Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/563

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կեսից հատվածաբար դուրս են գալիս առաջային և հետին նյարդարմատները: Յուրաքանչյուր հատվածի մակարդակին գոյանում է ընդամենը 4 արմատ՝ 2 առաջային և 2 հետին: Յուրաքանչյուր կողմում առաջային և հետին արմատները միանում են՝ սկզբնավորելով Ո-ային հատվածային նյարդը: Հեռանալով Ո-ից՝ նյարդարմատները ողնաշարի խողովակից դուրս են գալիս համապատասխան ողների միջև գտնվող անցքերով, օրինակ՝ III կրծքային հատվածի նյարդարմատներն անցնում են III և IV կրծքային ողների, V կրծքայինը՝ V գոտկային ողնի և սրբոսկրի միջև ընկած անցքերով: Սակայն, ինչպես արդեն նշվեց, հասուն մարդու Ո. ողնաշարի խողովակից «կարճ» է: Սկսած գոտկային I ողնի մակարդակից, որտեղ վերջանում է Ո-ի ստորին բաժինը, ողնաշարի խողովակը պարունակում է միայն ստորին 10 հատվածների նյարդարմատները: Վերջիններս կազմում են, այսպես կոչված, «ձիու պոչը», որը «լողում» է թաղանթային պարկի Ո-ային հեղուկում: Ո-ի ներքին կառուցվածքը բավականին բարդ է: Լայնական կտրվածքի վրա այն բաղկացած է կենտրոնում տեղադրված գորշ և այն շրջապատող սպիտակ նյութերից: Գորշ նյութի ուրվագիծը ըստ ձևի հիշեցնում է ուղղած թևերով թիթեռի ստվերապատկեր կամ «H» տառը: Գորշ նյութում տարբերում են առաջային՝ լայն ու կլոր, և հետին՝ նեղ ու երկար եղջյուրներ, ինչպես նաև պարանոց (գորշ կպում), որի կենտրոնում տեղադրված է Ո-ի կենտր. խողովակի անցքը: Գորշ նյութը կազմված է շարժիչ, վեգետատիվ և միջանկյալ բջիջներից: Առաջային եղջյուրները պարունակում են հիմնականում շարժիչ նյարդաբջիջներ, որոնց ելուստները հեռանում են Ո-ից առաջային նյարդարմատների կազմում և հասնում կմախքային մկաններին՝ ծայրամասային նյարդաբներում:

Հետին եղջյուրներում գտնվում են միջանկյալ նյարդաբջիջներ, որոնք հետին նյարդարմատներով (ողնուղեղային հանգույցի ելուստներ) տեղեկություն են ստանում մաշկի և լորձաթաղանթների ընկալիչներից:

Գորշ նյութի միջին մասում՝ առաջային և հետին եղջյուրների միջև, գտնվում են միջադիր նեյրոնները (ինտերնեյրոններ), որոնք կատարում են միջնորդ (միջանկյալ) դեր: Միջադիր նեյրոնները ոչ միայն կարող են ազդանշաններ հաղորդել հետին եղջյուրի նյարդային բջջից դեպի առաջային եղջյուրի շարժիչ նյարդաբջիջը, այլև դրանցից ելուստներ են գնում դեպի Ո-ի բարձրադիր և ստորադիր մակարդակները՝ ապահովելով հարևան հատվածների համաձայնեցված գործունեությունը: Կրծքային բաժնում և գոտկային վերին հատվածում առաջային և հետին եղջյուրների միջև կան գորշ նյութի եռանկյունաձև արտացցվածքներ՝ կողմնային եղջյուրներ, որոնց մեջ տեղադրված են ներքին օրգանները նյարդավորող վեգետատիվ սիմպաթիկ նյարդաբջիջներ:

Ո-ի սպիտակ նյութը կազմված է երկայնաձիգ նյարդաթելերից: Դրանք հաղորդիչ ուղիներ են կամ տրակտներ: Նյարդաթելերը ծածկված են միելինային թաղանթով: Վերջինս կազմված է ճարպանման մեկուսացնող նյութից, որը Ո-ի ծայրամասային բաժինների լայնական կտրվածքին տալիս է սպիտակ գույն: Գորշ նյութի եղջյուրները սպիտակ նյութը բաժանում են 3 պարանների՝ հետին, կողմնային և առաջային: Տարբերում են հաղորդիչ ուղիների 3 հիմն. տեսակ, վայրէջ՝ գալիս են գլխուղեղի տարբեր հատվածներից, ձգվում դեպի Ո-ի առաջային եղջյուրների շարժիչ բջիջները, մասամբ՝ միջադիր նեյրոնները, վերել՝ հետին եղջյուրներից և Ո-ային նյարդահանգույցներից տեղեկություն են տանում դեպի գլխուղեղ: Միջհատվածային ուղիներն իրար են միացնում Ո-ի տարբեր մակարդակները:

Վայրէջ ուղիները, ձգվելով Ո-ի երկայնքով, նյարդաթելեր են «տալիս» շարժիչ նեյրոններին՝ յուրաքանչյուր հատվածի մակարդակով, դրա համար էլ Ո-ի ստորին բաժիններում դրանք ավելի բարակ են, քան վերիններում: Վերել ուղիներն, ընդհակառակը, վեր բարձրանալով, նյարդաթելեր են «հավաքում» յուրաքանչյուր հատվածի զգացող բջիջներից և առավել հաստանում են Ո-ի վերին բաժնում:

Ողնաշարի խողովակի երկարությամբ Ո. իր վերին մասում հասնում է մինչև գանգահիմի մեծ ծոծրակային անցքը և համարյա այդ մակարդակով, առանց կտրուկ սահմանների, անցնում գլխուղեղի բուն:

Ֆիզիոլոգիան. Ո-ի յուրաքանչյուր հատվածի պարզագույն ռեֆլեքսն իրականանում է 2 նյարդաբջիջների (զգացող և շարժիչ) շնորհիվ: Ո-ի կարգավորող ֆունկցիան իրականանում է յուրաքանչյուր հատվածի մակարդակով և բնորոշվում է մկանների ռեֆլեքսային հակազդեցություններով, մկանների լարվածությամբ կամ մաշկի համապատասխան հատվածի գրգռվածությամբ: Հիվանդի հետազոտման ժամանակ նյարդախտաբանն