Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանգեցնում են Պ-ի մահվան և ինքնաբեր վիժման, ծննդաբերության ժամանակ այդպիսի Պ. ենթակա է շնչահեղձության (ասֆիքսիա) և ներգանգային ծննդաբեր. վնասվածքների: Ներարգանդային կյանքի 4-րդ ամսից սկսած՝ Պ-ի զգայնությունն արտաքին միջավայրի վնասակար գործոնների հանդեպ փոքր-ինչ նվազում է, սակայն նախազգուշական բոլոր միջոցները հարկավոր է անպայմանորեն պահպանել:

Հղի կինը պետք է շատ ուշադիր լինի իր առողջության նկատմամբ (հատկապես՝ վաղ շրջաններում), խստորեն պահպանի հիգիենայի կանոնները, աշխատանքի և սննդի ռեժիմը (տես Հղիություն): Անհրաժեշտ է ժամանակին (դաշտանի կասեցման ի հայտ գալուց հետո՝ անմիջապես) դիմել կանանց կոնսուլտացիա՝ ոչ միայն հղիության հաստատման, այլև հիվանդությունների և վնասակար գործոնների հայտնաբերման համար, որոնք կարող են ազդել Պ-ի զարգացման վրա, ինչպես նաև կանոնավոր հսկողություն սահմանելու և անհրաժեշտության դեպքում ժամանակին բուժօգնություն ցույց տալու նպատակով:

Բարդացած հղիությունը և Պ-ի զարգացման խանգարումները հանգեցնում են մեռածածնության, վաղ մանկ. մահացության, ինչպես նաև երեխաների հիվանդության՝ կյանքի 1-ին և երբեմն հետագա տարիներին: Դրա համար պետ. կարևոր խնդիրներից մեկը եղել և մնում է այդ ցուցանիշները նվազեցնող հիգիենայի և բուժկանխարգելիչ միջոցառումների համակարգի ստեղծումը:

ՊՐՈԹԵԶՆԵՐ, տես Օրթոպեդիական սարքեր հոդվածում:

ՊՐՈԿՏԻՏ, տես Ուղիղ աղիքի բորբոքում:

ՊՐՈԿՏՈԼՈԳԻԱ, կլինիկ. բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է հաստ աղիքների հիվանդությունները: Պ-ի բնագավառում ՀՀ-ում հետազոտություններն սկսվել են 1976-ից: Ուսումնասիրվել են ուղիղ աղիքի վերջնային հատվածի տարածված հիվանդությունների պատճառագիտության, ախտածնության, կլինիկայի, ախտորոշման ու բուժման հարցերը: Մշակվել են էպիթելային խուղակների և պոչուկային բշտուռուցքների (կիստաներ), սուր և քրոնիկ. հարուղիղաղիքաբորբերի վիրահատ. բուժման մեթոդներ: Պ-ի հետագա զարգացումը պայմանավորված է բժիշկների կատարելագործման ինստ-ում (1997-ից՝ ազգային առողջապ-յան ինստ.), 1977-ին Լ. Նազարովի նախաձեռնությամբ Պ-ի ամբիոնի, 1982-ին՝ Պ-ի հանրապետ. կլինիկ. հիվանդանոցի (1985-ից՝ Պ-ի ԳՀԻ), 2000-ին՝ Ալ. Միքայելյանի անվ. վիրաբուժության ինստ-ում կոլոպրոկտոլոգիայի կենտրոնի հիմնադրմամբ: Զբաղվել են Այսրկովկասում ուղիղ աղիքի հիվանդությունների տարածվածության, սուր և քրոնիկ. հարուղիղադիքաբորբի, շեքի և սրբոսկրապոչուկային շրջանի թարախային ախտահարումների, ուղիղ աղիքի ոչ ուռուցքային հիվանդությունների և քաղցկեղի կանխարգելման ու համալիր բուժման, ստամոքսաղիքային համակարգի ընդերադիտման մեթոդների որոնման, ստամոքսաղիքային համակարգի ծավալուն վիրահատություն կրած հիվանդների վերականգնման հարցերով: Կոլոպրոկտոլոգիայի կենտրոնում առաջարկվել և հաջողությամբ կատարվում է գրացիլոպլաստիկա՝ ուղիղ աղիքի սեղմանի անբավարարության վերացման վիրահատ. մեթոդ:

ՊՐՈՍՏԱՏԻՏ, տես Շագանակագեղձի բորբոքում:

ՊՐՈՎԻԶՈՐ, տես Դեղագետ:

ՊՈՒԼՊԻՏ, տես Կակղենու բորբոքում ատամի:

ՊՈՒԼՍ, տես Անոթազարկ:

ՊՈՒՆԿՑԻԱ, տես Ընդծակում:


Ջ

ՋԵՌԱԿ, կիրառվում է օրգանիզմի հյուսվածքների տեղային և ընդհանուր տաքացման համար: Մարմնի՝ Ջ. դրված հատվածում ուժեղանում է արյան հոսքը, որն էլ պայմանավորում է ցավամոքիչ և ներծծող ազդեցությունը (վերջինս կախված է ոչ այնքան Ջ-ի ջերմաստիճանից, որքան ազդեցության տևողությունից): Թողարկվում են հետևյալ Ջ-ները. տարբեր տարողության ռետինե պարկիկներ (№ 1-1 լ, № 2-2 լ, № 3-3 լ)՝ համակցված հատուկ սարքի հետ, ինչպես նաև երեխաների, համար («Ձկնիկ», «Արևիկ» ևն), էլեկտր. ջերմակիրներ: Քիմ Ջ-ները հիմնականում կիրառվում են ռազմադաշտային պայմաններում: Ջ. չլինելու դեպքում կարելի է օգտագործել խցանով ամուր փակվող շիշ: Տեղային տաքացման համար օգտագործվում է չոր ջերմություն, որի համար կիրառվում է տաքացված ավազ կամ մանրաձավար (ամուր գործվածքե պարկի մեջ լցված): Ռետինե Ջ-ի ծավալի մոտ 2/3-ը պետք է ջուր լցնել, մնացած օդը զգուշորեն հանել, ամուր փակել և խցանը չորացնել: Ապա ստուգել Ջ-ի հերմետիկությունը, փաթաթել սրբիչով կամ տեղավորել գործվածքե պատյանում: Շատ տաք Ջ. սկզբում դնել ծածկոցի, մի փոքր սառելուց հետո՝ սավանի, և ապա մարմնի վրա:

Անհրաժեշտության դեպքում Ջ. կարելի է երկար ժամանակ օգտագործել, բայց այրվածքներից և մաշկի գունակավորումից խուսափելու համար նախապես այդ հատվածին պետք է վազելին քսել: Մաշկային զգայնության խանգարմամբ կամ անգիտակից վիճակում գտնվող հիվանդներին խորհուրդ չի տրվում Ջ. օգտագործել: Նույնը վերաբերում է նաև էլեկտր. Ջ-ի կիրառմանը:

Ջ. կարելի է օգտագործել միայն բժշկի խորհրդով: Պետք է հիշել, որ որովայնի խոռոչի սուր բորբոքումների (օրինակ՝ որդանման ելունի, լեղապարկի ևն) դեպքում, սալջարդի 1-ին օրերին, մաշկի վնասումների, վերքային վարակների (տես Վերքեր), չարորակ նորագոյացությունների և այլ դեպքերում Ջ. կարող է առաջացնել լուրջ, նույնիսկ մահացու բարդություններ: