առաջանում են ցնցումներ կամ առանձին մկանախմբերի (հաճախ՝ դեմքի) ջղաձգային կծկումներ: Գրգռվածութւունն արագորեն փոխարինվում է քնկոտությամբ, նորածինը դադարում է ճչալ, ծծում է թույլ կամ բոլորովին չի բռնում կուրծքը: Շնչառությունն անկանոն է, դանդաղ, մաշկը գունատ է, վերջույթները սառն են: Այդպիսի երեխայի համար անհրաժեշտ է ստեղծել հանգիստ պայմաններ: Նրան պետք է տաք փաթաթել և պառկեցնել մահճակալին՝ մարմնի վերին հատվածին թեթևակի բարձր դիրք տալով: Այնուհետև անցկացվում է համապատասխան բուժում: Երեխային կերակրում են մայրական կաթով՝ զոնդի կամ կաթոցիչի օգնությամբ:
Ներգանգային ծանր վնասվածքի ժամանակ հաջողությամբ կիրառում են գերճնշումային թթվածնաբուժություն (տես Ճնշաբուժություն):
Կանխարգելումն իրականացվում է կանանց կոնսուլտացիաներում՝ հղի կնոջ հսկողության ընթացքում, ինչպես նաև ծննդատանը՝ ծննդաբերության ժամանակ: Հղիության ուշ տոքսիկոզների (տես Հղիության տոքսիկոզներ) կամ ծանր հիվանդությունների ժամանակ անհրաժեշտ է մինչև ծննդաբերությունը կնոջը հոսպիտալացնել:
ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԿՐԾՔԱՑԱՎ, նորածինների կրծքագեղձի ուռածությունը՝ ծնվելուց հետո 1-ին օրերին: Առաջանում է մոր հորմոններն ընկերքով պտղի կամ կաթի միջոցով երեխայի օրգանիզմ ընկնելիս:
Ն.կ. բնորոշ է և՛ տղաներին, և՛ աղջիկներին: Նորածինների կրծքագեղձերը մեծանում են, պնդանում, երբեմն դառնում ցավոտ: Բորբոքման ախտանշանները (կարմրություն, ջերմաստիճանի բարձրացում) բացակայում են: Հաճախ գեղձից արտադրվում է խիժ հիշեցնող սպիտակ հեղուկ (տես Կրծքի կաթ): Գեղձի առավելագույն մեծացումը նկատվում է 1-ին շաբաթվա վերջին և 2-րդ շաբաթվա սկզբին ու դրսևորվում, այսպես կոչված, սեռ. կրիզով: Աղջիկների սեռ. ճեղքից կարող է լինել լորձային կամ արյունային արտադրություն, որը սովորաբար անցնում է 1-2 օր անց և հատուկ բուժման կարիք չի լինում:
Ն.կ. պահանջում է մանրակրկիտ խնամք, կրծքագեղձերը հարկավոր է լվանալ եռացրած գոլ ջրով՝ ավելացնելով կալիումի գերմանգանատ (հետևել, որ բոլոր բյուրեղները լուծվեն): Տղաների կրծքագեղձի ուռածության հետ միաժամանակ կարող է նկատվել նաև արտաքին սեռ. օրգանների այտուցվածություն: Սովորաբար, 2-3-րդ շաբաթից սկսած, գեղձերի ուռածությունը պակասում է և 1-ին ամսվա վերջին լրիվ անհետանում: Ոչ մի դեպքում չի կարելի կրծքագեղձը սեղմելով արտազատուկը դուրս բերել, որովհետև մանրէները կարող են ներթափանցել գեղձ և առաջացնել կաթնագեղձի բորբոքում: Այդ բարդությունն ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, գեղձի առավել մեծացմամբ, ցավոտությամբ, մաշկի կարմրությամբ: Ն. կ-ի ժամանակ անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի: Մինչև նրա գալը կարելի է կրծքագեղձը կապել տաքացնող չոր վիրակապով:
ՆՍՏԱՆՅԱՐԴԱԲՈՐԲ, տես Նյարդարմատաբորբ հոդվածում:
ՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒՆԵՐ, բարդ, բարձրամոլեկուլային միացություններ, պարունակվում են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում և ժառանգ. ինֆորմացիայի նյութ. կրողներն են: Ն. կարևոր նշանակություն ունեն ոչ միայն ինֆորմացիայի պահպանման, այլև այն սերունդներին փոխանցման և յուրաքանչյուր օրգանիզմի անհատ. զարգացման ընթացքում դրա իրականացման համար: Ն. հայտնաբերել է (1868) շվեյց. գիտնական Ֆ. Միշերը: Որոշ բջիջներ մշակելով մարսող. հյութի պեպսին ֆերմենտով՝ նա նկատեց, որ պեպսինը մարսում է բջջի ոչ ամբողջ պարունակությունը, և կորիզներում մնում է չքայքայված, ինչ-որ անհայտ նյութ, որը մյուսներից տարբերվում էր քիմ. կազմությամբ, դա անվանեց նուկլեին (լատ. նուկլեուս-կորիզ): Հետագայում հաստատվեց, որ նուկլեինը կազմված է սպիտակուցից և բարդ թթուներից՝ Ն-ից:
Միայն 20-րդ դ. 30-ական թթ. վերջերին հաստատվեց Ն-ի քիմ. կազմությունը, պարզվեց, որ դրանք 2 տեսակ են՝ դեզօքսիռիբոնուկլեինաթթուներ (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթուներ (ՌՆԹ), որոնք մտնում են բոլոր կենդանի բջիջների բաղադրության մեջ: Այնուհետև հայտնաբերվեց, որ բջիջների կորիզներում առկա են հատուկ կառուցվածքներ, որոնք մանրադիտակի տակ տեսանելի են բջիջների բաժանման ժամանակ դրանք անվանվեցին քրոմոսոմներ: Հետագայում ամեր. գիտնական Ջ. Ուոթսոնը և անգլ. գիտնական Ֆ. Քրիքը առաջարկեցին (1953) ԴՆԹ-ի կառուցվածքի մոդելը: Կրկնակի պարույրը և Ն-ի նշանակությունը ժառանգականության փոխանցման գործում պարզելուց հետո կարճ ժամանակում լիովին հաստատվեց ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի մոլեկուլների կազմությունը, ապացուցվեց, որ դրանցում են կենտրոնացված ժառանգականության նյութ. կառուցվածքները՝ գեները: Պարզվեց Ն-ից յուրաքանչյուրի նշանակությունը ժառանգ. հատկությունների փոխանցման և բջիջների ու օրգանիզմների կենսագործունեության կառավարման գործում, իրականացվեց ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի մոլեկուլների արհեստ. սինթեզը օրգանիզմի բջիջներից դուրս, այնուհետև մշակվեցին այդ մոլեկուլների առանձին մասերի՝ գեների արհեստ. սինթեզի մեթոդներ: Մշակվում են կենդանի բջիջների մեջ ԴՆԹ-ի օտարածին հատվածներ ներդնելու եղանակներ՝ ժառանգ. արատներն ուղղելու նպատակով (տես Գենետիկական ինժեներիա):
Ն-ի պատրաստուկներն օգտագործվում են արյունաստեղծման ծանր խանգարումների և մի շարք այլ հիվանդությունների բուժման համար: Պարզվել է, որ դրանք խթանում են ոսկրածուծի գործունեությունը, նպաստում ֆոսֆորի փոխանակության կանոնավորմանը:
ԴՆԹ-ի մոլեկուլի կառուցվածքի սխեմայական պատկերը. ԴՆԹ-ի պարույրը կազմված է 2 բազմանուկլեոտիդային շղթաներից, որոնք առաջացնում են «պտուտասանդուղք»: «Սանդուղքի» եզրերը կազմված են միմյանց հերթականորեն հաջորդող շաքարներից՝ դեզօքսիռիբոզներից (Դ) և ֆոսֆորաթթվի մնացորդներից (Ֆ): Ջրածնային կապերով միացած նուկլեոտիդների զույգերը տեղադրված են մոլեկուլի առանցքին ուղղահայաց և առաջացնում են այդ «պտուտասանդուղքի աստիճանները»: Յուրաքանչյուր զույգ առաջանում է կոմպլեմենտային հիմքերով, ադենինով (Ա) և թիմինով (Թ), գուանինով (Գ) և ցիտոզինով (Ց), որոնք միացած են ջրածնային կապերով, ընդ որում 1-ին զույգի հիմքերի միջև առաջանում են 2-ական ջրածնային կապեր, իսկ 2-րդ զույգի հիմքերի միջև՝ 3-ական այդպիսի կապեր (նշված են գծիկներով սխեմայի միջին մասում՝ ԱԹ և ԳՑ հիմքերի զույգերի միջև): Հիմքերի զույգերի միջև հեռավորությունը ԴՆԹ-ի մոլեկուլի երկարությամբ կազմում է 3,4 A° (1 անգստրեմը = 1010 մ = 0,1 Նմ): Կրկնակի պարույրի 1 լրիվ գալարին ընկնում է 10-ական զույգ, հետևաբար, գալարի չափը ԴՆԹ-ի մոլեկուլի երկարությամբ հավասար է 34 A°, իսկ մոլեկուլի տրամագիծը կազմում է 20-22 A°:
Ն. կենդանի օրգանիզմների բջիջների ամենամեծ մոլեկուլներն են: Դրանք մեծ մոլեկուլային զանգվածով գծային պոլիմերներ են: Բջիջներում Ն. բազմակի ոլորված (կամ պարուրված) են և համեմատաբար ոչ մեծ ծավալ են գրավում, բայց եթե մարդու 1 բջջի ԴՆԹ-ի մոլեկուլները դասավորեն երկարությամբ, ապա կստացվեն մի քանի