Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/586

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պետք է խիստ զգուշություն պահպանել որովայնի սուր ցավի ժամանակ, որը կարող է առաջանալ որովայնամզի թարախային բորբոքման պատճառով (տես Որովայնամզի բորբոքում): Քրոնիկ. բորբոքային գործընթացների, վնասվածքների հետևանքների դեպքում չոր ջերմության տեղային ազդեցությունը Ջ-ի ձևով կարող է բարերար լինել: Բայց նման դեպքերում նույնպես անհրաժեշտ է նախապես խորհրդակցել բժշկի հետ:

Ցրտահարության ժամանակ Ջ. օգտագործվում է որպես 1-ին օգնություն: Տես նաև Ջերմաբուժություն:

ՋԵՌՈՒՑՈՒՄ, օդի արհեստ. տաքացումը փակ շինություններում, իրականացվում է տարվա ցուրտ եղանակին՝ ջերմաստիճանը պահանջվող մակարդակում պահպանելու համար: Ջ. ունի կարևոր հիգիենային նշանակություն, քանի որ շինությունների գերտաքացումը կամ սառեցումը կարող են խախտել օրգանիզմի ջերմային հավասարակշռությունը: Ցածր ջերմաստիճանի դեպքում տեղի է ունենում ուժեղ ջերմատվություն, մարդը ենթարկվում է գերսառեցման, որը կարող է տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Սենյակի բարձր ջերմաստիճանի դեպքում դժվարանում է օրգանիզմի ջերմատվությունը, որը հանգեցնում է ջերմափոխանակության խանգարման, դրա հետևանքով առաջանում են գլխացավեր, աշխատունակության անկում: Մարդու ինքնազգացողության վրա զգալիորեն ազդում են նաև օդի խոնավությունն ու շարժունությունը: Էական նշանակություն ունի միատեսակ ջերմաստիճանի պահպանումը հորիզոն. և ուղղահայաց ուղղություններով: Շինությունների Ջ-ման համար կիրառում են տեղային կամ կենտր. ջեռուցիչ համակարգեր: Որպես ջերմակիրներ օգտագործում են ջուրը, գոլորշին կամ օդը:

Ջ-ման տեղային համակարգերից առավել տարածված է վառարանային Ջ. , որի համար օգտագործվում է պինդ վառելիք (փայտ, քարածուխ, տորֆ): Այս Ջ. գերակշռում է գյուղ. վայրերում: Կենտր. Ջ-ման համակարգից, հիգիենային առումով, նախապատվությունը տրվում է ցածր ճնշման ջրային Ջ-մանը:

Ջ-մանը ներկայացվող հիմն. հիգիենային պահանջներն են (անկախ կիրառվող համակարգից) առավել բարենպաստ միկրոկլիմայի ստեղծումը (օրինակ՝ ջերմաստիճանը՝ 18—22°C, օդի հարաբեր. խոնավությունը՝ 30-60%, օդի շարժման արագությունը՝ 0,1-0,3 մ/վրկ) և ներքին ջերմաստիճանի բավարար կայունությունը: Օրվա ընթացքում թույլատրելի են ջերմաստիճանի տատանումները, վառարանային Ջ-ման դեպքում 6°C-ից ոչ ավելի, իսկ կենտր-ի դեպքոլվ՝ 3°C: Ջերմաստիճանի տարբերությունը հորիզոն. ուղղությամբ՝ պատուհաններից մինչև հակառակ պատը, չպետք է գերազանցի 2°C, իսկ ուղղահայաց ուղղությամբ՝ 1°0՝ շինության բարձրության յուրաքանչյուր մետրի համար: Անհրաժեշտ է կանխել այրման վնասակար նյութերը (տես Շմոլ գազ) շինություն թափանցելու հնարավորությունը և թույլ չտալ նրա աղտոտումը վառելիքով կամ մոխրով: Ջեռուցիչը տեղագրելիս պետք է նախատեսել համակարգի մաքրման մատչելիությունը:

Տես նաև Բնակարան:

ՋԵՐՄԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, թերմոթերապիա, ջերմային ազդեցությամբ տարբեր ֆիզ. գործոնների կիրառումը բուժիչ նպատակով:

Օրգանիզմի վրա ջերմային ազդեցության համար լայնորեն օգտագործվում են զանազան ջերմակիրներ, ջուր (տես Ջրաբուժություն, Ջեռակ), տարբեր ցեխեր (տես Ցեխաբուժություն), շիկացման լամպեր (անդրադարձիչով)՝ ընդհանուր և տեղային լուսային լոգանքների համար, ենթակարմիր ճառագայթման լամպեր (տես Լուսաբուժություն), չոր օդային լոգանքներ, ինչպես նաև բարձր հաճախության էլեկտրամագնիս. դաշտեր (տես Էլեկտրաբուժություն):

Ջ-յան ազդեցությունն օրգանիզմի վրա որոշվում է տեղային և ընդհանուր հակազդեցություններով, որոնց դրսևորումը կախված է ազդող գործոնի ֆիզ. հատկություններից, ջերմային ազդեցության ուժգնությունից և տևողությունից, տեղադրման հատվածի մեծությունից:

Ջ. հիմնականում արտահայտվում է արյան և ավշի շրջանառության լավացմամբ, որով էլ պայմանավորված է բուժման հակաբորբոքային, ցավամոքիչ և ներծծող ազդեցությունը:

Ջ. կիրառում են միայն բժշկի նշանակմամբ՝ ծայրամասային նյարդային համակարգի, ներքին օրգանների, հենաշարժ. ապարատի, կանանց սեռ. օրգանների, մաշկի և այլ հիվանդությունների դեպքերում: Ջ. ինքնուրույն կիրառելը վտանգավոր է, որովհետև շատ ջերմային արարողություններ հակացուցված են սրտի, արյան անոթների հիվանդությունների, ուռուցքների, արյունահոսության հակում ունենալու դեպքերում:

Բուժարարողությունից առաջ և հետո անհրաժեշտ է 10-15 ր հանգստանալ: Եթե Ջ-ից հետո ինքնազգացողությունը վատանում է, պետք է հայտնել բժշկին, ցուրտ եղանակին՝ տաք հագնվել: Տնային պայմաններում ջերմային բուժարարողության չափը, տևողությունը, ազդող գործոնի ջերմաստիճանը պետք է համապատասխանեն բժշկի նշանակումներին:

ՋԵՐՄԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ, մարմնի ջերմաստիճանի հաստատունությունն ապահովող ֆիզիոլոգ. ֆունկցիա, կատարվում է օրգանիզմի ջերմատվության և ջերմարտադրության կարգավորման միջոցով: Չնայած շրջակա միջավայրի ջերմաստիճանի տատանումներին՝ մարդու մարմնի ջերմաստիճանը գրեթե միշտ հաստատուն է: Այն ապահովում են Ջ-ման ֆիզիոլոգ. գործընթացները, ու այդ ջերմաստիճանն ամենաբարենպաստն է նյութերի և էներգիայի փոխանակության ռեակցիաների համար: Մարդու և տաքարյուն կենդանիների օրգանիզմում անընդհատ տեղի են ունենում ջերմարտադրություն և ջերմատվություն դեպի արտաքին միջավայր: Եվ էներգիան միշտ ծախսվում է որևէ աշխատանքի համար, որի արդյունքում (ավելի ճիշտ դա ապահովող քիմ. ռեակցիաների հետևանքով) առաջանում է ջերմություն: Վերջինս առավել արագ գոյանում է մկանների, լյարդի և երիկամների աշխատանքի ընթացքում: Հանգիստ վիճակում մարդու օրգանիզմում ջերմության 70 %-ն արտադրվում է ներքին օրգանների, իսկ 30 %-ը՝ մկանների կողմից, որոնց մկանաթելերն աննշան և շատ թույլ, բայց մշտապես կծկվում են՝ նույնիսկ լրիվ հանգստի վիճակում, իսկ ֆիզ. աշխատանք կատարելիս ջերմագոյացումը մի քանի անգամ մեծանում է՝ հիմնականում մկանների գործունեության հաշվին: Օրգանիզմը ջերմություն կորցնում է՝ գլխավորապես մաշկի միջոցով, ավելի պակաս՝ շնչառության, միզարձակման և կղման ժամանակ:

Ջ. իրականանում է ջերմագոյացման ուժեղացման (թուլացման) կամ ջերմատվության ուժգնության փոփոխության հաշվին: Ջերմարտադրությունը հիմնականում կախված է մկանների աշխատանքի լարվածությունից: Ջ-ման օրինակ է ցուրտ եղանակին հանգիստ պայմաններում մկանային դողը, որի հաշվին ջերմարտադրությունը կարող է 3 անգամ մեծանալ: Օրգանիզմի ջերմատվությունը տեղի է ունենում ջերմաճառագայթման, ջերմահաղորդման (շրջապատի առարկաներին հպվելու) միջոցով, մաշկի (տես Քրտնարտադրություն) և թոքերի կողմից ջրի գոլորշիացմամբ:

Մարդու բնականոն կենսագործունեությունը հնարավոր է ընդամենը մի քանի