Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/562

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդհանուր առողջացմանը և ամրապնդմանը նպաստող ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելը: Ֆունկցիոնալ սկոլիոզի առաջացումը կանխվում է ոտքի կարճությունը համակշռող հատուկ կոշիկ հագնելու, սարքավորումներ կրելու միջոցով:

Կիֆոզը լինում է աղեղնաձև (ողնաշարի այս կամ այն հատվածը համաչափ ծռվում է դեպի հետ) և անկյունաձև (ողնաշարը ծռվում է մի քանի ողների հատվածում):

Աղեղնաձև կիֆոզն առաջանում է հիմնականում ողնաշարի կրծքային հատվածում (այսպես կոչված՝ կոր մեջք), որի պատճառ կարող են լինել մեջքի մկանների բնածին թուլությունը, մանկ. տարիքում տարած ծանր ռախիտը, իրանի երկարատև ծռված դիրքը (հաստոցի, գրասեղանի առաջ, հանքահորում): Աղեղնաձև կիֆոզի առկայությունը ոչ միայն փոխում է մարդու կեցվածքը, այլև հանգեցնում է կրծքավանդակի շնչառ. տարողության փոքրացմանը (քանի որ լիարժեք շնչառումը պահանջում է ողնաշարի առավելագույն ուղղում), իսկ անբավարար շնչառությունը կարող է բացասաբար ազդել արյան շրջանառության վրա: Հաճախ աղեղնաձև կիֆոզի ժամանակ ուսերն առաջ թեքված են և իջած, որովայնը՝ դուրս պրծած և քիչ կախ ընկած:

Բուժումը. շտկող մարմնամարզություն (տես Բուժական ֆիզկուլտուրա), ֆիզիոթերապևտիկ. բուժարարողություններ, առողջարանաառողջավայրային բուժում: Ժամանակին բժշկի դիմելիս հիվանդության առաջընթացը կանխվում է:

Աղեղնաձև կիֆոզի կանխարգելումը նույնն է, ինչ սկոլիոզի դեպքում:

Անկյունաձև կիֆոզն առաջանում է հիմնականում ողնաշարի՝ կրծքային հատվածում և կոչվում է կուզ: Պատճառը հիմնականում տուբերկուլոզի հետևանքով ողների ախտահարումն է (տես Ողնաշարաբորբ) և դրանց տափակելը, որն ուղեկցվում է իրանի արտահայտված կարճացմամբ (վերը գտնվող մարմնամասերի ծանրության տակ) ու կրծքի խիստ դուրս պրծնելով: Այս ձևախախտումը ծանր է անդրադառնում ներքին օրգանների ֆունկցիաների, հիվանդի աշխատանքային գործունեության և անձն. կյանքի վրա: Տուբերկուլոզային ողնաշարաբորբի ժամանակին բուժումը սովորաբար կանխում է կուզի առաջացումը, քանի որ հնարավորություն է ստեղծում պահպանելու ողնաշարի բնականոն ձևը՝ մինչև տուբերկուլոզային օջախների բուժումը և ողների դիմացկունության վերականգնումը: Մարդկանց գերակշռող մեծամասնության մոտ թեպետ տուբերկուլոզային գործընթացը բարեհաջող է ավարտվում, բայց ողնաշարաբորբի ուշ բուժման հետևանքով կուզ է առաջանում, որը միշտ չէ, որ հաջողվում է նույնիսկ վիրահատ. եղանակով վերացնել:

Լորդոզը սովորաբար նկատվում է ողնաշարի գոտկային հատվածում: Այն առավել հաճախ առաջանում է բնածին կոնքազդրային հոդերի հոդախախտումների դեպքում, երբ մարմնի ծանրության կենտրոնն ուղղաձիգ դիրքից տեղափոխվում է առաջ, և հավասարակշռությունը պահպանելու համար իրանը, կորանալով գոտկատեղից, հետ է թեքվում: Ֆիզիոլոգ. գոտկային լորդոզը կարող է սաստկանալ որովայնի չափից դուրս ճարպակալման դեպքում:

Լորդոզը դրսևորվում է ողնաշարի ձևախախտումով և ցավերով, որոնք պայմանավորված են ողների մարմինների վրա բեռնվածության վերաբաշխմամբ և ողնաշարի մկանակապանային համակարգի գերպրկմամբ: Սահմանափակվում են ողնաշարի ախտահարված հատվածի ակտիվ շարժումները: Լորդոզը հաճախ ուղեկցվում է ներքին օրգանների (ստամոքս, աղիքներ, երիկամներ) իջեցումով, որով էլ բացատրվում են դրանց գործունեության խանգարումները:

Լորդոզի բուժումն ու առաջընթացի կանխարգելումը, անհրաժեշտ է պարզել պատճառը, ինչպես նաև բժշկի նշանակմամբ կատարել շտկող մարմնամարզություն, մերսում ևն: Հաճախ բուժման համալիրում նախատեսվում է նաև բանդաժ կրելը, որը հեշտացնում է որովայնի խոռոչի ներքին օրգանների գործունեությունը:

ՈՂՆՈՒՂԵՂ, կենտր. նյարդային համակարգի ամենաստորին բաժինը: Հասուն մարդու Ո-ի երկարությունը հասնում է մինչև 45 սմ: Պարանանման է, գտնվում է ողնաշարի խողովակում և շրջապատված է ուղեղապատյաններով, որոնք Ո. պաշտպանում են վնասվածքներից: Ներարգանդային կյանքի 5-րդ ամսում պտղի Ո. զբաղեցնում է ողնաշարի խողովակն ամբողջ երկարությամբ, հետագայում ողնաշարն աճում է առաջանցիկ արագությամբ, որի հետևանքով Ո. մնում է համեմատաբար «կարճ»: Ողնաշարի խողովակի ստորին՝ դատարկ մնացած մասում առաջանում է թաղանթային պարկ, որը պարունակում է ողնուղեղային հեղուկ: Ողնուղեղային ընդծակման ժամանակ ասեղն ընկնում է հենց այդ պարկի մեջ քորը միանգամայն անվտանգ է) և իջնում է Ո-ի ստորին ծայրից մի քանի սմ ներքև: Ո-ի հաստությունը տարբեր հատվածներում տարբեր է. առավել ցայտուն են 2 հաստացումները՝ պարանոցային և գոտկասրբոսկրային, որտեղ ձևավորվում են վերին ու ստորին վերջույթների համապատասխան նյարդերը: Ո. բաղկացած է 31-33 հատվածներից (պարանոցային՝ 8, կրծքային՝ 12, գոտկային՝ 5, սրբոսկրային՝ 5 և պոչուկային՝ 1-3):

Ո-ի յուրաքանչյուր հատվածը համապատասխանում է Ո-ային նյարդերի համապատասխան զույգին և ապահովում մարմնի որոշակի մասի զգացող, շարժիչ և վեգետատիվ նյարդավորումը: Օրինակ՝ Ո-ի պարանոցային հատվածները (պարանոցային հաստացում) նյարդավորում են պարանոցի և վերին վերջույթների մաշկը, մկանները, գոտկայինը, սրբոսկրայինը (գոտկասրբոսկրային հաստացում), ինչպես նաև պոչուկայինը՝ ստորին վերջույթների մաշկն ու մկանները, շեքը, միզապարկը, ուղիղ աղիքն ու սեռ. օրգանները:

Ո. բաղկացած է 2 համաչափ կեսերից, որոնք միմյանցից բաժանված են առաջային երկայնական միջին ճեղքով և հետին երկայնական միջին ակոսով: Ամեն