Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/578

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կոմեդոնների տեղում առաջացած թարախաբշտիկները, առավել ևս, երբ ի հայտ են եկել խորը բորբոքային հանգույցներ: Մասնագիտ. Պ-ի դեպքում ամենից առաջ պետք է բացառել մաշկի հիվանդություններ առաջացնող նյութերի հետ շփումը:

Կարմիր Պ. նկատվում են առավելապես միջին տարիքում և տարեցների մոտ: Հիվանդությանը նախատրամադրում են ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունները (ստամոքսաբորբ, հաստ աղիքի բորբոքում, լեղապարկի բորբոքում ևն), ալկոհոլի չարաշահումը, մաշկի վրա բարձր կամ ցածր ջերմաստիճանի և այլ գործոնների երկարատև ազդեցությունը, որը հանգեցնում է մաշկի տոնուսի խանգարման: Քթի, այտերի, կզակի, հազվադեպ՝ ճակատի շրջանում առաջանում է սփռված կարմրամաշկություն (էրիթեմա), մաշկի տակից երևում են լայնացած մանր անոթները, դրանց ֆոնի վրա գոյանում են ցրված վառ կարմիր հանգուցիկներ և թարախաբշտիկներ:

Բուժում է բժիշկը, խորհուրդ է տրվում դեմքի մաշկը պաշտպանել արևի ճառագայթներից, քամուց, ցրտից (որի համար օգտագործում են պաշտպան. քսուքներ): Ալկոհոլային խմիչքի, կծու կերակրատեսակների, համեմունքների օգտագործման բացառում, քաղցրեղենի սահմանափակում:

Կանխարգելումը ներառում է ճարպահոսության, ստամոքսաղիքային հիվանդությունների, ներզատիչ խանգարումների ժամանակին բուժում, անձնական հիգիենայի կանոնների պահպանում: Դեղորայքային բուժման ժամանակ անհրաժեշտ է բժշկին նախազգուշացնել այս կամ այն դեղանյութի հանդեպ բարձր զգայնության մասին: Մասնագիտ. Պ-ի կանխարգելման համար անհրաժեշտ է կանխել արտադրության մեջ մաշկի աղտոտումը:

ՊԻԵԼՈՆԵՖՐԻՏ, տես Երիկամաավազանաբորբ:

ՊԻՈԴԵՐՄԻԱ տես Մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ:

ՊԻՐԵԹՐՈՒՄ, լվածաղկի ծաղկագլխիկներից պատրաստված փոշի: Միջատների համար թունավոր է, իսկ մարդու համար՝ անվնաս:

Ազդող նյութերը պիրեթրիններն են, որոնց պարունակությունը փոշու մեջ առնվազն 0,3 % է: Պ. միջատի օրգանիզմ է թափանցում արտաքին մաշկածածկույթների միջոցով և շատ արագ առաջացնում մկանների լուծանք:

Պ. կիրառվում է ճանճերի, մոծակների, փայտոջիլների, ցեցերի և այլ միջատների ոչնչացման համար: Այդ նպատակով մակերեսները մշակում են 1 քառ. մ-ին՝ 20-23 գ հաշվարկով: Խավարասերներին ոչնչացնելու համար ավելի հազվադեպ է օգտագործվում, քանի որ պահանջվում են պատրաստուկի մեծ չափաքանակներ: Թունավորված միջատներին անհրաժեշտ է հավաքել և այրել: Փոշու թունավոր ազդեցությունը փոշեցրումից հետո պահպանվում է 1-2 օր:

Միջատների վրա թույլ ազդելու պատճառով, բացի բնական Պ-ից, օգտագործում են նաև սինթետիկ նմանակներ՝ պիրեթրոիդներ, որոնք օժտված են նույն հատկություններով, բայց ավելացվում են դրանց թունավոր ազդեցությունն ուժեղացնող նյութեր: Պիրեթրինները կիրառում են փոշիների և մզվածքների ձևով: Չնայած պիրեթրինները և պիրեթրոիդները մարդու համար նվազ թունավոր են, այնուամենայնիվ տարբեր լցանյութեր և լուծիչներ պարունակող պատրաստուկներով բնակարանները մշակելիս խորհուրդ է տրվում հեռացնել սննդամթերքը և կրել շնչադիմակներ: Վերջացնելուց հետո անհրաժեշտ է բնակարանն օդափոխել:

ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ, որևէ օրգանի ձևն ու ֆունկցիան վերականգնող և կոսմետիկ. արատները շտկող վիրահատ. միջամտություն: Այդ նպատակով վիրահատութւան ընթացքում կատարվում են օրգանների կամ հյուսվածքների տեղափոխություն (փոխպատվաստում, պատվաստում)՝ վերցված հիվանդի մարմնի այլ հատվածից (աուտոպլաստիկա, աուտոտրանսպլանտացիա), ուրիշ մարդուց (ալլոտրանսպլանտացիա) կամ կենդանուց (քսենոտրանսպլանտացիա), հիվանդի հյուսվածքների մեջ օրգանիզմի համար օտար (բայց ոչ վնասակար) մետաղից, պլաստմասսայից, սինթետիկ թելերից պատրաստված տարբեր իրեր ներդնելով (իմպլանտացիա): Պ.վ-յան օգնությամբ լուծվում են զանազան խնդիրներ՝ դեմքը տգեղացնող բնածին և ձեռքբերովի արատները (օրինակ՝ շրթունքների ճեղքվածք, քթի բացակայություն, ձգող սպիներ) շտկող կոսմետիկ վիրահատություններից մինչև կենսական կարևոր օրգանների (կերակրափող, խոշոր արյունատար անոթ, երիկամներ ևն) լրիվ փոխարինումը: Լայնորեն կիրառվում են մաշկի փոխպատվաստմամբ (օրինակ՝ այրվածքների ժամանակ) կամ դեմքի վրա կոսմետիկ, նպատակներով (մաշկի կնճիռների, ծալքերի, ուռուցքների վերացում) կատարվող Պ. վ-ներ: Ոսկրային Պ. վ. կատարում են ոսկրերի տարբեր ձևախախտումների, կեղծ հոդերի, ողնաշարի