Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/651

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձրացմամբ: Տարբեր հիվանդություններ միանալու, ինչպես նաև ռախիտի սրացման դեպքում գաղտնի ձևից անցնում է ակնհայտի, առաջանում են տարբեր մկանների ջղաձգություններ: Հաճախ երեխայի ճչալու կամ լացի ժամանակ նկատվում են ձայնաճեղքի սեղմում և մկանների ջղաձգային կծկումներ (կարող է մի քանի վրկ բերանը բաց կարկամել): Շնչառությունը լինում է հոգոցանման կամ աքաղաղի կանչի նման: Երեխաների շնչառությունը մեծ մասամբ մի քանի վրկ-ից վերականգնվում է, բայց երբեմն կարող է լրիվ դադարել: Լինում են նաև ձեռքի և ոտնաթաթի մկանների կծկումներ, որոնք կարող են շարունակվել մի քանի ժ-ից մինչև մի քանի օր: Հազվադեպ են հանդիպում կրծքավանդակի և բրոնխների մկանների ջղաձգություններ, որոնք շատ վտանգավոր են (ուղեկցվում են շնչահեղձությամբ):

Առավել վտանգավոր են գիտակցության կորստով ընդհանուր ջղաձգությունները, երբ հիվանդը սկզբում գունատվում է, դեմքի մկանները ցնցվում են, այնուհետև առաջանում են ընդհանուր ջղաձգություններ: Գլուխը հետ է թեքվում, շրթունքները կապտում են, շնչառությունը խանգարվում է, նկատվում է թքարտադրություն, իսկ երբեմն էլ՝ ակամա միզարձակում և կղում: Ջղաձգություններն օրվա մեջ կարող են կրկնվել մի քանի անգամ (սովորաբար 20-30 ր) և դադարելուց հետո, որպես կանոն, որևէ հետևանք չեն թողնում: Հազվադեպ են շնչառության կամ սրտի գործունեության դադարից մահացությունները:

Ջղաձգությունների դեպքում անհրաժեշտ է շտապ բժիշկ կանչել, ստեղծել հանգիստ իրավիճակ, իսկ մինչև բժշկի գալը, երեխայի շնչառությունը դժվարանալիս ապահովել մաքուր օդ, թթվածին (թթվածնային բարձիկով): Նոպայից հետո որոշ ժամանակ արգելվում են կովի կաթը, բանջարեղենը:

Կանխարգելումը նույնն է, ինչ ռախիտինը. երեխայի ճիշտ խնամք (տես Կրծքի երեխա, Մսուրային տարիք), անհրաժեշտ և բավարար սնունդ, կանոնավոր մաքուր օդ, արհեստ. կերակրման ժամանակ սահմանափակել կովի կաթը, իսկ ռախիտի ախտանշանների դեպքում՝ դիմել բժշկի:

ՍՊԵՂԱՆԻՆԵՐ, արտաքին օգտագործման դեղաձև. օժտված են մաշկին կիպ կպչելու հատկությամբ: Օգտագործում են վիրակապերն ամրացնելու, վերքի ծայրերը մոտեցնելու, կոտրված ոսկրերը ձգելու, ինչպես նաև մաշկի վրա տեղային բուժիչ ազդեցության նպատակով: Ս-ի որոշ տեսակներ կպչունությունը ձեռք են բերում բավականաչափ տաքացնելիս (օրինակ՝ ցինկ-ժելատինային մածուկը), մյուսները փափկում և մաշկին են կպչում մարմնի ջերմաստիճանի պայմաններում: Տնային պայմաններում օգտագործում են հենց այդ Ս.:

ժամանակակից բժշկության մեջ տարածում են գտել կպչուն Ս. (լեյկոպլաստիրներ), բևեկնախեժի, մեղրամոմի, ցինկի օքսիդի, լանոլինի և կաուչուկի համասեռ զանգվածը՝ շիֆոնի վրա բարակ շերտով քսված: Սրանցով ամրացնում են վերքի, քերծվածքների վրա դրվող փոքր վիրակապերը: Արտադրվում է ժապավենի գլանափաթեթներով՝ 1-8 սմ x 5 մ և առանձին թերթիկների ձևով՝ 4 սմ x 10 սմ, 6 սմ x 10 սմ չափսերով:

Բակտերիասպան Ս., լեյկոպլաստիրի շերտ է՝ միջին մասում թանզիֆե նեղ խծուծով, թանզիֆը ներծծված է բակտերիասպան դեղանյութով: Օգտագործում են որպես վիրակապ՝ փոքր վերքերի, քերծվածքների, այրվածքների ժամանակ: Ս. դնելու համար նրանից կտրում են մի կտոր՝ այն հաշվով, որ խծուծը փակի վերքի մակերևույթը, և հանում են թանզիֆի կամ ցելոֆանի շերտը, վերքի վրա դնում են հականեխիչ խծուծը և սպեղանին կպցնում վերքը շրջապատող մաշկին: Կոշտուկային Ս., սալիցիլաթթվի, բևեկնախեժի, պարաֆինի, պետրոլատումի խառնուրդ, փաթեթների պարունակությունը 3-ական գ է: Օգտագործվում են կոշտուկը հեռացնելու համար, Ս. (ավելի լավ է թեթևակի տաքացրած) դնում են կոշտուկի վրա, ծածկում մագաղաթե թղթի կամ թանզիֆի կտորով, որպեսզի Ս. չկպչի գուլպային: Դեղատներում կա նաև կոշտուկային կպչուն սպեղանի, որի բաղադրության մեջ մտնում է սալիցիլաթթու: Պղպեղային Ս., օգտագործվում են բժշկի խորհրդով, պարունակում են պատիճավոր պղպեղի ու մահամորմի մզվածքներ և այլ նյութեր: Քսում են բամբակե գործվածքի լաթի վրա: Պղպեղային Ս. դնելուց առաջ մաշկը ճարպազերծում են սպիրտով, եթերով, օդեկոլոնով և չորացնում: Ս-ից հանում են պաշտպան. թաղանթը, դնում են մաշկին և թեթևակի սեղմում: Պղպեղային Ս-ի ազդեցությունը տևում է 2 օր: Չափից ավելի այրոցի դեպքում սպեղանին հանում են և մաշկին վազելին քսում:

ՍՊԻԴ [<ռուս. CПИД (cиндром приобретенного имунного дефицита), <անգլ. AIDS (Aquired Immune Deficiency Syndrome)], տես Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ:

ՍՊԻՏԱԿ ՏԵՆԴ, տես Ալկոհոլամոլություն քրոնիկական հոդվածում:

ՍՊԻՏԱԿԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ, հեշտոցում մշտապես պարունակվող քիչ քանակությամբ թափանցիկ արտադրություն: Սովորաբար այն սեռ. օրգանների մաշկի և լորձաթաղանթների գրգռում չի առաջացնում: Արտադրությունը կարող է առատ դառնալ դաշտանից առաջ, հղիության ժամանակ և հետծննդյան շրջանում, իսկ աղջիկների մոտ՝ սեռ. հասունացման շրջանում: Անձնական հիգիենայի կանոնները հետևողականորեն պահպանող կանանց մոտ այդ արտադրությունը զգացնել չի տալիս: Չափից ավելի կամ անսովոր բնույթի արտադրությունները (կաթնասպիտակավուն, դեղնականաչավուն, արյունաջրային, հեղուկ կամ թանձր, հոտ արձակող) առաջացնում են քոր, այրոց և մշտ. թացության զգացում, հաճախ ի հայտ են գալիս սեռ. օրգանների տարբեր հիվանդությունների (օրինակ՝ արգանդի հավելումների բորբոքում, ամոթույքաբորբ, հեշտոցաբորբ ևն) կամ ախտաբան. այլ գործընթացների ժամանակ (օրինակ՝ տուբերկուլոզ, սակավարյունություն, շաքարախտ, սրտի հիվանդություններ): Ս. կարող է նկատվել հեշտոցի պատերի իջեցման, շեքի պատռվածքների, վարակազերծող խիտ լուծույթներով լվացումների ժամանակ, արգանդային օղեր կրելիս, հղիության կանխման նպատակով քիմ. նյութեր օգտագործելիս, փորկապության և կոնքի օրգաններում կանգային երևույթներ առաջացնող թերշարժուն ապրելակերպի հետևանքով, ինչպես նաև հիգիենայի կանոնները խախտելիս:

Անսովոր արտադրություն ի հայտ գալիս հարկավոր է անմիջապես դիմել գինեկոլոգի:

ՍՊԻՏԱԿԱՐՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, տես Լեյկոզներ:

ՍՊԻՏԱԿԵՂԵՆ, ներքնաշորը մաշկը պաշտպանում է մեխ. ազդեցություններից և կարգավորում ջերմատվությունը: Այն մաշկի մակերևույթը մաքրում է ճարպագեղձերի ու քրտնագեղձերի արտազատուկներից, անմիջապես ազդում է մաշկին հարող օդի շերտի ջերմաստիճանի վրա:

Ս-ի գործվածքները պետք է ունենան ֆիզ. և քիմ. որոշակի հատկություններ, խոնավությունը ներծծելու ունակություն, օդանցիկություն, ծակոտկենություն: Քիմ. թելերից Ս-ի գործվածքները պետք է կայուն լինեն, և դրանցից չանջատվեն այն նյութերը, որոնցից սինթեզված են թելերը: Կարևոր է, որ գործվածքների այս հատկությունները պահպանվեն հագնելու ընթացքում խոնավանալուց, ինչպես նաև