Պարապմունքների բացթողումները ոչ միայն բաց տեղեր են գիտելիքներում, այլև մարզվածության նվազում, որի ֆոնի վրա նույնիսկ սովոր. բեռնվածությունը դժվարին կացություն է առաջացնում: Դրա համար սովորողների մոտ ուսման հանդեպ հետաքրքրության անընդհատ նվազումն ունի նաև ֆիզիոլոգ. բացատրություն՝ աշխատունակության կորուստ չմարզվածության պատճառով: Ուժից վեր բեռնվածությունը հանգեցնում է հոգեկան գերհոգնածության: Երբ ծնողների փառամոլ. պահանջները կատարող երեխայի առջև խնդիր են դնում, որը գերազանցում է նրա հոգեկան և ֆիզ. հնարավորությունները, դա հանգեցնում է ողբալի հետևանքների: Առաջանում են ոչ միայն ֆիզ. հոգնածության ախտանշաններ, այլև վատանում է հոգեկան վիճակը, որը կարող է դրսևորվել ընկճվածությամբ, անհիմն տագնապներով, անլիարժեքության տանջալի զգացումներով: Արդյունքում ի հայտ են գալիս բնավորության խանգարումներ (համառություն, նախանձ, չարակամություն): Այդպիսի մարդը նպատակին հասնելու համար կարող է օգտագործել ոչ բարոյական միջոցներ: Պ-ային նորմերի պահպանումը հնարավորություն է տալիս նրան զերծ պահել այդպիսի զարգացումից:
Հոգեկան ֆունկցիաների մարզումը կանխում է մտավոր կարողությունների տարիքային նվազումը, իսկ աշխարհայացքի, հետաքրքրությունների ոլորտի ընդլայնումը հոգևոր կյանքը դարձնում է լիարժեք նաև ծերության ժամանակ: Անձի զարգացման համար օգտակար է սահմանակից և լրացուցիչ մասնագիտությունների յուրացումը: Բարենպաստ են ազդում նաև օտար լեզուների ուսումնասիրությունը, արվեստի նոր ստեղծագործություններին ծանոթանալը:
Հանգստի ժամանակ մարդն ազատվում է առօրյա կյանքի գերբեռնվածությունից, վերականգնում է ուժերը: Հանգստի տեսակն ընտրում են՝ հետևելով ոչ միայն անձն. հետաքրքրություններին, այլև բժշկի խորհուրդներին: Բայց կարելի է տալ նաև մի քանի ընդհանուր հանձնարարականներ: Օրինակ՝ ցանկալի է, որ մարդն ակտիվ հանգիստն անցկացնի բնության գրկում: Ավելի լավ է պահպանել ուժերին համապատասխան ֆիզ. մարզվածություն՝ կանոնավոր լիցքային վարժություններից մինչև զբոսաշրջային արշավները (տես Զբոսաշրջություն): Հանգստից առաջ թույլատրելի ֆիզ. բեռնվածության չափը համաձայնեցնում են բժշկի հետ: Ճիշտ անցկացրած հանգիստը հետագա ամիսներին ապահովում է էներգիայի զգացողությունը, լավ տրամադրությունը և կայուն առողջությունը, իսկ ոչ ճիշտ հանգիստը կարող է հանգեցնել նույնիսկ առողջության վատացման: Հիմն. սխալները նման դեպքում կապված են էներգիան արագ «հավաքելու» և պակասը լրացնելու ցանկության հետ. հյուսիսաբնակները ձգտում են արևի ոչ խելամիտ, չափից ավելի օգտագործման, նստակյաց ապրելակերպ վարող քաղաքացին՝ դժվար զբոսաշրջային արշավների, ծանր աշխատանքային կանոնակարգմանը գամված մարդը ձգտում է չափից ավելի զվարճությունների: «Ազատության» գիտակցումը բարձրացնում է տրամադրությունը, հեշտությամբ կասկածելի ծանոթություններ են հաստատվում, շատ խմիչք է օգտագործվում: Ի վերջո վրա է հասնում դատարկության զգացողությունը, և հանգստի արդյունքն անհետանում է: Ռեժիմի կտրուկ փոփոխությունը և հանկարծակի բեռնվածությունը հանգեցնում են անցանկալի, երբեմն նաև կյանքի համար վտանգավոր հետևանքների:
Ամբողջ կյանքի ընթացքում Պ-ի կանոնների մշտ. և կայուն պահպանումը լիարժեք հոգեկան գործունեության և առողջության պահպանման գրավականն է:
ՊՍՈՐԻԱԶ, տես Որքին թեփատու:
ՊՏՂԱՋՐԵՐ, ապահովում են պտղի բնականոն զարգացումը, պտուղը պաշտպանում ճնշումից և արտաքին ցնցումներից, կանխում են պորտալարի սեղմումը, ապահովում նրա միջով անցնող արյան անոթների անվնասությունը: Արդյունքում ապահովվում է թթվածնի և սննդանյութերի անխափան մատակարարումը պտղին, ինչպես նաև պայմաններ են ստեղծվում նրա ազատ շարժումների համար: Ծննդաբերությունների ժամանակ Պ-ով լցված պտղապարկը նպաստում է արգանդի վզիկի ֆիզիոլոգ. բացմանը:
Պ. պարունակում են խաղողաշաքար, սպիտակուցներ, ճարպեր, հորմոններ, ֆերմենտներ, ինչպես նաև նյութափոխանակության ընթացքում պտղի արտաթորած այլ նյութեր: Պ-ի բաղադրության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս մանկաբարձին բավականին ճիշտ պատկերացում կազմել պտղի վիճակի մասին և անհրաժեշտության դեպքում ժամանակին բուժօգնություն ցույց տալ՝ դրանով նպաստելով նրա բնականոն զարգացմանը:
Պ-ի քանակությունը հղիության ընթացքում հասնում է 0,5-1,5 լ-ի, դրանց անբավարարությունը կամ չափից ավելի շատանալը (գերջրություն) կարող են պտղի բնածին այլանդակությունների պատճառ դառնալ. բացի այդ, գերջրությունը կարող է հղիության և ծննդաբերության շրջաններում բարդություններ առաջացնել (օրինակ՝ ծննդաբեր. գործունեության թուլություն, արյունահոսություն ևն): Գերջրությամբ հղի կանայք պետք է հոսպիտալացվեն ծննդատան ախտաբան. հղիության բաժանմունքում՝ հետազոտման և բուժման նպատակով: Առանձին դեպքերում գերջրության ժամանակ հղիության ընդհատման հարկ է լինում: Վաղաժամ (մինչև ծննդաբերության սկիզբը) Պ-ի արտահոսը կարող է հանգեցնել վտանգավոր բարդությունների՝ արգանդի խոռոչ վարակիչ հիվանդությունների հարուցիչների ներթափանցման: Հղի կանայք Պ-ի արտահոսը նկատելիս պետք է անմիջապես դիմեն ծննդատուն:
ՊՏՈՒՂ, մարդու օրգանիզմը ներարգանդային զարգացման 9-րդ շաբաթից մինչև ծնվելու պահը: Պ., սաղմից հետո, ներարգանդային զարգացման հաջորդ շրջանն է (նկարում սխեմատիկ ցույց է տրված Պ-ի զարգացումը՝ 8-ից մինչև 16 շաբաթը):
Մանկաբարձ կամ լուսնային ամսվա (28 օր) 1-ին ամսվա ընթացքում պտղաձվից զարգանում են սաղմը (էմբրիոն), սաղմնային թաղանթները, և սկսում է ձևավորվել Պ.: Մանկաբարձ. 2-րդ ամսվա վերջին սաղմի երկար. 3-3,5 սմ է, քաշը՝ 4 գ, 3-րդ ամսվա վերջին՝ երկար. 8-9 սմ, քաշը՝ մոտ 40 գ, գլուխը մեծ է, սեռ. օրգանները նշմարվում են, վերջույթներն սկսում են թույլ շարժվել: 4-րդ ամսվա վերջին Պ-ի երկար, մոտ 16 սմ է, քաշը՝ 115-120 գ, վերջույթների շարժումներն ավելի ակտիվ են (բայց կինը դեռևս չի զգում դրանք), պարզ որոշվում է Պ-ի սեռը:
5-րդ ամսվա վերջին Պ-ի երկար. հասնում է մինչև 24-26 սմ, քաշը՝ 280-300 գ, մաշկը նուրբ է, կարմիր՝ աղվամազերով ծածկված: Կինն զգում է նրա շարժումներից առաջացած թեթևակի հրոցներ: Այդ շրջանում լսվում են Պ-ի սրտի թույլ բաբախումներ: 6-րդ ամսվա վերջին Պ-ի երկար. մինչև 30 սմ է, քաշը՝ 600-700 գ, շարժումներն աշխույժ են: 7-րդ ամսվա վերջին Պ. աճում է մինչև 35 սմ, քաշը՝ 1000-1200 գ: Այդ շրջանում Պ. կարող է ծնվել ողջ, բայց դեռևս քիչ կենսունակ: 8-րդ ամսին Պ. կենսունակ է, սակայն այդ ժամկետում ծնվելիս նորածինը համարվում է անհաս և հատուկ խնամքի կարիք ունի (տես Անհաս երեխա): 8-րդ ամսվա վերջին պտղի երկար. մոտ 40 սմ է, քաշը՝ 1500-1600 գ, պտուղը կենսունակ է, բայց ծնվելուց հետո նույնպես պահանջում է հատուկ խնամք: 9-րդ ամսվա վերջին Պ. աճում է մինչև 45 սմ, քաշը՝ 2400-2500 գ: Զարգացման այդ շրջանում նկատվում է