Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիվանդությունների դեպքերում: Պատվաստումն առավել հաջող է, եթե օգտագործվում են հիվանդի սեփական հյուսվածքները: Հիվանդի սեփական ոսկրը պատվաստումից հետո ժամանակի ընթացքում ներծծվում է, բայց ծառայում է որպես հիմնակմախք, որի մեջ նոր ոսկրային հյուսվածքը հասցնում է աճել:

Հաջողությամբ իրականացվում են նաև սինթետիկ հյուսվածքից պատրաստած պրոթեզով արյան անոթների փոխարինումը, սրտի փականների պրոթեզավորումը ևն:

Պլաստիկ վիրաբուժության առավել բարդ բնագավառ է դոնորից վերցրած պատվաստանյութով կատարվող վիրահատությունը: Իր կենսբ. հատկություններով պատվաստանյութը հաճախ անհամատեղելի է հիվանդի հյուսվածքների հետ. նման դեպքում նրա աճեցումը և հյուսվածքի կամ օրգանի պահպանումը իրականացվում են հատուկ բուժմիջոցառումևերի համակարգով (տես Փոխպատվաստում օրգանների և հյուսվածքների, Միկրովիրաբուժություն և վերականգնողական վիրաբուժություն):

ՊԼԵՎՐԻՏ, տես Կրծքամզի բորբոքում:

ՊԼԵՔՍԻՏ, տես Հյուսակաբորբ:

ՊՆԵՎՄՈՆԻԱ, տես Թոքաբորբ:

ՊՈԴԱԳՐԱ, հիվանդություն, որը պայմանավորված է օրգանիզմում միզաթթվի փոխանակության խանգարմամբ և բնորոշվում է տարբեր օրգաններում ու հյուսվածքներում, առավելապես հոդերում, միզաթթվի աղերի (ուրատներ) կուտակմամբ:

Ենթադրում են, որ Պ-ի առաջացման հիմն. պատճառներն արատների գոյացման և օրգանիզմից հեռացման գործընթացները կարգավորող ֆերմենտների ֆունկցիայի խանգարումներն են: Երբեմն հստակորեն ընդգծվում է հիվանդության ժառանգ. բնույթը, որոշ դեպքերում կենսաքիմ. խանգարումների պատճառները հաստատված չեն: Նշված հիմն. պատճառների հետ մեկտեղ Պ-ի առաջացմանը նպաստում են նաև այնպիսի լրացուցիչ գործոններ, ինչպիսիք են շատակերությունը, մսի և մսամթերքի չափից ավելի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը և թերշարժունությունը: Ավելի հաճախ հիվանդանում են 40 տարեկանից բարձր տղամարդիկ, կանայք՝ հազվադեպ:

Պ-ի առաջացումը, որպես կանոն, ուղեկցվում է 1 կամ մի քանի հոդերի սուր նոպայանման բորբոքումով (տես Հոդաբորբ): Որպես կանոն՝ սկզբում ախտահարվում են ստորին վերջույթների հոդերը: Ցավի նոպան սովորաբար սկսվում է հանկարծակի, հաճախ՝ գիշերը: Չափից ավելի ուտելուց, ալկոհոլի չարաշահումից հետո, հաճախ էլ առանց ակնառու պատճառի առաջանում է սուր հոդացավ, որն ուղեկցվում է հոդի այտուցով, կարմրությամբ և թեթևակի շարժումների ժամանակ՝ խիստ ցավոտությամբ: Առաջանում է դող՝ ջերմաստիճանի բարձրացմամբ: Մի քանի օր անց, որպես կանոն, հոդաբորբի երևույթները լրիվ վերանում են: Նոպաների միջև ընդմիջումը կարող է տևել մի քանի օրից մինչև 1-2 տարի: Հիվանդության սաստկացման ժամանակ նոպաները լինում են ավելի հաճախ և երկարատև, պարբերաբար բորբոքային գործընթացի մեջ են ընդգրկվում նոր հոդեր, հաճախ հոդերի ախտահարման ախտանշանները կայուն պահպանվում են շաբաթների ընթացքում: Պ-ի այդպիսի քրոնիկ. ընթացքին բնորոշ է մաշկի տակ (հանգույցների ձևով) միզաթթվի աղերի կուտակումը (հաճախ արմնկային և դաստակի մանր հոդերի շրջաններում): Հազվադեպ միզաթթվի աղերի կուտակումները նկատվում են երիկամների և միզուղիների հյուսվածքներում՝ քարերի առաջացմամբ (տես Միզաքարային հիվանդություն):

Պ-ի սուր շրջանում բժիշկները նշանակում են հակաբորբոքային և ցավամոքիչ դեղանյութեր, առատ ըմպելիք, մի քանի օր՝ խիստ սննդակարգ, որն աստիճանաբար, վիճակի լավացմանը համապատասխան, ընդլայնում են՝ սահմանափակելով միզաթթվի աղերով, սպիտակուցներով հարուստ սնունդը (հատկապես արգանակ, միս և ձուկ): Վերջիններս պետք է օգտագործել միայն լավ եփած: Հիվանդի օրաբաժնից պետք է բացառվեն լյարդը, երիկամը, ուղեղը, թրթնջուկը, ամսական բողկը, լոբին, ոլոռը, աղցանը և տարբեր սուր համեմունքներ: Արգելվում է շամպայնի, խաղողի գինու օգտագործումը: Արյան մեջ միզաթթվի բարձր մակարդակը (չնայած սննդակարգի պահպանմանը) իջեցնելու նպատակով երկարատև օգտագործման համար նշանակում են հակապոդագրային դեղանյութեր:

Ժամանակին ախտորոշման և ճիշտ բուժման դեպքում հաջողվում է ամբողջությամբ վերացնել հիվանդության կլինիկ. դրսևորումները:

ՊՈԼԻԱՐԹՐԻՏ, տես Ռևմատիզմ հոդվածում:

ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ, բուժկանխարգելիչ հիմնարկ, որտեղ արտահիվանդանոցային բուժօգնություն է ցույց տրվում երթևեկ (կամ տանը գտնվող) հիվանդներին, ինչպես նաև իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ ու բնակչության դիսպանսերացում: Պ. ամբուլատորիայից տարբերվում է բժիշկների մեծ թվով, հետևաբար՝ մասնագիտ. բուժօգնության ավելի լայն հնարավորություններով: ՀՀ-ում 1-ին Պ. (կենտր. ամբուլատորիան) բացվել է 1921-ին: 1999-ին գործել է 128 (Երևանում՝ 44) Պ. և 200 գյուղ. ամբուլատորիա:

ՀՀ-ում կան ինքնուրույն և հիվանդանոցներին կից Պ-ներ, որոնց աշխատանքը կազմակերպվում է ըստ տարածքային կամ արտադր. սկզբունքի: Ըստ սպասարկվող բնակչության քանակակազմի՝ կան քաղաքային (մեծահասակների և դեռահասների, մանկ.), մարզային կենտր., երկաթուղային տրանսպորտի աշխատողների, ուսանող., զինվ. և առողջավայրային, ինչպես նաև մասնագիտացված՝ ստոմատոլոգ. (մեծերի ու երեխաների), ֆիզիոթերապևտիկ. և այլ Պ-ներ: Հանրապետ. և մարզային հիվանդանոցներին կից ստեղծվում են խորհրդատվական, իսկ բժշկ. և ԳՀԻ-ներին կից՝ խորհրդատվաախտորոշիչ Պ-ներ, որտեղ ընդունելությունը կատարում են ինստ-ների մասնագետները:

Բոլոր Պ-ներում ընդունելությունը կատարում են մասնագետ բժիշկները՝ թերապևտ, վիրաբույժ, մանկաբարձ-գինեկոլոգ, քիթկոկորդականջաբան, ակնաբույժ, նյարդախտաբան, սրտաբան, ինչպես նաև ստոմատոլոգ (եթե տվյալ վայրում չկա ստոմատոլոգ. Պ.): Խոշոր Պ-ներում կազմակերպվում