նյարդային համակարգի և ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խանգարումների հետևանքով: Հաճախ պայմանավորված են ժառանգ. նախատրամադրվածությամբ:
Պ-ի առաջացումը կանխելու համար, փետրվարից մինչև ուշ աշուն, տանից դուրս գալիս դեմքին պետք է քսել պաշտպան. մաշկաքսուքի բարակ շերտ, ապա՝ վարդագույն դիմափոշի, որին ավելացնել սալոլ, ուրոտրոպին կամ քինին (50 գ-ին՝ 1 թեյի գդալ): Արևի տակ երկար մնալու դեպքում (2 ժ-ից ավելի) նշվածը կրկնել: Արևային օրերին անհրաժեշտ է կրել լայնեզր գլխարկ կամ հովանոց: Պ. կարելի է գունաթափել՝ մաշկը շփելով կիտրոնաջրով (մի քանի կտոր կիտրոնը՝ 1 թեյի բաժակ սառը ջրում) կամ մաղադանոսի (թարմ) մանրացված արմատներ պարունակով ջրով: Ջուրը պետք է պատրաստել երեկոյան, իսկ օգտագործել առավոտյան (նախապես քամելով): Բնականոն և ճարպոտ մաշկի դեպքում կարելի է կիրառել ջրածնի գերօքսիդի 3 %-անոց լուծույթ: Ամռանն օգտակար է դեմքը շփել թարմ վարունգի կամ սև հաղարջի հյութերով: Խորհուրդ է տրվում լվացվել մածունով, կեֆիրով, օգտագործել մաշկաքսուքներ՝ «Մելան», «Աքրոմին» ևն (նախապես մաքրած մաշկին), ավելորդ քսուքը հեռացնել անձեռոցիկով: Մաշկաքսուքներ ցերեկը չի կարելի օգտագործել, քանի որ արևի ճառագայթների ազդեցությունից մաշկը կարող է բորբոքվել, գունակավորումը՝ ուժեղանալ: Սնդիկային մաշկաքսուքներն օգտագործել միայն բժշկի ցուցումով: Ավելի մանրամասն ու մասնագիտ. խորհուրդներ կարելի է ստանալ բժշկ. կոսմետիկայի առանձնասենյակում:
ՊԵՏՔԱՆՈԹ. օգտագործում են այն դեպքերում, երբ հիվանդը չի կարող կամ չպետք է նստի (օրինակ՝ որոշ վիրահատություններից հետո, սրտամկանի ինֆարկտի ժամանակ ևն): Պ. լինում է մետաղե, էմալապատ, հախճապակե կամ ռետինե, տարբեր ձևերի (երկարավուն, կլոր): Ավելի հարմար է երկարավուն Պ., որը բավականին խորն է և ունի սրբոսկրի հենման հարթակ: Ռետինե Պ., առաձգական պատերի շնորհիվ, ավելի քիչ ճնշում է գործադրում, քան մյուսները, և հարմար է թողնել երկար ժամանակ, պարբերաբար հանելով՝ սան. մշակման համար: Ռետինե Պ. կարելի է օգտագործել նաև օղակաձև տակդիրի փոխարեն:
Պ. օգտագործելուց առաջ պետք է ողողել տաք ջրով, որպեսզի հիվանդը տհաճ սառնություն չզգա, մեջը մի քիչ ջուր լցնել, ներքնակը ծածկել մոմլաթով: Պ. հետույքի տակ դնելիս թեթևակի բարձրացնում են հիվանդին՝ ձեռքը դնելով սրբոսկրին: Օգտագործելուց հետո Պ. լավ լվանում են և վարակազերծում քլորամինի 1 %-անոց, լիզոլի 5 %-անոց, կալիումի գերմանգանատի լուծույթներով կամ ախտահանում: Կղումից հետո անհրաժեշտ է հիվանդի հետանցքը, շեքը և հետույքը լավ լվանալ կալիումի գերմանգանատի թույլ լուծույթով: Տես նաև Հիվանդի խնամք:
ՊԵՐԻՈԴԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, տես Պարբերական հիվանդություն:
ՊԵՐԻՏՈՆԻՏ, տես Որովայնամզի բորբոքում:
ՊԵՐԻՕՍՏԻՏ ԾՆՈՏԻ, տես Շրջոսկրի բորբոքում ծնոտի:
ՊԶՈՒԿՆԵՐ, ճարպագեղձերի բորբոքային հիվանդություն: Ավելի հաճախ նկատվում են սովոր. Պ., որոնք առաջանում են ճարպահոսության ֆոնի վրա՝ պատանիների և աղջիկների դեմքին, կրծքին, մեջքին՝ ճարպագեղձերի ֆունկցիայի բարձրացման և արտազատուկի բաղադրության փոփոխության հետևանքով: Դեմքի, կրծքի, մեջքի մաշկը ճարպահոսության ժամանակ փայլում է, անցքերը խորը բացվում են, շատ անցքերում, ճարպագեղձերի ծորաններում և մազապարկի բացվածքների շրջանում ճարպի կուտակման հետևանքով առաջանում են գորշ սև խցաններ՝ կոմեդոններ, որոնք սեղմելիս արտազատվում է սև գլխիկով «ճիճվանման» թանձր ճարպային արտազատուկ: Կծված մաշկաճարպը թարախածին մանրէների համար հիանալի սննդարար միջավայր է, որի հետևանքով կոմեդոնների շուրջը բորբոքվում է, և գոյանում են Պ.՝ բորբոքային հանգույցների, թարախաբշտիկների տեսքով: Առանց բուժման դրանք կարող են վերաճել ավելի խորը բորբոքային, ցավոտ, բոսորագույն կարմիր ինֆիլտրատների: Վերջիններս պատռվելիս թարախ են արտադրում, որից հետո կարող են սպիներ մնալ: Հիվանդությունը քրոնիկական է: Թույլ արտահայտված պզուկային ցանը վերանում է 20-25 տարեկանում, ավելի արտահայտվածը, որպես կանոն, մեղմանում է 30-35 տարեկանում: Սովոր. Պ-ին նման ցան կարող է առաջանալ բանվորների մաշկի բաց հատվածներում՝ հանքային յուղերի, նավթի վերամշակման նյութերի, քարածխի կուպրի հետ մշտ. շփումից, որոնք փակում են ճարպագեղձերի ծորանները (մասնագիտ. Պ.): Մի շարք դեպքերում պզուկային ցանը կարող է ծագել բրոմի և յոդի պատրաստուկների երկարատև ընդունումից (տես Դեղորայքային ցաներ):
Բուժումը. սովոր. Պ. բուժում է մաշկաբանը կամ կոսմետոլոգը: Կարևոր նշանակություն ունի ճիշտ սնուցումը: Խորհուրդ է տրվում սննդում ածխաջրերի և աղերի սահմանափակում: Սննդի օրաբաժնում պետք է բացառել յուղալի, կծու կերակրատեսակները, խմորեղենը, քաղցրեղենը, ալկոհոլային խմիչքները, սուրճը, թունդ թեյը: Օգտակար են սև հացը, ոչ ճարպոտ խաշած միսն ու ձուկը, բանջարեղենը (հում և եփած), կաթնաշոռը, մածունը, կեֆիրը, խնձորը, B խմբի և A, C վիտամիններով հարուստ մթերքը: Խորհուրդ են տրվում նաև գարեջրի խմորասնկերը, որոնք պարունակում են շատ վիտամիններ: Չի կարելի օգտագործել շատ տաք սնունդ և ուտելիս ծանրաբեռնել ստամոքսը: Հարկավոր է հետևել ադիքների դատարկմանը, այն պետք է լինի ամեն օր, փորկապության ժամանակ հարկավոր է օգտագործել բժշկի նշանակած լուծողականները: Կարևոր են ընդհանուր կազդուրիչ միջոցառումները, օրգանիզմի կոփումը, սպորտով զբաղվելը, մաքուր օդում զբոսանքները, ծովում լողանալը, օդային և արևային լոգանքները:
Անհրաժեշտ է նաև բժշկի հսկողությամբ իրականացնել մաշկի ճիշտ խնամքը. դեմքը լվանալ հատուկ օճառներով, սկզբում՝ տաք, այնուհետև՝ սառը ջրով, և չորացնել: Դեմքը լվանալիս կարելի է օգտագործել երեքնուկի տերևների կամ երիցուկի ծաղիկների եփուկ: Խորհուրդ է տրվում օրը 3 անգամ դեմքը մաքրել ճարպազերծող և վարակազերծող որևէ միջոցով օրինակ՝ վաղենակի թուրմով (1-2 ճաշի գդալ՝ 0,5 բաժակ ջրին), շիբի 10 %-անոց, անուշադրի սպիրտի 1%-անոց և կերակրի սոդայի 2 %-անոց լուծույթներով, կիտրոնի, վարունգի կամ ելակի հյութերով, ճարպոտ մաշկի համար նախատեսված լոսյոնով ևն: Իրանի մաշկի վրա Պ-ի առկայության ժամանակ խորհուրդ է տրվում լվացվելուց առաջ ախտահարված հատվածներին քսել ձեռքի, կանաչ կամ քափուրի օճառ՝ մաշկի վրա թողնելով 10-15 ր, այնուհետև լվանալ տաք ջրով՝ սպունգի կամ ճիլոպի օգնությամբ:
Դեմքի մաշկի մաքրումը, կոմեդոնների հեռացումը կատարվում են կոսմետոլոգ. առանձնասենյակներում՝ հակաբորբոքային դիմակ դնելով (տես Կոսմետիկա): Չի կարելի ինքնուրույն սեղմել Պ.: Խորհուրդ չի տրվում Պ-ի առկայության ժամանակ մաշկաքսուքներ և հարդարիչ կոսմետիկայի միջոցներ օգտագործել, քանի որ դրանք նպաստում են կոմեդոնների առաջացմանը: Անթույլատրելի է ինքնուրույն բուժել