Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/581

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրկին բարձրանում է, և առաջանում են տարբեր մկանների (հաճախ՝ ձեռքերի, ոտքերի) լուծանքներ:

Բուժումն իրականացվում է հիվանդանոցում: Հիվանդին անհրաժեշտ է անկողնային ռեժիմ և հանգիստ:

Լուծանքով ընթացող Պ-ի դեպքում պահպանվում են շարժումների կայուն խանգարումներ, հիվանդ ձեռքը կամ ոտքը վատ է զարգանում (առողջի համեմատ): Ուստի բուժման համակարգում մեծ տեղ է տրվում մերսմանը, բուժական ֆիզկուլտուրային: Անհրաժեշտ է կրել հատուկ օրթոպեդիական սարքեր (ձեռքերի և ոտքերի համար), սեղմիրան (պարանոցի և իրանի համար): Խորհուրդ է տրվում առողջարանային բուժում:

Ոչ ծանր դեպքերում, ճիշտ և տևական բուժմամբ կարելի է վերականգնել ձեռքերի և ոտքերի խանգարված ֆունկցիաները: Ոչ լուծանքային ձևերի ելքը բարենպաստ է:

Կանխարգելման հիմն. միջոցը կենդանի Պ-ային վակցինայով (թողարկվում է հեղուկ և հաբերի ձևով) իմունացումն է: Անհրաժեշտ է պահպանել հիգիենայի կանոնները. ուտելուց առաջ ձեռքերը լվանալ, ջուրը և կաթը եռացնել, միրգը և բանջարեղենը լավ լվանալ: Հիվանդին մեկուսացնելուց հետո բնակարանը վարակազերծել:

ՀՀ համարվում է Պ-ի տեղաճարակային տարածք: Պ-ի դեմ պայքարը տարվում է 1960-ական թթ., երեխաներին պատվաստում են 3 ամսականից: 1995-ից հիվանդության ոչ մի դեպք չի արձանագրվել:

ՊՍԱԿԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, սրտի արյունամատակարարման խանգարում. տեղի է ունենում պսակային զարկերակների ախտահարման հետևանքով: Որպես կանոն՝ պայմանավորված է պսակային անոթների աթերոսկլերոզով: Սրտի անոթների կծկանքն ավելի է խորացնում Պ. ա.: Տարբերում են սուր և քրոնիկ Պ. ա.:

Սրտի արյունամատակարարման խանգարումը հանգեցնում է սրտի իշեմիկ հիվանդության տարբեր դրսևորումների: Տես նաև Սրտամկանի ինֆարկտ, Կրծքային հեղձուկ:

ՊՍԻԽՈԶՆԵՐ, տես Հոգեկան հիվանդություններ:

ՊՍԻԽՈՀԻԳԻԵՆԱ, հոգեբուժության և հիգիենայի բնագավառ, որն ուսումնասիրում է մարդու հոգեկան զարգացման և հոգեկան վիճակի վրա շրջակա միջավայրի բարերար ազդող գործոններն ու պայմանները և ապրելակերպը, մշակում հոգեկան առողջության պահպանման ու ամրապնդման հանձնարարականներ: Հոգեկան առողջությունը հոգեկան լրիվ հավասարակշռության վիճակ է, իրեն տիրապետելու կարողություն, որը դրսևորվում է հանգիստ, կայուն բնավորությամբ, բարդ իրադրություններին արագ հարմարվելու և դրանք հաղթահարելու, կարճ ժամկետում հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու ունակությամբ: Հոգեկան առողջության խանգարումը համարժեք չէ հոգեկան հիվանդությանը: Այն կարող է ժամանակավոր բնույթ կրել և առաջանալ գործնականորեն առողջ անձանց մոտ:

Մարդը, որպես կենսբ. տեսակ, ձևավորվել է հազարամյակների ընթացքում: Կյանքի պայմանների մշտ. փոփոխությունները (մասնավորապես 20-րդ դ. նշանավորով գիտատեխ. հեղափոխությունը) մարդու վրա ներգործում են գերհզոր գրգռիչների հոսքով: Այդ պայմաններում հարմարման կարգով ընկալման ընդգրկույթը, որպես կանոն, տեղաշարժվում է դեպի նվազման կողմը: Օրինակ՝ ժամանակակից քաղաքաբնակ մարդը չունի այնքան սուր լսողություն ու տեսողություն, որքան ուներ նախամարդը և ունի այսօր գյուղում ապրող մարդը: Շրջապատված լինելով գերհզոր ձայնային և լուսային գրգռիչներով՝ նա հարմարվում է գրգռման այդպիսի ուժեղ մակարդակներին, և նվազում է նրա ձայնային ու տեսող. ընկալման սրությունը: Սակայն այդպիսի հարմարումն առողջության համար անվնաս չէ և պահանջում է հոգեկան ու հուզ. բավականաչափ ծախս: Մարդն ուժեղ աղմուկին պատասխանում է հոգեկան բարձր գրգռականությամբ, դրդվողականությամբ, քնի խանգարումներով: Օրինակ՝ բնակարանում մշտ. բարձր երաժշտությունը կամավոր և ակամա ունկնդիրների հոգեկան առողջության համար ուղղակի վտանգ է ներկայացնում: Դրա համար պետությունը և հասարակության բոլոր անդամները պետք է պայքարեն աղմուկի դեմ՝ փողոցում, տանը և արտադրությունում: Տեսող. գրգռիչների ավելցուկը, հեռուստածրագրերի երկարատև դիտումը, մեծ արագություններով տեղափոխությունները հոգեկան չափից ավելի բեռնվածության ֆոն են ստեղծում: Հաճախ մարդիկ նշում են, որ աշխատանքի գնալ-գալն ավելի է հոգնեցնում, քան բուն աշխատանքը: Այդպիսի ծանրաբեռնվածությունից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում աշխատանքից ազատ ժամերին ստեղծել գրգռիչներից զերծ իրադրություն, հանգիստ, երեկոյան զբոսանքներ, ճաշկերույթների, հեռուստածրագրերի դիտման, ռադիոծրագրերի ունկնդրման սահմանափակում, հանգստյան օրերն անցկացնել բնության գրկում (տես Հանգիստ):

Մարդկանց հաղորդակցության ընթացքում հիվանդագին հոգեկան ռեակցիաների կանխարգելումը Պ-ի կարևոր խնդիրն է: Հարկավոր է իմանալ, որ տրամադրությունը և նրա դրսևորումները շրջապատողների մոտ առաջացնում են համապատասխան արձագանք. ուրախ մարդը բարձրացնում է շրջապատողների տրամադրությունը, տխուրը, մտահոգը՝ իջեցնում: Կտրուկ խոսքը, անարդարացի նկատողությունն առաջացնում են բացասական հույզեր: Ընտանեկան վատ հարաբերությունները (տես Ամուսնություն, ամուսնական և ընտանեկան հարաբերությունների պսիխոհիգիենա) հաճախ վնասում են մարդու հոգեկանը: Որպես կանոն՝ դա լինում է, երբ ընտանիքում բացակայում է բարությունը, արդարությունը: Ընտանիքի անդամներից մեկի՝ մյուսներին հնազանդեցնելու, ստորացնելու, պատժելու ձգտումը խաթարում է ամբողջ ընտանիքի հոգեպես առողջ մթնոլորտը, որտեղ հատկապես տուժում են երեխաները: Սիրո, բարության, ըմբռնողության բացակայության, ծնողների դաժանության առկայության պայմաններում երեխաների մոտ զարգանում են այնպիսի բնավորության գծեր, ինչպիսիք են համառությունը, անհնազանդությունը կամ երկչոտությունը, անձեռներեցությունը, կամազրկությունը (տես Երեխաների դաստիարակության սխալներ): Պատժվելու հանդեպ վախը երեխայի մոտ հաճախ առաջացնում է տագնապալի տրամադրություն, որը հեշտությամբ փոխարինվում է հարձակողականությամբ՝ սկզբում ավելի թույլերի (փոքր երեխաներ, կենդանիներ), այնուհետև՝ հասակակիցների հանդեպ: Ընտանիքը, որտեղ առկա են դաժանությունը, ատելությունը, հոգեպես անլիարժեք է, և այդ պատճառով էլ հաճախ ձևավորվում են հոգեկան շեղումներով անձինք (օրինակ՝ ալկոհոլամոլների ընտանիքում):

Հոգեկանի վրա բացասաբար է ազդում հոգեկան հարմարավետության բացակայությունն աշխատանքում: Ծագած ընդհարումների ժամանակ, երբ հաճախ ներգրավվում են աշխատակիցները, դժվար է պահպանել ինքնատիրապետումը և անկողմնապահությունը: Բարձր հուզ. լարումը աղավաղում է տեղի ունեցածի գնահատումը: Ընդհարվողների նույնիսկ չեզոք խոսքերը և արարքներն ընկալվում են ոչ ճիշտ: Ընդհարումից հետո որոշ ժամանակ մի շարք մարդկանց մոտ կորչում է արդարամտությունը: Նվազում է աշխատանքի