այն հիվանդությանը, որն ինքը նկատել է այլ մարդու մոտ կամ լսել դրա մասին: Հետազոտությամբ որևէ հիվանդություն չի հաստատվում, բայց եթե բժշկի բացատրությունները չեն համոզում մարդուն, և տագնապային սպասողական վիճակը, վախը պահպանվում են, նա սկսում է «ճշմարտությունն» իմանալու ջանքեր թափել: Փոխում է բժիշկներին, պահանջում մասնագետների խորհրդատվություն, կրկնակի հետազոտություններ, ստիպում իրեն վիրահատել, դիմում է ինքնաբուժման: Միաժամանակ կարդում է հատուկ բժշկ. գրականություն, և նրան թվում է, որ հիվանդության նկարագրությունը համապատասխանում է իր տառապանքին: Չբավականացնող ախտանշաններն ի հայտ են գալիս չգիտակցված ներշնչման կամ ինքնաներշնչման հետևանքով, զգացողությունները համակարգվում են և կանոնավորվում: Այդ շրջանում տառապողն իսկական հիվանդի տպավորություն է թողնում: Իրեն հասկանալու և կարեկցելու բացակայությունն իջեցնում է տրամադրությունը, խանգարում քունը և ախորժակը, ընդհանուր զգացողությունը: Աստիճանաբար դրությունն այնքան է վատանում, որ իրոք առաջանում են ենթադրյալ հիվանդ օրգանի ֆունկցիոնալ խանգարումներ:
Ն. հ. անպայման պետք է բուժի հոգեբույժը: Ն. հ-ով տառապողը պահանջում է շրջապատող մարդկանց հատուկ վերաբերմունքը: Եթե հիվանդության սկզբում դեռևս հնարավոր է փոխել ենթադրությունները, տարհամոզել և հանգստացնել նրան (հաճախ հիվանդի մերձավորներին հայտնի և հասկանալի է լինում վախի ու դրան հետևող «հիվանդության» միջև կապը), ապա ավելի ուշ, երբ տագնապալի կասկածներն իշխում են, «ճշմարտությունը» հաստատելու ջանքերն ակտիվանում են, տարհամոզումն այդ դեպքում անցանկալի հետևանքներ է ունենում: Հիվանդն այդ բոլորը գնահատում է որպես կարեկցանքի և սիրո բացակայություն, դառնում է դաժան, գրգռված, լացկան, մռայլ, ինքնամփոփ: Այդ ժամանակ հարազատները պետք է հիվանդի համար ստեղծեն հանգիստ պայմաններ և համոզեն դիմել հոգեբույժի՝ չվիրավորելով նրան իր հիվանդության անճշմարտացիության համար: Առիթը պետք է համարել գրգռվածությունը, անհանգստությունը, անքնությունը, աշխատունակության նվազումը ևն:
Ն․ հ-ով տառապողներին երբեք չպետք է դարձնել ծաղրի առարկա: Հարկավոր է իմանալ, որ այդպիսի հիվանդը տառապում է անկեղծորեն և կրկնակի՝ կարծեցյալ հիվանդություններից և մերձավորների կարեկցանքի ու օգնության բացակայությունից:
ՆԵՐՍՐՏԵՆՈՒ ԲՈՐԲՈՔՈՒՄ, էնդոկարդիտ, սրտի ներքին շերտի (էնդոկարդ) բորբոքում: Առավել հաճախ նկատվում է ռևմատիզմի, հազվադեպ՝ սիֆիլիսի, տուբերկուլոզի ժամանակ: Երբեմն Ն. բ. առաջանում է սրտամկանի ինֆարկտի և այլ հիվանդությունների ընթացքում:
Ն. բ., որպես կանոն, ընթանում է սրտի փականների ախտահարմամբ, որի հետևանքով կարող են առաջանալ դրանց կառուցվածքի և ֆունկցիայի կայուն փոփոխություններ, հաճախ՝ փականի փեղկերի քայքայում: Դրանք հանգեցնում են սրտի արատների առաջացման:
Ն. բ-ման դրսևորումները պայմանավորված են այն առաջացնող պատճառներով: Օրինակ՝ ներսրտենու ռևմատիկ բորբոքումը կարող է զուգակցվել ռևմատիզմի այլ ախտանշանների հետ: Այն ի հայտ է գալիս աստիճանաբար, առաջանում են ընդհանուր թուլություն, գերհոգնելիություն, ջերմաստիճանի թեթևակի բարձրացում, սրտի շրջանում՝ տհաճ զգացողություններ, սրտխփոց: Հաճախ Ն. բ-մանը նախորդում են վարակիչ հիվանդություններ (անգինա, նշագեղձերի բորբոքում ևն): Ն. բ. հաստատում է միայն բժիշկը: Բացի այդ, հաճախ պահանջվում են լաբորատոր և գործիքային հատուկ հետազոտություններ: Բուժումն իրականացվում է հիվանդանոցում: Մինչև բորբոքային գործընթացի լրիվ վերացումն անհրաժեշտ է պահպանել խիստ անկողնային ռեժիմ: Սնունդը պետք է լինի դյուրամարս՝ աղերի սահմանափակմամբ և վիտամիններով հարուստ: Բուժման ժամանակակից մեթոդները, բարձրարդյունավետ դեղանյութերի լայնորեն օգտագործումը հնարավորություն են տալիս հաջողությամբ բուժել Ն. բ.:
Կանխարգելումը, ռևմատիզմի, արյան վարակման և այլ հիվանդությունների առաջացմանը նպաստող գործոնների վերացում: Էական նշանակություն ունեն քրոնիկ. օջախային վարակների (նշագեղձերի բորբոքում, հայմորիտ), ատամների ոսկրափուտի ժամանակին բուժումը, օրգանիզմի դիմադրողականության բարձրացումը (տես Օրգանիզմի կոփում, Բուժական ֆիզկուլտուրա): Կանոնավոր բժշկ. հսկողությունը կանխում է Ն. բ-ման կրկնությունները (սրացումները): Տես նաև Սիրտանոթային համակարգ:
ՆԵՐՔԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, շնչառության, մարսողության օրգանների, սիրտանոթային համակարգի, երիկամների, արյան, շարակցական հյուսվածքի, ներզատիչ գեղձերի և նյութափոխանակության համակարգերի հիվանդություններ, որոնք բուժում է թերապևտը:
Ն. հ-ի ախտորոշման նպատակով ժամանակակից բժշկագիտությունը, հետազոտության ավանդ. մեթոդների (զննում, հարցուփորձ, շոշափում, ընդբախում, լսում) հետ մեկտեղ, կիրառում է ախտորոշման կենսաքիմ. և գործիքային բարդ մեթոդներ (օրինակ՝ ընդերադիտում): Ն. հ-ի բուժումը հիմնականում իրականացվում է պահպանող. մեթոդներով (դեղաբուժություն, սննդակարգ, բուժ. ֆիզկուլտուրա, առողջարանաառողջավայրային բուժում ևն):
«Ներքին հիվանդություններ» հասկացությունն օգտագործում են նաև ներքին օրգանների հիվանդությունների առաջացման պատճառներն ու մեխանիզմներն ուսումնասիրող, ախտորոշման, բուժման ու կանխարգելման մեթոդները մշակող կլինիկ. ճյուղի անվանման համար: Այս գիտակարգի պատմությունը համընկնում է բժշկագիտության պատմության հետ, քանի որ հազարամյակների ընթացքում միայն վիրաբուժությունն ու մանկաբարձությունն (տես Մանկաբարձություն և գինեկոլոգիա) են եղել բժշկագիտության առանձին ճյուղեր, իսկ մանկ., կանանց, նյարդահոգեկան և մյուս հիվանդությունները Ն. հ-ից առանձնացված չէին: «Բժշկության հայր» Հիպոկրատը, Հին Հռոմի խոշորագույն բժիշկ Գալենը, Արևելքի ականավոր մտածող Իբն Սինան և անցյալի մյուս խոշորագույն բժիշկները Ն. հ-ի կարևորագույն դպրոցների և ուղղությունների հիմնադիրներ են եղել: 19-րդ դ. ախտաբան. անատոմիայի (որով հաստատվել են օրգաններում առաջացող որոշակի հիվանդություններին բնորոշ ձևաբան. փոփոխությունները), ախտաբան. ֆիզիոլոգիայի (ուսումնասիրել է հիվանդագին գործընթացների ծագման ու ընթացքի օրինաչափությունները), բակտերիաբանության (բացահայտել է շատ հիվանդությունների հարուցիչներ) նվաճումները, հիվանդների հետազոտման մեթոդների (ընդբախում, լսում ևն) կատարելագործումը նախադրյալներ ստեղծեցին Ն. հ-ի՝ որպես բնագիտ. գիտակարգի, ձևավորման համար: Այդ գիտակարգի հետագա զարգացումը պայմանավորված է ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և տես. բժշկագիտության առաջընթացով: Հիվանդությունների բնույթի, դրանց ախտորոշման և բուժման մեթոդների վերաբերյալ գիտելիքների կուտակումը պայմանավորեց կլինիկ. բժշկագիտության տարբերակումը. 19-րդ դ. 2-րդ կեսից մինչև