նկատմամբ զգայուն է հատկապես ներարգանդային զարգացման շրջանում և վաղ մանկ. տարիքում: Դրանցից հատկապես պետք է պահպանել հղի կանանց, նորածիններին և երեխաներին:
Կանխարգելման 2-րդ ուղու նպատակը նախաուռուցքային փոփոխությունների ժամանակին ախտորոշումը և նախաքաղցկեղի բուժումն է: Ուստի մեծ նշանակություն ունեն կանոնավոր կանխարգելիք զննումները, բնակչության դիսպանսերացումը: Ու-ի վաղ ախտորոշմանը նպաստում են սանլուս. աշխատանքները, հիվանդության սկզբն. ախտանշաններին ծանոթացումը, ժամանակին բժշկի դիմելու անհրաժեշտության գիտակցումը ևն:
Սակայն քաղցկեղի վաղ ախտորոշման խնդիրն այնքան էլ դյուրին չէ: Այստեղ մեծ նշանակություն ունի սեփական առողջության հանդեպ հոգատարությունը: Ընդունված է, որ սկզբն. շրջանում քաղցկեղն ախտանշաններ չունի: Հայտնի է, որ մեծ մասամբ քաղցկեղի սկզբն. շրջանում տանջող ցավերը, ջերմաստիճանի բարձրացումը և անհանգստություն պատճառող մյուս ախտանշանները բացակայում են: Սակայն գրեթե միշտ հիվանդության աննշան երևույթներն առկա են, որոնք կասկածի տեղիք են տալիս: Դրա հիման վրա ձևակերպվել է ստամոքսի քաղցկեղի համախտանիշ (փոքր ախտանշաններ) հասկացությունը, հիվանդի ինքնազգացողության վատացում, ախորժակի կայուն անբացատրելի նվազում, կերակրից բավարարվածության զգացման բացակայություն, ստամոքսի լցվածության, սրտխառնոցի զգացում, երբեմն՝ փսխումներ: Ուժեղ ցավերը, խիստ նիհարելը և արտահայտված ընդհանուր թուլությունը վկայում են հիվանդության ուշ շրջանի մասին:
Չարորակ ուռուցքի յուրաքանչյուր ձև ունի ինչպես առանձնահատուկ, այնպես էլ Ու-ին բնորոշ ընդհանուր ախտանշաններ:
Ու. ախտորոշում են նույն մեթոդներով, որոնք կիրառվում են մարդու մյուս հիվանդությունների ախտորոշման ժամանակ. հիվանդի հարցուփորձ, զննում, տարբեր քննություններ, հետազոտման հատուկ մեթոդներ: Սակայն ժամանակակից բժշկագիտությունը դեռևս հնարավորություն չունի Ու. ախտորոշել լաբորատոր մեկ հետազոտության հիման վրա: Բացառություն են արյան ուռուցքային հիվանդությունները, քանի որ լեյկոզի ժամանակ արյան հետազոտությունը կարող է որոշիչ նշանակություն ունենալ ախտորոշման համար, և արյունաստեղծ համակարգը տվյալ դեպքում համարվում է ուռուցքային գործընթացի խորացման օջախ: Ավելի հեշտությամբ են ախտորոշվում Ու-ի արտաքին (մաշկի, ստորին շրթունքի, կաթնագեղձի, արգանդի վզիկի) ձևերը, որոնք մատչելի են զննման և մանրադիտակային ձևաբան. հետազոտման համար նմուշ վերցնելու տեսակետից:
Ավելի դժվար է ներքին օրգանների (ստամոքս, թոքեր, ձվարաններ, հաստ աղիք, ենթաստամոքսային գեղձ ևն) Ու-ի վաղ ախտորոշումը: Նման դեպքում որոշիչ նշանակություն ունեն հետազոտման հատուկ (ռենտգենաբան., իզոտոպային, ընդերադիտ., ձևաբան., իմունաբան.) մեթոդները: Ստամոքսաղիքային համակարգի, թոքերի, ոսկրերի և այլ տեղադրության Ու-ի ժամանակ հետազոտման ռենտգենաբան. մեթոդներն առաջատար են: Ռենտգենաբան. հատուկ մեթոդների (օրինակ՝ շերտագրություն, անոթագրություն, հակադր. նյութերի գործածում) կիրառումը բավականին մեծացնում է Ու-ի վաղ ախտորոշման հնարավորությունը: Լայնորեն կիրառվում են ընդերադիտ. տարբեր մեթոդներ՝ ներքին օրգանների հետազոտումը հատուկ օպտիկ. համակարգերի օգնությամբ, որը բժշկին հնարավորություն է տալիս աչքով տեսնել, լուսանկարել Ու. և ձևաբան. հետազոտության համար նմուշ վերցնել բրոնխներից, կերակրափողից, ստամոքսից, հաստ աղիքից, միզապարկից, որովայնի և մյուս խոռոչներից:
Կլինիկ. պրակտիկայում լայնորեն ներդրվում են իզոտոպային հետազոտման մեթոդները (տես Ռադիոիզոտոպափն ախտորոշում): Հաստատված է, որ որոշ ռադիոակտիվ պատրաստուկներ (հատկապես ռադիոակտիվ ֆոսֆորը, յոդը, ստրոնցիումը, ոսկին ևն) ավելի մեծ քանակությամբ կլանվում են ուռուցքային բջիջների, քան բնականոն բջիջների կողմից, որը և հնարավորություն է տալիս, ըստ ռադիոակտիվ նյութի տեղաբաշխման, հայտնաբերել Ու. և մետաստազները:
Լյարդի առաջնային քաղցկեղի և ամորձու տերատոբլաստոմայի ժամանակ կիրառվում են իմունաբան. ախտորոշման սկզբունքորեն նոր մեթոդներ, որոնք հիմնված են սաղմնային առանձնահատուկ հակածինի որոշման վրա: Մշակվում են հաստ աղիքի, ստամոքսի, խորիոնէպիթելիոմայի իմունաբան. ախտորոշման (քաղցկեղային սաղմնային հակածինի օգնությամբ) մեթոդներ:
Սովոր. լաբորատոր մեթոդները (արյան, մեզի ընդհանուր քննություն, կենսաքիմ. հետազոտություն) Ու-ի ախտորոշման համար որոշիչ նշանակութուն չունեն:
Ախտորոշման եզրափակիչ փուլը ձևաբան. հետազոտությունն է, որն իրականացվում է մանրադիտակի տակ հյուսվածքի նմուշն ուսումնասիրելով կամ բջջաբան. մեթոդով՝ ախտահարված հատվածի լվացաջրերի կամ քերուկների մեջ ուռուցքային բջիջներն ուսումնասիրելով: Ու-ի ձևաբան. կառուցվածքի առանձնահատկությունների բացահայտումը կարևոր է բուժման մեթոդի ընտրության համար:
Մինչ այժմ բնակչության մեջ լայնորեն տարածված է քաղցկեղի անբուժելիության մասին կարծիքը: Ու-ի ձևերի մեծ մասի համար դա ճիշտ չէ. Ու-ի արտաքին ձևերը հաջողությամբ բուժվում են, որը կապված է նրանց վաղ ախտորոշման և ժամանակին սկսած բուժման հետ: Բուժման հնարավորությունները պայմանավորված են բժշկագիտության առաջընթացով:
Ու. բուժում են տարբեր մեթոդներով՝ կախված տեսակից, տեղադրությունից, զարգացման փուլից, հիվանդի տարիքից: Ավելի հին և մինչ այժմ լայնորեն կիրառվող մեթոդը վիրաբուժականն է: Չարորակ Ու-ի վիրաբուժության հաջողությունները, վիրահատության տեխնիկայի կատարելագործման հետ մեկտեղ, կապված են ցավազրկման մեթոդների առաջընթացի, հակաբիոտիկների կիրառման, հիվանդների հետվիրահատ. խնամքի կատարելագործման հետ: Բժիշկները մշակել են ուռուցքաբան. վիրահատությունների ընդհանուր սկզբունքներ, որոնց հիմն. էությունն այն է, որ ուռուցքի հետ մեկտեղ հարկավոր է մասամբ հեռացնել նաև այն շրջապատող առողջ հյուսվածքները և մոտակա ավշահանգույցները, որոնց մեջ մետաստազների առկայությունն ավելի հավանական է:
Վիրաբուժ. միջամտությունների մեծ մասը լրացվում է ճառագայթային և դեղորայքային բուժմամբ (տես Ճառագայթաբուժութուն, Քիմիաբուժություն): Ճառագայթաբուժության դեպքում իոնացնող ճառագայթների ազդեցությունից ուռուցքային բջիջներն ավելի են տուժում, քան բնականոնները: Կարելի է թվարկել մի շարք չարորակ Ու., որոնք վաղ շրջանում բացառապես բուժվում են միայն ճառագայթներով (օրինակ՝ մաշկի, ներքին շրթունքի, կոկորդի, արգանդի վզիկի քաղցկեղը ևն): Ներկայումս ճառագայթային բուժումը հաջողությամբ կիրառվում է որպես համալիր բուժման փուլերից մեկը՝ կաթնագեղձի, արգանդի վզիկի, կերակրափողի, կոկորդի քաղցկեղի, փափուկ հյուսվածքների սարկոմայի դեպքերում (վիրահատությունից առաջ կամ հետո): Ժամանակակից ճառագայթաբուժության մեթոդները շատ բազմազան են՝ ըստ օգտագործվող ճառագայթի տեսակի, նրանց տված էներգիան ախտահարված օջախին