է ադիսոնյան հիվանդություն: Հիվանդները նիհարում են, ի հայտ է գալիս մաշկի բրոնզային գունավորում, նկատվում են զարկերակային ճնշման իջեցում, ստամոքսաղիքային համակարգի, ջրաաղային փոխանակության խանգարումներ: Խախտվում են հարմարվող. և պաշտպան. հակազդեցությունները, և օրգանիզմը ենթակա է դառնում վարակիչ հիվանդությունների:
Մակերիկամների միջուկային նյութն արտադրում է ադրենալին և նորադրենալին հորմոնները, որոնք, ազդելով նյարդային վերջույթների վրա, կարգավորում են սիրտանոթային համակարգի ֆունկցիան, ազդում են հիմնականում ածխաջրերի փոխանակության վրա, մասնակցում հարմարվող. հակազդեցություններին: Նշված հորմոնների ավելցուկային արտազատումը դիտվում է ուռուցքի (քրոմոֆինոմ) դեպքում: Բնորոշվում է զարկերակային ճնշման կտրուկ բարձրացման նոպաներով: Նշված ուռուցքները հազվադեպ են հանդիպում, բուժումը՝ վիրահատական:
Սեռական գեղձերից են տղամարդկանց սերմնագեղձերը՝ ամորձիները, և կանանց ձվարանները (տես Սեռական օրգաններ): Ամորձիներն արտադրում են արական սեռ. հորմոններ՝ այրածիններ (անդրոգեններ), որոնցից կարևոր նշանակություն ունի տեստոստերոնը: Այս հորմոններն ապահովում են տղամարդկանց 2-րդային սեռ. հատկանիշների զարգացումը (բեղերի, մորուքի աճ, սեռ. հակում): Տեստոստերոնի ավելցուկային արտադրման հետևանքով նկատվում է տղաների վաղաժամ սեռ. զարգացում: Արական սեռ. հորմոնների անբավարար արտադրությունը հանգեցնում է սեռ. հակման կորստի, նկատվում են թուլություն, անտարբերություն, ժամանակից շուտ ծերացում: Եթե կանանց օրգանիզմում սկսում են ուժգնորեն արտադրվել արական սեռ. հորմոններ (մակերիկամների կամ ձվարանների ախտահարումների հետևանքով), ապա ի հայտ են գալիս 2-րդային արական սեռ. հատկանիշներ, որը կոչվում է արականացում (մասկուլինացում):
Կանանց սեռ. գեղձերից ձվարաններն արտադրում են իգածիններ (էստրոգեններ) և այլ հորմոններ, որոնք ապահովում են իգական սեռ. օրգանների և 2-րդային սեռ. հատկանիշների զարգացումը, պայմանավորում են դաշտանի ցիկլայնությունը (տես Դաշտանային ցիկլ), հղիության բնականոն ընթացքը: Ձվարանների հորմոնների արտադրության խանգարման դեպքում դիտվում են սեռ. զարգացման շեղումներ, դաշտանային ցիկլի խանգարումներ, կարող են առաջանալ վիժումներ: Պատճառներից են ձվարանների բորբոքային գործընթացները, որոնց ժամանակին բուժումը կարևոր է հորմոնային խանգարումների կանխարգելման համար:
Ն. հ. օրգանիզմի կարևորագույն կարգավորիչ համակարգերից է: Տարբեր տարիքում, տարբեր եղանակներին և օրվա ժամերին գերիշխում են այս կամ այն հորմոնները: Ն. հ-ի միայն 1 գեղձի ֆունկցիայի խանգարումը փոփոխություններ է առաջացնում ամբողջ համակարգի գործունեության մեջ: Օրինակ՝ շաքարախտն առաջանում է ոչ միայն ինսուլինի անբավարարության, այլև մակերիկամների, վահանագեղձի և ստորին մակուղեղի հորմոնների ավելցուկի հետևանքով: Վահանագեղձի հորմոնների չափից ավելի արտադրությունն ընկճում է մակերիկամների և սեռ. գեղձերի հորմոնների արտադրությունը:
ՆԵՐՇՆՉՈՒՄ, բուժման նպատակով հիվանդի կամ հիվանդների խմբի վրա բժշկի հոգեկան ներգործության ձև: Հոգեբուժման (պսիխոթերապիա) ձևերից է՝ հոգեբան. մեթոդների կիրառմամբ: Հաջող Ն-ման պարտադիր պայման է հիվանդի բնավորության առանձնահատկությունները և նրա հիվանդության պատմությունն իմանալը: Մեծ նշանակություն ունեն Ն-ման հանդեպ հիվանդի պատրաստականությունը և տվյալ բժշկի հանդեպ դրական վերաբերմունքը:
Հիվանդների ներշնչելիությունը պայմանավորված է բարձրագույն նյարդային գործունեության առանձնահատկություններով: Բարձր ներշնչելիությունը բնորոշ է հուզականորեն անկայուն, շատ տպավորվող կամ թուլացած, գերհոգնած անձանց:
Տարբերում են ուղղակի, անմիջական խոսքային ազդեցությամբ Ն. և անուղղակի, որևէ դեղանյութի, բուժարարողության դրական ազդեցությամբ Ն.: Վերջինս շատ կարևոր է, քանի որ դեղանյութի ազդեցությունը որոշ չափով կախված է դրա հանդեպ հիվանդի վերաբերմունքից: Մյուս կողմից, երբ հիվանդը հետևում է գիտականորեն չհիմնավորված հանձնարարականների (օրինակ՝ «փախուստ ինֆարկտից»՝ տարբեր կեղծ գիտ. սննդակարգերով), կարող է ինքնազգացողության լավացման տպավորություն ստեղծել: Հիսթերիկ բնավորությամբ անձինք կարող են զգալ վիճակի թեթևացում նույնիսկ հմայախոսություններից, հեքիմական դեղերից, սնոտիապաշտ. ազդեցություններից ևն: Գործն. բժշկության մեջ լավ հայտնի է ինքնաներշնչումը, որը երբեմն կարող է հիվանդագին զգացողությունների (հատկապես՝ հիսթերիային նևրոզի ժամանակ) աղբյուր լինել: Ինքնաներշնչումը կարող է կիրառվել նաև բուժ. նպատակներով՝ լավ ինքնազգացողությունը, իրենց ուժերի հանդեպ հավատը պահպանելու համար:
Ն. կարելի է անցկացնել ինչպես արթուն, այնպես էլ հիպնոսային քնի ժամանակ: Հիպնոսը Ն-ման միջոցով առաջացած քունն է: Հիպնոսի վիճակ են առաջացնում բառերի և արտահայտությունների կրկնություններով, որոնցում բժիշկը վերարտադրում է քնի պատկերը (օրինակ՝ «ձեռքերում, ոտքերում և կոպերում առաջանում է ծանրության զգացում, ի հայտ է գալիս ընդհանուր թորշոմածություն, քնկոտություն, հանգիստ» ևն): Խոսքային Ն., որն արտաբերվում է միապաղաղ ձայնով, կարող է ուղեկցվել լսողության, տեսողության կամ հոտառության ռիթմիկ, թույլ, միատեսակ ֆիզ. գրգռումով (շոյանքներով, կապույտ լույսի թարթումներով, մետրոնոմով հավասարաչափ թխկթխկացնելով, անձրևի աղմուկը նմանակելով): Նման դեպքում հիպնոսվողի գլխուղեղի կեղևում առաջանում է մասնակի արգելակում, բայց մնում են առանձին ակտիվ արթնության շրջաններ, որոնցով իրականացվում է բժշկի կապը հիվանդի հետ: Ն. կիրառվում է ալկոհոլամոլության, նևրոզների, ներքին օրգանների նյարդային կարգավորման խանգարումներով պայմանավորված առանձին հիվանդությունների բուժման, ծխելու սովորությունից ազատվելու նպատակով:
ՆԵՐՇՆՉՈՒՄԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, հոգեծին (պսիխոգեն) հիվանդությունների տարատեսակ, որը բնորոշվում է կողմնակի ներշնչման կամ ինքնաներշնչման ազդեցությամբ՝ որևէ հիվանդության առկայության վերաբերյալ մարդու համոզվածությամբ:
Ն. հ. բնորոշ են անհանգիստ, կասկածամիտ, իրենց զգացողությունների հանդեպ ուշադիր, տպավորվող անձանց: Առավել հաճախ դրսևորվում են կպչուն վախերի (ֆոբիա) ձևով, որոնք սևեռուն վիճակների տարատեսակ են: Առիթը, որպես կանոն, հիվանդության մասին վառ տպավորությունն է (ծանր հիվանդի տեսքը հանկարծակի, ծանր, մահացու ելքով հիվանդության մասին պատմություն լսելը կամ ընթերցելը, բժշկի խոսքերը սխալ ըմբռնելը՝ յատրոգենիան, բժշկ. թեմայով հանրամատչելի գրականություն կարդալը), որն ուղեկցվում է տագնապի զգացողությամբ: Կարճ ժամանակ անց ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որոնք տվյալ անձի կարծիքով նման են