Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/639

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է հիվանդանում, այն արտահայտվում է գլխուղեղի թաղանթների և գլխուղեղի ախտահարումներով (շատ ծանր ընթացքով): Հիվանդները հաջողությամբ բուժվում են հակաբիոտիկներով:

Մաշկասնկիկները (դերմատոֆիտները) մաշկի սնկիկային հիվանդությունների հարուցիչներ են (համեմատաբար ոչ մեծ խումբ են): Համարյա բոլորը բացարձակ մակաբույծներ են, և միայն գիպսանման միկրոսպորումն է մշտապես ապրում հողում՝ հազվադեպ ախտահարելով մարդու մաշկը, մազերն ու եղունգները: Ըստ ախտածին հատկանիշների՝ տարբերում են մաշկասնկիկների 2 խումբ՝ մի մասը միայն մարդու մակաբույծներ են, մյուսները՝ հիմնականում կենդանիների, որոնցից վարակվում է մարդը: 1-ին խմբին պատկանում են մակերեսային տրիխոֆիտիայի հիմն. հարուցիչ՝ մանուշակագույն տրիխոֆիտոնը, գոնջի հարուցիչ՝ շենլեյնի ախորիոնը և ժանգագույն միկրոսպորումը, որն առաջացնում է մակերեսային միկրոսպորիա, ինչպես նաև ոտնաթաթի սնկախտի (տես Սնկախտեր ոտնաթաթի) հարուցիչ սնկիկները (ախտահարում են մաշկը, ոտքերի ու ձեռքերի եղունգները): Այս մաշկասնկիկներով ախտահարվում են հիվանդ մարդու հետ շփվելիս կամ սնկամարմնի թելիկներ և սնկիկների սպորներ պարունակող մաշկի, եղունգների թեփով կամ վարակված (կոտրտված) մազերով ախտահարված առարկաների միջոցով: Առավել հաճախ վարակվում են երեխաները:

2-րդ խմբում մկների ու առնետների տրիխոֆիտիայի հարուցիչ գիպսանման տրիխոֆիտոնն է, հիմնականում կովերի ու հորթերի տրիխոֆիտիայի հարուցիչ գորտնուկավոր տրիխոֆիտոնը և կատուների ու շների (այս սնկիկների հիմնական կրողները), միկրոսպորիայի հարուցիչ խավոտ միկրոսպորումը: Մարդը այս հիվանդություններով վարակվում է հիվանդ կենդանու կամ դրա մազերով վարակված առարկաների հետ անմիջականորեն շփվելիս: Որոշ մաշկասնկիկներ առաջացնում են իրանի և վերջույթների մաշկի ալերգ. (տես Ալերգիա) բնույթի ցաներ, որոնք երբեմն ուղեկցվում են վատ ինքնազգացողությամբ, ջերմաստիճանի բարձրացումով և գլխացավերով:

Շինության հատակին, պատերին, կենցաղային առարկաների վրա սնկիկներն ընկնում են հիվանդ կենդանիների ու մարդու մաշկի, եղունգների թեփուկներից, կոտրտված մազերից (բրդից): Թեփուկներում դրանք սնկամարմինների թելիկների և սպորների ձևով են: Մաշկասնկիկների առաջացրած հիվանդությունների կանխարգելումը տես Մաշկի սնկիկային հիվանդություններ, Միկրոսպորիա, Տրիխոֆիտիա, էպիդերմոֆիտիա աճուկային հոդվածներում:

Հատուկ խումբ են սպորոտրիխում (սպորոտրիխոզի հարուցիչները) և հորմոդենդրում ցեղերի (քրոմոմիկոզի հարուցիչները) սնկիկները, որոնք առաջացնում են մաշկի և ենթամաշկային բջջանքի խորը, քրոնիկ. ընթացող խոցային ախտահարումներ:

Սպորոտրիխում և հորմոդենդրում սնկիկները տարածված են բնության մեջ, սապրոֆիտներ են, բնակվում են հողում, բույսերի վրա և հազվադեպ դառնում են մակաբույծներ:

Սպորոտրիխոզով (մարդը, ինչպես նաև ձիերը, շները, առնետները), քրոմոմիկոզով (միայն մարդը) առավել հաճախ հիվանդանում են գյուղ. վայրերում՝ բույսերի փշերով, ծղոտով մաշկը վնասելիս: Հիմնականում ախտահարվում են ձեռքերը, ոտքերը, դեմքը:

Կանխարգելումը սահմանափակվում է մաշկի տարբեր (այդ թվում՝ բույսերի ցողունների քերծելուց, փշերի ծակելուց առաջացած) վնասվածքների մանրակրկիտ մշակումով:

ՍՆՆԴԱԿԱՐԳ, դիետա, մարդու (հաճախ հիվանդի) սննդի օրաբաժին և ռեժիմ: Ս-ի հիմքում ընկած է սննդանյութերով մարդու օրգանիզմի ֆիզիոլոգ. պահանջների բավարարումը: Պետք է Ս. հարմարեցվի նաև հիվանդությունների ժամանակ կամ շրջակա միջավայրի (հատուկ) ազդեցության պայմաններում խանգարված նյութափոխանակային գործընթացներին՝ նախատեսելով վնասված օրգանի և օրգանիզմի խանգարված ֆունկցիաների խնայումը:

Այդ նպատակով ընտրվում է հատուկ տեխնոլոգ. մշակման ենթարկված որոշակի սննդամթերք: Սննդի ընդունումը (հանձնարարված)՝ որոշակի քանակ. և որակ. հարաբերակցությամբ, հարմարեցվում է որոշակի ժամերի: Առավել տարածված են խոցային հիվանդությունների, լեղապարկի, հաստ աղիքի բորբոքումների, ճարպակալման, շաքարախտի և այլ հիվանդությունների Ս-երը: Յուրաքանչյուր Ս., կախված հիվանդության շրջանից և փուլից, ունի հաջորդական կիրառվող մի քանի տարբերակ: Անհատ. ցուցանիշների հիման վրա, որպես կանոն, հիվանդանոցում նշանակվում են կարճ ժամկետով (1-2 օր) բեռնաթափման օրեր, որոնք կազմվում են տարբեր սկզբունքով: Առավել տարածված են տվյալ օրն օգտագործվող մթերքի անվանմանը (մսի, ձկան, բանջարեղենի, մրգի ևն) համապատասխան բեռնաթափման օրերը: Երկարատև ինքնակամ քաղցաբուժությամբ տարվելը մեծ մասամբ վտանգավոր է: Ժամանակակից պայմաններում հաճախ հանդիպող ճարպակալման դեմ նրբագեղության, երբեմն էլ բժշկ. նկատառումներով պայքարը ծնունդ է տվել բազմաթիվ ինքնուրույն, գրավիչ, գովազդային անվանումներով Ս-երի, որոնցից շատերը չունեն բժշկ. գիտ. հիմքեր, իսկ մի մասն էլ անհեթեթությունների հասնող առաջարկներ են:

Անհատ. Ս-ի նպատակահարմար ընտրությունը կատարում է բժիշկը: Բժշկի հետ չհամաձայնեցրած Ս-ի կիրառումը կարող է օրգանիզմի համար վնասակար լինել: Տես նաև Բուժական սնունդ:

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՊԽՏՈՒՄ, պահածոյման ձևերից է, զուգակցվում են չորացման, աղելու, ջերմային մշակման (տաք ապխտման դեպքում) և ծխի մանրէասպան ազդեցությունները: Ապխտելուց մսամթերքը (ազդրամիս, երշիկ, կրծքամիս, մսեղիք ևն) և ձկնամթերքն ունենում են յուրահատուկ հաճելի բուրմունք, համ և տեսք, ինչպես նաև պահպանվում են փչանալուց:

Ապխտում են միայն բացարձակ թարմ, լավորակ մթերքը: Ապխտման ենթակա մթերքն աղ է դրվում, ընդ որում, սառը ապխտելուց առավել շատ: Ծխահարման համար օգտագործում են հատուկ՝ կաղնու, լաստենու փայտ, իսկ մթերքի համը լավացնելու նպատակով ավելացվում են գիհու հատապտուղներով ճյուղեր, դաղձ ևն: Ապխտման տևողությունը կախված է մթերքի տեսակից և ծխի ջերմաստիճանից: Տարբերում են տաք և սառը ապխտած մթերքներ: Տաք ապխտումը տևում է մի քանի ժ, 80-140°C ջերմաստիճանի պայմաններում, և քանի որ դրանք շուտ են փչանում, պետք է պահել սառնարանում: Սառը ապխտումը կատարվում է +25-ից +40°C-ի պայմաններում՝ աղի, ծխի, չորացման միջոցով, ջերմաստիճանային գործոնը այս դեպքում նշանակություն չունի: Մթերքն ապխտելիս օգտագործում են նաև ծխահարող հեղուկ: Տնային պայմաններում ապխտումը չի երաշխավորում լավորակ և անվնաս մթերք՝ կապված տեխնոլոգ. որոշ բարդությունների հետ: Սննդային թունավորումները (մասնավորապես բոտոզիզմը) հանդիպում են հիմնականում տնային պայմաններում ապխտած մթերք օգտագործելիս (տես Սննդային թունավարակում):

Ապխտած մթերքի օգտագործումը վատ է անդրադառնում մարսողության, արտաթորության օրգանների, նյութափոխանզկության վրա, ուստի մի շարք հիվանդությունների