաժեշտ են թիրոզին ամինաթթու և յոդ: Գեղձն արտադրում է նաև կալցիտոնին հորմոնը, որն օրգանիզմում կարգավորում է կալցիումի փոխանակությունը:

Վահանագեղձի հորմոնների արտադրությունը կախված է տարբեր գործոններից և 1-ին հերթին Ն. հ-ի մյուս գեղձերի (ստորին մակուղեղի առաջային բիլթ, մակերիկամներ, սեռ. գեղձեր) գործունեությունից ու սննդի հետ յոդի ստացումից: Այդ հորմոնների արտադրման վրա ազդում են շրջակա միջավայրի ջերմաստիճանը, հուզ. և ֆիզ. տարբեր գրգռիչներ: Ապացուցվել է, որ ստորին մակուղեղի առաջային բլթի հեռացման կամ ախտահարման դեպքում, որն ուղեկցվում է թիրեոտրոպ հորմոնի անբավարարությամբ, վահանագեղձի չափերը փոքրանում են, իսկ հորմոնների արտադրությունը կտրուկ նվազում է: Բայց թիրեոտրոպ հորմոնի ներարկումը մեծացնում է գեղձի կշիռը և թիրօքսինի ու եռայոդթիրոնինի արտադրությունն արյան մեջ: Վանանագեղձի մի մասը հեռացնելիս մակուղեղի առաջային բլթի ակտիվությունը մեծանում է, թիրեոտրոպ հորմոնի արտադրությունը՝ ավելանում: Վահանագեղձի ֆունկցիան կարգավորվում է նաև ենթատեսաթմբի միջոցով՝ թիրեոլիբերին առանձնահատուկ հորմոնի օգնությամբ, որը հսկում է ստորին մակուղեղի թիրեոտրոպ հորմոնի արտադրությունը:

Վահանագեղձի հորմոնները բազմակողմանի ազդեցություն ունեն օրգանիզմի վրա: Դրանք կարգավորում են հյուսվածքների և օրգանների հասունացումը՝ պայմանավորելով նրանց ֆունկցիոնալ ակտիվությունը, աճումը և նյութափոխանակությունը: Այդ հորմոնների բացակայությունը, անբավարարությունը, ինչպես նաև ավելցուկը հանգեցնում են տարբեր հիվանդությունների առաջացման: Վահանագեղձի թերֆունկցիայի դեպքում առաջանում է թերթիրեոզ՝ հիպոթիրեոզ: Հիվանդի օրգանիզմում դանդաղում է նյութափոխանակությունը, որի հետևանքով խանգարումներ են առաջանում շատ օրգաններում և հյուսվածքներում: Հիվանդությունն առաջանում է դանդաղորեն, և հիվանդները հաճախ երկար ժամանակ չեն դիմում բժշկի: Նկատվում են թուլություն, արագ հոգնելիություն, քնկոտություն, հիշողության վատացում, անտարբերություն, աչքերի շուրջը՝ այտուց, սարսուռի զգացում: Ծանր դեպքերում այտուցները տարածվում են ամբողջ մարմնով, և այդ վիճակը կոչվում է լորձայտուց՝ միքսեդեմա:

Վահանագեղձի ֆունկցիայի անբավարարությունը կամ գեղձի բացակայությունը կարող է լինել բնածին, ընդ որում՝ պտղի մոտ լինում են նյութափոխանակության տարբեր խանգարումներ, և երեխան ծնվում է գլխուղեղի խիստ արտահայտված փոփոխություններով: Դա հիպոթիրեոզի ամենածանր ձևն է և կոչվում է կրետինիզմ: Հիվանդներն ունենում են բնորոշ արտաքին տեսք, ցածր հասակ, կարճ պարանոց, չոր, դեղնավուն երանգով մաշկ, բեկուն մազեր ու եղունգներ, դեմքի բութ արտահայտություն, բերանը կիսաբաց է, լեզուն՝ այտուցված, չի տեղավորվում