համակարգն ապահովում է սրտի գործունեության կարգավորումը: Սիրտը ստանում է ինչպես սիմպաթիկ, այնպես էլ պարասիմպաթիկ նյարդաթելեր, որոնք, առաջացնելով հյուսակներ, ապահովում են նյարդավորումը (տես Վեգետատիվ նյարդային համակարգ):
Սրտամկանի հիմն. հատկություններն են դրդելիությունը, ինքնավարությունը (ավտոմատիզմը), հաղորդելիությունը և կծկելիությունը: Դրդելիությամբ օժտված են սրտամկանի բոլոր բջիջները: Ինքնավարությունը պայմանավորված է սրտամկանի որոշ բջիջների ինքնակամ կծկվելու ունակությամբ: 1 ր-ում առավել շատ կարող են դրդվել ծոցային հանգույցի բջիջները, որոնք էլ ռիթմ են հաղորդում սրտային կծկումներին: Բնականոն պայմաններում սիրտը 1 ր-ում կծկվում է 60-80 անգամ: Դրդման հաղորդելիությունը սրտամկանում իրականանում է բջիջների միջև տեղի ունեցող էլեկտրաքիմ. փոխազդեցության միջոցով: Այդ ժամանակ առաջանում է էլեկտրաշարժիչ ուժ, որը կարելի է գրանցել մարմնի ցանկացած կետում: Ժամանակի ընթացքում փոփոխվող սրտի էլեկտրաշարժիչ ուժի գրաֆիկ. գրանցումը կոչվում է էլեկտրասրտագրություն (ԷՍԳ): Այն գրանցվում է հատուկ սարքով՝ էլեկտրասրտագրիչով: Սրտի աշխատանքն ունի փուլային (ցիկլային) բնույթ: Փուլի սկիզբ է համարվում սինուսային ծոցում դրդման առաջացման պահը: Թուլացած նախասրտերն ու փորոքներն այդ ժամանակ լցված են արյունով: Դրդման ազդեցության տակ նախասրտերը կծկվում են, և փորոքներ է անցնում արյան լրացուցիչ քանակ: Այնուհետև դրդվում են փորոքները: Դրդման տարածման ընթացքով շարժվում է սկսվող կծկման ալիքը (ոչ միաժամանակյա կծկման փուլ): Կծկման ուժի մեծացման հետ, երբ ճնշումը փորոքներում սկսում է գերազանցել նախասրտերում եղած ճնշմանը, փակվում են փեղկավոր փականները, և սկսվում է նույնաչափ (իզոմետրիկ) կծկման փուլը, երբ փորոքների չփոփոխված ծավալում ճնշումը շարունակում է բարձրանալ: Այս փուլը վերջանում է այն պահին, երբ ճնշումը փորոքներում սկսում է գերազանցել սրտից դուրս եկող անոթների ճնշմանը, և բացվում են կիսալուսնաձև փականները: Այնուհետև արյունը սրտից արտամղվում է անոթների մեջ: Կծկման նշված փուլերը և արյան արտամղման շրջանը կազմում են սրտի սիստոլան (կծկումը): Այնուհետև սիրտը թուլանում է, անոթներում եղած ճնշման ազդեցության տակ կիսալուսնաձև փականները փակվում են, և սիրտը շարունակում է թուլանալ բոլոր փականների փակ վիճակում: Դա նույնաչափ թուլացման փուլն է: Հենց որ փորոքների ճնշումն աննշան նվազում է նախասրտերում կուտակված արյան ճնշումից, փեղկավոր փականները բացվում են, և սկսվում է փորոքների արյունալցման շրջանը: Այնուհետև սկսվում է հաջորդ փուլը: Նույնաչափ թուլացման փուլը, փորոքների լցման ժամանակաշրջանը և նախասրտերի սիստոլան կազմում են սրտի դիաստոլան:
Սիրտն արյունը դեպի անոթներ է արտամղում առանձին բաժիններով, և ստեղծվում է առավելագույն ճնշում՝ մոտ 120 մմ ս.ս., որն այդպիսին է նաև խոշոր անոթներում (տես Արյան ճնշում): Սակայն այն պահին, երբ արյունը սրտից չի անցնում անոթների մեջ, ճնշումն այնտեղ 70-80 մմ u.u-ից ցածր չի իջնում: Հասուն մարդու օրգանիզմում եղած մոտ 5 լ արյունը լրիվ շրջանառություն է կատարում մոտ 1 ր-ում: Եթե որևէ օրգանում արյան ավելի մեծ քանակի պահանջ է զգացվում, ապա դա ապահովվում է զարկերակիկների լուսանցքի լայնացման, մեծ թվով մազանոթների բացման և ապա՝ սրտի աշխատանքի մեծացման հաշվին: Այն մեծանում է 1 կծկման ընթացքում մղվող արյան քանակի ավելացման (հարվածային ծավալ), ինչպես նաև սրտի կծկումների հաճախացման հաշվին: Սրտի 1 ր-ում մղած արյան քանակը (րոպեական ծավալ) բնականոն պայմաններում պայմանավորված է մարմնի հասակով և քաշով: Սրտի միասնական գործունեության գնահատման համար պետք է հաշվել սրտի ցուցիչը, այսինքն՝ 1 ր-ում արտամղվող արյան քանակը մարմնի 1 մ² մակերեսի հաշվով (այդ ցուցանիշը 1,9-3,3 լ է):
Արյան շրջանառությունը կարգավորում է նյարդային համակարգը՝ արյան մեջ հորմոնների կոնցենտրացիայի փոփոխության և սրտի ինքնակարգավորման հաշվին: Արյան շրջանառության, արյան ճնշման և թթվածնի, ածխաթթու գազի ու ջրածնի իոնների կոնցենտրացիայի վիճակի մասին ազդանշանները հաղորդվում են կենտրոնական նյարդային համակարգ՝ աորտայում և խոշոր անոթներում եղած նյարդային վերջույթներից (ընկալիչներից): Բոլոր ներքին օրգաններից կենտր. նյարդային համակարգ ինֆորմացիա է գնում արյունամատակարարման պահանջի մասին: Կենտր. նյարդային համակարգից ուղարկվող նյարդային ազդակների ազդեցությամբ մկանային անոթները փոխում են իրենց տրամագիծը, այսինքն՝ փոխվում է ծայրամասային դիմադրությունն արյան հոսքին, սիրտը փոխում է կծկումների ուժն ու հաճախությունը, դրդման հաղորդման արագությունը, կարգավորում է դրդելիությունը: Թափառող նյարդի ազդակները թուլացնում են կծկումների ուժը, դանդաղեցնում հաճախությունը, դրդման հաղորդումը և նվազեցնում դրդելիությունը: Սիմպաթիկ նյարդերը և հորմոնային կարգավորիչներն առաջացնում են ճիշտ հակառակ ազդեցություն: Օրինակ՝ ադրենալինն ու թիրօքսինը մեծացնում են սրտի կծկումների թիվը 1 ր-ում, իսկ նորադրենալինը՝ կծկումների ուժը: Նյարդային համակարգի, արյան քիմ. նյութերի և բուն օրգանների ռեֆլեքսների գումարային կարգավորիչ ազդեցությունը Ս.հ-ի վրա ապահովում է յուրաքանչյուր օրգանի արյունամատակարարման պահանջը՝ յուրաքանչյուր կոնկրետ ժամանակահատվածում:
Սրտի արտամղած արյունն իր հետագա ուղին շարունակում է զարկերակներով:
Արյան փոքր շրջանառության զարկերակներից են թոքային ցողունը, ինչպես նաև աջ և ձախ թոքային զարկերակները, որոնք երակային արյուն են տանում դեպի թոքերը: Երակներից են 2 աջ և 2 ձախ թոքային երակները, որոնք զարկերակային արյունը թոքերից տանում են դեպի ձախ նախասիրտը:
Արյան մեծ շրջանառության զարկերակներից է գլխ. զարկերակային անոթը՝ աորտան, որն սկսվում է ձախ փորոքից, ճյուղավորվում և զարկերակային արյուն է մատակարարում բոլոր օրգաններին ու հյուսվածքներին:
Ս.հ-ի հետազոտության մեթոդները տարբեր են և պայմանավորված են նրանով, թե սրտի աշխատանքի կամ արյան շրջանառության որ վիճակն է անհրաժեշտ ստուգել: Օրինակ՝ սրտային անբավարարությունը հայտնաբերվում է հիվանդի մանրամասն հարցուփորձի, ինչպես նաև զննման, շոշափման, թոքերի լսման, մարմնի քաշի ավելացման, ցերեկային և գիշերային մեզի ծավալի ու խտության որոշման, սրտի ու թոքերի ռենտգենաբան. պատկերի գնահատման միջոցով: Կան նաև մի շարք բարդ սարքավորումային հետազոտության մեթոդներ սրտի կծկողական ֆունկցիայի ցուցանիշների գնահատման համար: Սրտամկանի արյունամատակարարման անբավարարության ախտորոշման ու առանձին հատվածների ախտահարման, սրտի ռիթմի և ներսրտային հաղորդելիության խանգարման բնույթի որոշման համար կարևոր նշանակություն ունի էլեկտրասրտագր. հետազոտությունը,