Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բերանում՝ խանգարելով խոսքին: Հաճախ նկատվում է խուլհամրություն:

Հիպոթիրեոզը հանդիպում է հատկապես այն վայրերում, որտեղ բնական պայմաններում լինում է յոդի անբավարարություն (պոդզոլային, գորշ և այլ հողեր): Վերջինիս հետ է կապված նաև տեղաճարակային խպիպը: Էնդեմիկ (տեղային) շրջաններ կան աշխարհի բոլոր երկրներում: Յոդի անբավարարության հետևանքով վահանագեղձը մեծանում է, որպեսզի օրգանիզմն ապահովի հորմոնների բավարար քանակությամբ (պաշտպան. հակազդեցություն):

Էնդեմիկ շրջաններում հանդիպում են խպիպի տարբեր ձևեր: Վահանագեղձի հավասարաչափ մեծացման դեպքում առաջանում է տարածուն խպիպ, անհավասար մեծացման ժամանակ (մեծանում են գեղձի առանձին հատվածները)՝ հանգուցային խպիպ: Որպես կանոն՝ գեղձի ֆունկցիան այդ դեպքում չի խանգարվում, բայց երբեմն կարող է լինել ուժեղացած կամ թուլացած: Վահանագեղձը խիստ մեծանալիս նկատվում է պարանոցի ձևախախտում, որի հետևանքով արյան անոթներն ու նյարդերը կարող են ճնշվել: Այդ դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Խպիպի առաջացումը կանխելու համար կատարվում է կերակրի աղի յոդացում (1000 կգ աղին՝ 25 գ կալիումի յոդիդի հաշվով): Աղը պահում են տուփերով, չոր և մութ տեղում՝ հերմետիկ փակած ապակե կամ փայտե տարողությունում: Այլ պայմաններում, հատկապես խոնավ տեղում, կալիումի յոդիդը կորցնում է իր ակտիվությունը: Կատարվում է նաև յոդային կանխարգելում անտիստրումինի հաբերով, որը բժիշկն անհրաժեշտության դեպքում նշանակում է երեխաներին, հղի և կերակրող կանանց: Կանխարգելիչ և սոցիալտնտ. միջոցառումների շնորհիվ տեղաճարակային խպիպը գրեթե վերացել է:

Վահանագեղձի հորմոնների ավելցուկային արտադրությունն առաջացնում է հիպերթիրեոզ (տես Խպիպ տարածուն թունավոր): Օրգանիզմում ի հայտ են գալիս փոփոխություններ, որոնք կապված են նյութափոխանակության խանգարումների հետ (տես Նյութերի և էներգիայի փոխանակություն): Հիմն. փոխանակությունն էներգիայի նվազագույն ծախսն է ժամանակի միավորի ընթացքում, որը բավական է կյանքը պահպանելու համար: Այն դիտվում է որպես ընդհանուր նյութափոխանակության մի մաս, իսկ վահանագեղձի հորմոնը՝ թիրօքսինը, դրա առավել կարևոր կարգավորիչներից է: Վահանագեղձի հորմոնների ուժեղ արտազատումը, որը դիտվում է տարածուն թունավոր խպիպի ժամանակ, ուղեկցվում է հիմն. փոխանակության ուժեղացմամբ, օրգանիզմի կողմից թթվածնի ավելի ուժգին օգտագործմամբ և ջերմության անջատմամբ: Արդյունքում մեծանում է անոթազարկի հաճախությունը, լայնանում են մաշկի անոթները, ուժեղանում է քրտնարտադրությունը, բարձրանում նյարդային համակարգի դրդելիությունը:

Հարվահանագեղձերը գտնվում են վահանագեղձի կողմնային բլթերի հետևում: Սովորաբար՝ 4 (2 վերին և 2 ստորին), երբեմն 2-12 հատ են: Ոչ մեծ (25-50 գ), գնդաձև կամ ձվաձև գոյացություններ են: Արտադրում են պարաթիրեոիդին հորմոնը (պարաթ-հորմոն), որը կարգավորում է օրգանիզմի կալցիումի և ֆոսֆորի փոխանակությունը:

Շատ ֆիզիոլոգ. գործընթացներ (նյարդային ազդակների հաղորդում, արյան մակարդելիություն, ոսկրային հյուսվածքի առաջացում, մկանների կծկում, ձվաբջջի բեղմնավորում ևն) իրականացվում են միայն օրգանիզմում կալցիումի բնականոն փոխանակության դեպքում: Կալցիումը հիմնականում գտնվում է կմախքի ոսկրերում, և նրա պարունակությունն այնտեղ փոփոխական է: Օրգանիզմում կալցիումի փոխանակությունը տեղի է ունենում մշտապես, իսկ նրա իոնները ոսկրերից անցնում են արյան և մյուս հյուսվածքների մեջ, և հակառակը: Օրգանիզմը կալցիումն ստանում է սննդի հետ. այն առանձնապես շատ են պարունակում բուս. մթերքները:

Հարվահանագեղձերի ախտահարումը կարող է պայմանավորված լինել ուռուցքային կամ բորբոքային գործընթացներով: Ուռուցքի դեպքում առաջանում է գեղձի գերֆունկցիա՝ հիպերպարաթիրեոզ, որը կապված է պարաթ-հորմոնի ավելցուկային արտադրության հետ, կմախքի ոսկրերը կակղում են, դառնում փխրուն և աննշան հարվածից կոտրվում են: Մեզի հետ կալցիումի ավելցուկային արտազատումը նպաստում է երիկամներում քարերի առաջացմանը (տես Միզաքարային հիվանդություն):

Պարաթ-հորմոնի անբավարարությունը (հիպոպարաթիրեոզ)՝ թերֆունկցիան, կարող է կապված լինել հարվահանագեղձերի բորբոքման կամ վիրահատության միջոցով դրանց հեռացման հետ: Հիվանդների արյան մեջ կալցիումի պարունակությունը նվազում է, նկատվում են մկանների ջղաձգային կծկումներ (տետանիա): Բուժման համար պետք է ընդունել կալցիում պարունակող կամ հարվահանագեղձի պատրաստուկներ:

Ենթաստամոքսային գեղձը գտնվում է որովայնի խոռոչի հետին պատի վրա՝ միջաձիգ ուղղությամբ, 12-մատնյա աղիքի մոտ, որի հետ կապված է հատուկ ծորանով (տես Մարսողական համակարգ): Խառը (ներզատիչ և արտազատիչ ֆունկցիայով) գեղձ է: Արտազատիչ բաժինն արտադրում է պանկրեատին հյութը (հարուստ է տրիպսին, ամիլազ, լիպազ ֆերմենտներով), որը հատուկ ծորանով թափվում է 12-մատնյա աղիքի մեջ: Ենթաստամոքսային գեղձն ունի բջիջների ոչ մեծ կուտակումներ՝ Լանգերհանսի կղզյակներ, որոնք տեղադրված են անհավասար, ավելի շատ են գեղձի պոչային մասում: Յուրաքանչյուր կղզյակ ունի հարուստ անոթային և նյարդային ցանց: Կղզյակներն արտադրում են ինսուլին հորմոնը, որն օրգանիզմում կարգավորում է նյութափոխանակության գործընթացները: Ինսուլինի անբավարարությունը հանգեցնում է շաքարախտի առաջացման, իսկ ավելցուկը՝ թերշաքարարյունային համախտանիշի, որի դեպքում կտրուկ նվազում է արյան շաքարի պարունակությունը:

Մակերիկամները զույգ գեղձեր են՝ տեղադրված երիկամների վերին բևեռներում: Կազմված են կեղևից և միջուկային նյութից: Կեղևն արտադրում է շուրջ 50 տարբեր հորմոններ՝ կորտիկոստերոիդներ, որոնցից 8-ն ունենում են արտահայտված կենսբ. ազդեցություն: Գործն. բժշկության մեջ լայն ճանաչում են ստացել կորտիզոնը, հիդրոկորտիզոնը, դեզօքսիկորտիկոստերոնը: Նշված կորտիկոստերոիդներն ակտիվորեն ազդում են օրգանիզմի նյութափոխանակության վրա, իսկ ամենակարևորը՝ դրանց օգնությամբ օրգանիզմը հարմարվում է շրջակա միջավայրի անընդհատ փոփոխվող պայմաններին, այսինքն՝ հորմոնները մասնակցում են հարմարվող. հակազդեցություններում:

Կորտիկոստերոիդների ավելցուկային արտազատումը, որը դիտվում է կեղևային շերտի ուռուցքների կամ մակերիկամի չափերի մեծացման (գերաճման) դեպքերում՝ կապված հիպոֆիզի գերֆունկցիայի հետ, երբեմն հանգեցնում է հիպերկորտիցիզմի առաջացման (արյան մեջ կորտիկոստերոիդների ավելցուկային պարունակությամբ պայմանավորված համախտանիշների խմբի ընդհանուր անվանումը), նկատվում են իրանի ճարպակալում, դեմքի ձևափոխություն, թարախային ցանավորում, զարկերակային ճնշման բարձրացում, ոսկրերի դյուրաբեկություն, ածխաջրերի փոխանակության խանգարումներ, կանանց դաշտանի դադարում, տղամարդկանց սեռ. հակման նվազում:

Մակերիկամների կեղևի հորմոնների անբավարար արտազատման դեպքում առաջանում