են նաև ավելի նեղ մասնագետ-բժիշկների (ուրոլոգ, ներզատաբան, արյունաբան, թոքաբան, հոգեբույժ, ալերգիաբան) ընդունելության ժամեր: Որպես կանոն՝ Պ-ում կազմակերպվում են բուժկանխարգելիչ և օժանդակ առանձնասենյակներ (բաժանմունքներ)՝ դեռահասների, վարակիչ հիվանդությունների (տես Վարակիչ հիվանդությունների կաբինետ), ռենտգենաբան., ֆիզիոթերապևտիկ. ևն, ինչպես նաև լաբորատորիաներ: Պ-ի կազմում գործում են առողջապահական կետեր, որոնք գտնվում են ձեռնարկություններում և ուս. հաստատություններում:
Պ-ներում կան նաև հատուկ առանձնասենյակներ, որտեղ աշխատում են միջին բուժաշխատողներ, ձևակերպում են որոշ բժշկ. փաստաթղթեր, չափում հիվանդի ջերմաստիճանը, զարկերակային ճնշումը ևն: Տեղամասային բժիշկների բացակայության ժամերին աշխատում են հերթապահ բժիշկներ:
Խոշոր Պ-ներում ստեղծվում են վերականգնող. բուժման բաժանմունքներ (առանձնասենյակներ), որտեղ բուժման տարբեր մեթոդների (այդ թվում ֆիզիոթերապիայի, բուժ. ֆիզկուլտուրայի, մերսման ևն) համալիր կիրառման միջոցով ապահովվում են հիվանդների աշխատունակության ավելի արագ վերականգնումը, ստացված արդյունքի կայուն պահպանումը, հաշմանդամների թվի կրճատումը:
Բնակչության հարմարության համար Պ-ներում կազմակերպվում են դեղատնային կետեր (տես Դեղատուն), իսկ դեղագործ. տեղեկատվության առանձնասենյակներն օգնում են բժիշկներին կողմնորոշվելու նոր դեղեր նշանակելիս:
Պ-ի աշխատանքի կարևոր օղակ է բժշկական տեղամասը, որը կազմակերպվում է ըստ տարածքային կամ արտադր. սկզբունքի: Հատուկ ուշադրություն է դարձվում արդ. ձեռնարկությունների աշխատողների բուժօգնության կազմակերպման հարցերին:
Բացի ամբուլատոր և տանը կատարվող բուժումից, Պ. իրականացնում է նաև հակահամաճարակային միջոցառումներ, հայտնաբերում է բուժման կարիք ունեցող անձանց և ուղարկում հոսպիտալացման, ինչպես նաև իրականացնում է աշխատունակության բժշկ. փորձաքննություն, հաստատում ժամանակավոր անաշխատունակություն (տես Բժշկախորհրդատվական հանձնաժողով) և տալիս է անաշխատունակության թերթիկ, հիվանդներին ուղարկում է բժշկաաշխատանքային փորձաքննության հանձնաժողով՝ աշխատունակության կայուն կորստի հետ կապված հարցերի լուծման համար (տես Հաշմանդամություն):
Պ-ի գործունեության կարևորագույն բաժին է դիսպանսերացումը, որն ընդգրկում է կանխարգելիչ, բուժախտորոշիչ և առողջարար. միջոցառումներ՝ ուղղված հիվանդությունների առաջացման կանխմանը, մարդկանց առողջության ամրապնդմանը և նրանց կյանքի տևողության երկարացմանը:
Երեխաներին (մինչև 14 տարեկանը ներառյալ) ամբուլատոր-պոլիկլինիկային օգնություն է տրվում մանկական պոլիկլինիկաներում:
Մասնագիտացված Պ-ներում աշխատանքը կազմակերպվում է հիմնականում նույն ընդհանուր սկզբունքների հիման վրա: Ստոմատոլոգ. Պ-ները կազմակերպվում են ըստ տարածքային սկզբունքի: Ֆիզիոթերապևտիկ. Պ-ները նախատեսված են հիվանդների վերականգնող. բուժման համար (կիրառվում են ֆիզիոթերապիայի, բուժ. ֆիզկուլտուրայի, մերսման և այլ մեթոդներ):
ՊՈԼԻՆԵՎՐԻՏ, տես Բազմանյարդաբորբ:
ՊՈԼԻՆՈՑ, ալերգ. հիվանդություն, առաջանում է բույսերի ծաղկափոշու ազդեցությունից: Ավելի հաճախ դրսևորվում է հարբուխով, արցունքահոսությամբ և աչքերի այրոցով, երբեմն՝ բրոնխային հեղձուկի նոպայով:
Հիվանդությունն ունի սեզոնային բնույթ և առաջանում է բույսերի ծաղկման շրջանում, երբ օդում պարունակվում է մեծ քանակությամբ ծաղկափոշի: Սովորաբար զանգվածային հիվանդացություն է առաջացնում քամու միջոցով փոշոտվող բույսերի ծաղկափոշին (տրամագիծը՝ մինչև 35 մկմ), որն օժտված է յուրահատուկ, ալերգիածին հատկությամբ: Ուժեղ ալերգիածին հատկություն ունի ամբրոսիա մոլախոտի ծաղկափոշին: Հիվանդության առաջացման համար անհրաժեշտ է ծաղկափոշու մոտ 40-50 հատիկ, բայց երբեմն այն կարող է առաջանալ քթի լորձաթաղանթի կամ աչքի շաղկապենու վրա 35 հատիկ ընկնելիս: Յուրաքանչյուր կլիմայաաշխարհագր. գոտում գերակշռում են որոշակի բուսատեսակներ, որոնց ծաղկափոշին ավելի հաճախ է Պ-ի առաջացման պատճառ դառնում:
ՀՀ-ում ալերգիածին են բարդու սերմերը (քամու միջոցով տարածվող), սոսին, ընկուզենին, փշատենին, լորենին, որոշ մոլախոտեր և այլ բույսեր:
Չնայած ավելի շատ ծաղկափոշի պարունակվում է գյուղ. վայրերի օդում, բայց Պ-ով առավելապես հիվանդանում են քաղաքաբնակները, որը բացատրվում է քաղաքի օդային ավազանի բարձր աղտոտվածությամբ: Քաղաքի օդում պարունակվող փոշին և տարբեր քիմ. նյութերը գրգռում են շնչուղիների լորձաթաղանթները և բարձրացնում ծաղկափոշու թափանցելիությունը:
Պ-ի բուժման հիմն. եղանակը օրգանիզմի զգայնության իջեցումն է ծաղկափոշու նկատմամբ կամ թերզգայնացումը, որը կատարում է ալերգիաբանը: Վերջինս նախապես, հատուկ մաշկային փորձանմուշների և այլ հետազոտությունների միջոցով պարզում է հիվանդությունն առաջացրած ծաղկափոշու տեսակը (տես Ալերգիա):
Բույսերի ծաղկման շրջանում հիվանդները պետք է խուսափեն ծաղկափոշու հատիկները շնչուղիներ և աչքերն ընկնելուց: Խորհուրդ է տրվում կրել հատուկ պաշտպան. ակնոց կամ հնարավորության սահմաններում երեսը ծածկել: Ծանր դեպքերում խորհուրդ է տրվում մեկնել այլ վայր:
ՊՈԼԻՈՄԻԵԼԻՏ, մանկական ողնուղեղային լուծանք, վարակիչ հիվանդություն. բնորոշվում է առավելապես կենտր. նյարդային համակարգի ախտահարումով: Ընթանում է լուծանքներով կամ առանց լուծանքների (ոչ լուծանքային Պ.): Հիվանդանում են հիմնականում 2-5 տարեկան երեխաները:
Պ. հայտնի է շատ վաղուց: 20-րդ դ. կեսին Եվրոպայի և Հս. Ամերիկայի շատ երկրներում հիվանդացության աճն ազգային աղետի բնույթ ստացավ: Վիրուսի աճեցման մեթոդների հայտնաբերումը, կանխարգելիչ վակցինաների ստեղծումը և երեխաների զանգվածային պատվաստումները զգալիորեն նվազեցրին Պ-ի բռնկումները, իսկ որոշ երկրներում այն վերացվեց որպես զանգվածային հիվանդություն:
Պ-ի հարուցիչը քամվող վիրուսն է, որը երկարատև պահպանվում է ջրում, ոչնչանում է եռացնելիս, կալիումի գերմանգանատի և ջրածնի գերօքսիդի ազդեցությունից: Վիրուսը շրջակա միջավայր է ընկնում հիվանդի արտաթորանքի հետ և փոխանցվում է սննդամթերքի, օրինակ՝ բանջարեղենի, մրգերի, ջրի, չեռացրած կաթի միջոցով: Հիվանդության բռնկումներն առավել հաճախ դիտվում են ամռան վերջերին և աշնան սկզբներին:
Հիվանդությունն սկսվում է սուր, նկատվում են ջերմաստիճանի բարձրացում մինչև 38—39°C, հազ, փռշտոց, ցավեր կոկորդում, հազվադեպ՝ որովայնում, լուծ: Նշված երևույթները 4-5 օր հետո անցնում են, իսկ 1 շաբաթ անց ջերմաստիճանը