ուստի նրա բաղադրության փոփոխությունները կարող են առաջացնել Շ.հ-ի ֆունկցիայի խանգարումներ: Ածխի և նավթի այրման ընթացքում օդը հագենում է ածխածնի, ազոտի, ծծմբի օքսիդներով և վնասակար այլ խառնուրդներով: Մթն. օդի այսպիսի փոփոխությունները հիմնականում նկատվում են քաղաքներում, արդ. խոշոր կենտրոններում, ինչպես նաև դրանց հարակից տարածքներում: Անբարենպաստ մթն. ազդեցություններից են ջերմաստիճանի կտրուկ անկումները, օդի բարձր խոնավությունը, ուժեղ քամիները, որոնց հետ էլ մասամբ կապված է սուր շնչառական հիվանդությունների սեզոնայնությունը: Կենցաղային և արտադր. շինությունների վնասակար խառնուրդներ պարունակող օդը նույնպես անբարենպաստ է ազդում Շ.հ-ի վրա: Ծխողների բրոնխների և թոքերի քրոնիկ. բորբոքային և ուռուցքային հիվանդությունների առաջացմանը նպաստում է ծխախոտի ծուխը (տես Ծխելը), որը պարունակում է մեծ թվով թունավոր նյութեր:
Օրգանիզմի անհատ. առանձնահատկություններն առաջնահերթ նշանակություն ունեն ինչպես Շ.հ-ի հիվանդությունների առաջացման, այնպես էլ դրանց ընթացքի ու ելքի համար: Պաշտպան. ուժերի նվազմանը նպաստում են ոչ շարժուն ապրելակերպը, անբավարար կամ ավելցուկային սնուցումը, վիտամինային անբավարարությունը, երկարատև գերհոգնածությունը, քրոնիկ. թունավորումներն ու հիվանդությունները, ալկոհոլամոլությունը, քրոնիկ. վարակի օջախի առկայությունը (օրինակ՝ քթի հավելյալ ծոցերում քրոնիկ. վարակը կարող է տարածվել շնչուղիների ստորին բաժինները, ինչպես նաև օրգանիզմի ալերգ. վերակառուցման պատճառ դառնալ): Սուր շնչառ. հիվանդությունների ենթակա են հատկապես երեխաներն ու տարեցները:
Կրծքավանդակի տարածուն վնասվածքները, նրա ձևախախտումները նպաստում են թոքային օդափոխության նվազմանը և թոքերի քրոնիկ. հիվանդությունների առաջացմանը: Նույնը նկատվում է նաև շնչառ. մկանունքի ախտահարման կամ երկարատև անկողնային ռեժիմի ժամանակ: Շնչուղիների մեջ (հատկապես՝ երեխաների) օտար մարմիններ, փսխման զանգվածներ (ծանր հիվանդների, հարբածների մոտ) ընկնելիս կարող է առաջանալ բրոնխների խցանում (տես Օտար մարմիններ, կոկորդի, շնչափողի և բրոնխների), թոքերի օդալցման նվազում, որոնք բորբոքման համար նախադրյալներ են ստեղծում:
Քրոնիկ. ալկոհոլամոլությամբ (տես Ալկոհոլամոլություն քրոնիկական) տառապողների մեջ շատ են բրոնխների և թոքերի քրոնիկ. հիվանդները, որը վարակի հանդեպ օրգանիզմի անկայունության և գերսառեցման հետևանք է:
Շ.հ-ի ոչ վարակիչ հիվանդությունների շարքն են դասվում շնչած օդում պարունակվող փոշու և այլ վնասակար մասնիկների ազդեցությունից առաջացած հիվանդությունները (օրինակ՝ թոքերի փոշեգարություն, փոշային բրոնխաբորբեր), ինչպես նաև ալերգ. (բրոնխային հեղձուկ) և ուռուցքային (չարորակ ուռուցքներ) հիվանդությունները: Բացի այդ, թոքերում ֆունկցիոնալ և կառուցվածքային փոփոխություններ նկատվում են այլ օրգանների և համակարգերի մի շարք հիվանդությունների (սրտի արատներ, լեյկոզներ, կոլագենային հիվանդություններ ևն) ժամանակ:
Շ.հ-ի սուր հիվանդությունները սովորաբար ավարտվում են առողջացմամբ, բայց երբեմն կարող են ձգձգվող ընթացք ունենալ: Արտաքին շնչառության ֆունկցիայի խանգարումները, որոնք ուղեկցում են Շ.հ-ի ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ. հիվանդություններին, դրսևորվում են շնչառ. անբավարարությամբ, որն արտահայտվում է առավելապես թթվածնով արյան հագեցման և նրանից ածխաթթու գազի հեռացման գործընթացների խանգարմամբ:
Արտաքին շնչառության անբավարարությունն առաջանում է թոքային օդափոխության, թոքերում գազերի դիֆուզիայի խախտման, թոքերի տարբեր գոտիներում արյան շրջանառության և օդափոխության միջև անհամապատասխանության հետևանքով: Թոքային օդափոխության խանգարումներն առաջանում են շնչառության օրգանների տարբեր հիվանդությունների ժամանակ՝ բրոնխների անցանելիության խանգարման, թոքերի կենսական տարողության փոքրացման հետևանքով: Նման դեպքում խանգարվում է թոքաբշտիկային օդի և թոքերից հոսող զարկերակային արյան գազային բաղադրությունը: Թոքերի տարածուն քրոնիկ. բորբոքումները հանգեցնում են թոքային անոթների էական փոփոխությունների՝ գրանցում արյան ճնշման բարձրացմամբ (թոքային զարկերակային գերճնշում): Դա դժվարացնում է սրտի աջ բաժինների աշխատանքը, առաջացնում անբավարարություն և, այսպես կոչված, թոքային սիրտ: Սրտի աջ փորոքն ստիպված է լինում մշտապես աշխատել բեռնվածությամբ, որի հետևանքով ավելանում է նրա մկանային զանգվածը, փորոքը լայնանում է, որն էլ իր հերթին հանգեցնում է կծկողունակության նվազման և սրտային անբավարարության առաջացման. հևոցն ուժեղանում է, մաշկածածկույթները կապտում են, ոտքերը՝ այտուցվում: Այս վիճակը ծանրացնում է հիվանդության ընթացքը և պահանջում լրացուցիչ բուժ. միջոցառումներ: Շնչառ. անբավարարությունը կարող է լինել ոչ միայն թոքերի և սիրտանոթային համակարգի քրոնիկ. հիվանդության, այլև գլխուղեղի շնչառ. կենտրոնի ընկճման (թունավորումների ժամանակ), կրծքավանդակի տարածուն վնասվածքների, կրծքամզային խոռոչում մեծ քանակով հեղուկի կուտակման և այլ վիճակների հետևանք: Զարկերակային արյան թթվածնով հագեցումը կարող է նվազել նաև շնչած օդում թթվածնի պարունակությունը պակասելիս (օրինակ՝ բարձունքներ բարձրանալիս): Շնչառ. անբավարարության ախտանշաններ կարող են լինել հևոցը, մաշկածածկույթների (դեմքի և վերջույթների) կապտությունը, ֆիզ. լարվածության ժամանակ շնչառության ռիթմի և հաճախության արագացումը:
Բուժումն այդ դեպքում սովորաբար ուղղված է պատճառների վերացմանը: Բրոնխների անանցանելիության ժամանակ դրանք ազատում են կուտակված արտադրությունից, պնևմոթորաքսի ժամանակ արտածծում են կրծքամզային խոռոչում կուտակված օդը, շնչառ. կենտրոնի ընկճվածության դեպքում նշանակում են շնչառությունը գրգռող միջոցներ: Բրոնխների անցանելիությունը վերականգնելու կամ լավացնելու համար օգտագործում են բրոնխալայնիչ, հակաալերգ. և խորխաբեր դեղանյութեր:
Հևոցը թեթևացնելու համար առավել հարմար է գլուխը թեթևակի բարձրացրած կամ նստած վիճակը: Մահճակալի կամ աթոռի թիկնակին ձեռքով հենվելիս հեշտանում է շնչառ. մկանունքի աշխատանքը: Որոշ դեպքերում թոքերում գազափոխանակությունը լավացնելու համար, բժշկի նշանակմամբ, հիվանդին թթվածին են տալիս: Տանն այդ մեթոդը կարելի է կիրառել բուժաշխատողից մանրամասն հրահանգ ստանալուց հետո միայն: Շնչած օդը մասամբ խոնավացնում են՝ այն անցկացնելով տաք ջրով լցված անոթի կամ բերանը ծածկող թանզիֆե թաց անձեռոցիկի միջով:
Ժամանակակից բժշկությունն ունի շնչառ. անբավարարության դեմ պայքարի բավարար արդյունավետ միջոցներ: Օրինակ՝ շնչառ. ծանր անբավարարության ժամանակ օգտագործում են (հիվանդանոցային պայմաններում) թոքերի արհեստ. օդափոխության հատուկ սարքեր, որոնց միջոցով