ՓԱՅԾԱՂ, տես Արյուն, արյունաստեղծ համակարգ հոդվածում:
ՓԱՅՏԱՏՈՒՄ, պրկախտ, կարկամախտ, վարակիչ հիվանդություն, բնորոշվում է փայտացման բակտերիայի թույնով նյարդային համակարգի ախտահարմամբ, որն ընթանում է տարբեր մկանախմբերի ծանր ջղաձգություններով: Հարուցիչը փայտացման բակտերիան է:
Փ-ով հիվանդ կենդանիների արտաթորանքի հետ բակտերիաներն ընկնում են հողի մեջ և սպորների ձևով պահպանվում երկար տարիներ: Մարդը վարակվում է մաշկի վերքերի, քերծվածքների, ճանկռվածքների մեջ բակտերիաների սպորներով վարակված հող ընկնելիս՝ սուր, ծակող և կտրող առարկաներով, արկի բեկորներով և գնդակով (պատերազմի ժամանակ) վիրավորվելիս, ինչպես նաև արտահիվանդանոցային վիժումների և հակասան. պայմաններում ծննդաբերության ժամանակ:
6-14 օրվա (հաճախ մի քանի ժ-ից մինչև 30 օր) ընթացքում գտնվելով օրգանիզմում՝ բակտերիաները հիվանդագին ախտանշաններ չեն առաջացնում (տես Գաղտնի շրջան): Երբեմն նկատվում են Փ-ման նախանշաններ՝ վերքի ձգող ցավեր, մոտակա մկանների ջղաձգություններ:
Հիվանդության 1-ին ախտանշանները հաճախ լինում են ծամիչ մկանների ջղաձգային կծկումները (տրիզմ), բերանը բացելու դժվարացումը, այնուհետև՝ անհնարինությունը:
Հիվանդի դեմքը փոխվում է, անընդհատ ժպտացող տպավորություն է թողնում, հոնքերը բարձրանում են, ճակատին խորը կնճիռներ են առաջանում: Դեմքի նման արտահայտությունը ստացել է «սատանայական ժպիտ» անվանումը: Ծանր դեպքերում գլուխը հետ է թեքվում, մարմինն աղեղնաձև կորանում է, հիվանդն անկողնուն հենվում է միայն գլխով և կրունկներով: Չնչին գրգիռները (աղմուկ, լույս, հպում, կլման փորձեր) կարող են ջղաձգության նոպաներ առաջացնել: Ժամանակին սկսած և արագ բուժումը հնարավորություն է տալիս փրկել շատ հիվանդների:
Կանխարգելումը. փայտացման անատոքսինով պլանային պատվաստումներ (տես Կանխարգելիչ պատվաստումներ): Փողոցում ստացած ցանկացած բաց հյուսվածքային վնասվածքի ժամանակ հարկավոր է անհապաղ դիմել բժշկի՝ վերքի վիրաբուժ. մշակման, հակափայտացման իմունոգլոբուլինի կամ հակափայտացման շիճուկի և անատոքսինի ներարկման համար:
ՓԱՅՏՈՋԻԼՆԵՐ, անկողնու մլուկ, միջատների դասի ներկայացուցիչներ: Հայտնի է կառուցվածքով ու կենսակերպով տարբեր 20 հզ-ից ավելի տեսակ: Մարմինը ձվաձև է, գունավորումը՝ դարչնակարմիր: Մարմնի վրա կան տհաճ հոտ արձակող գեղձեր: Տարբերում են գիշատիչ, մակաբույծ (օրինակ՝ անկողնու փայտոջիլը), մշակաբույսերի վնասատու և այլ տեսակներ: Արևադարձային տեսակները մարդու որոշ վտանգավոր հիվանդությունների փոխանցողներ են:
Անկողնու փայտոջիլն արյունածուծ մակաբույծ է, ապրում է բնակարանում՝ սովորաբար պատերի ճեղքերում, պաստառների տակ, փայտե կահույքի մեջ (այստեղից՝ անվանումը) և այլուր: Փ. բազմանում են մեծ քանակներով: Գիշերները հարձակվում են մարդու վրա, նրան զրկում են քնից, հանգստից, որը երբեմն հանգեցնում է նյարդային խանգարման: Արյունը ծծելիս (մինչև 7 մկլ) փայտոջիլի թուքը ներթափանցում է վերքի մեջ և գրգռում՝ մաշկի վրա առաջացնելով քորվող բշտիկ: Անկողնու փայտոջիլը դիմանում է ցածր ջերմաստիճանի պայմաններում և կարող է չսնվել կես տարի կամ ավելի:
Փ-ի դեմ պայքարի անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներից են բնակարանի պարբերական նորոգումները (անցքերը փակելը՝ միջատասպան նյութ ավելացրած սոսնձով պաստառների կպցնելը ևն): Փ-ի դեմ պայքարի ֆիզ. և քիմ. միջոցներն են փայտե կահույքի վրա Փ-ի և դրանց ձվերի հնարավոր կուտակումների տեղերում եռջուր լցնելը, գորգերը, ներքնակները պարբերաբար թափ տալը, փոշեկուլով փափուկ կահույքը մաքրելը (հավաքված Փ. ոչնչացնել եռջրով կամ այրել): Շինության, հատկապես պատերի ճեղքերը, շրիշակները, և Փ-ի բնակեցման հնարավոր տեղերը մշակել քլորոֆոսով, մետաֆոսով, միջատասպան այլ պատրաստուկներով (պիտակի վրա նշված է՝ «Փ-ի ոչնչացման համար): Միջատազերծող միջոցներ (աեոզոլեր, դուստեր, լուծույթներ) կիրառելիս անհրաժեշտ է գործածել շնչադիմակ կամ թանզիֆե վիրակապ, պաշտպան ակնոց, ձեռնոցներ: Աշխատանքն ավարտելիս ձեռքերը, երեսը, հագուստը պետք է լվանալ, սենյակը՝ օդափոխել:
ՓԵՏՐԱԳՆԴԱԿ, բադմինթոն, մարզ. խաղ: Խաղում են դահլիճում կամ դրսում: Խաղերն ամրապնդում են առողջությունը, բարձրացնում դիմացկունությունը, զարգացնում հակազդեցությունների արագություն, աչքաչափ, լավացնում շարժումների համաձայնեցումը, մշակում ճարպկություն, հնարամտություն, ինչպես նաև ակտիվ հանգստի լավագույն միջոց ևն: Փ. խաղալիս օրգանիզմն ստանում է զգալի ծանրաբեռնվածություն, խաղացողները կատարում են կարճ վազքեր, թռիչքներ, իրանի թեքումներ, ձգումներ: Հնարավոր են սալջարդեր, սրունքաթաթային հոդի գերձգվածություն և այլ վնասվածքներ: Դրանց կանխման համար նշանակություն ունի համապատասխան կոշիկի ընտրությունը (ավելի հարմար է ռետինե ներբանով), ինչպես նաև խաղահրապարակի ճիշտ տեղադրությունը (հարթ տեղ): Պարապմունքներին մասնակցելու համար անհրաժեշտ է բժշկի թույլտվություն: Երեխաները կարող են սկսել Փ. խաղալ 9-11 տարեկանից: Մարզ. Փ-ի պարապմունքների համար անհրաժեշտ է բժշկական հսկողություն: Պարզեցված կանոններով խաղը ցանկացած խաղահրապարակում (այգի, անտառ, դաշտ ևն) մատչելի է տարբեր տարիքի և ֆիզ. պատրաստվածության մարդկանց համար, և հնարավոր է հեշտորեն չափավորել բեռնվածությունը: Սիրտանոթային համակարգի ֆունկցիաների խանգարումներով, քթի, ականջի և կոկորդի որոշ հիվանդություններով, հարաճուն կարճատեսությամբ մարդիկ պարապմունքներից առաջ պետք է խորհրդակցեն բժշկի հետ:
Փ-ի խաղի տարրերն օգտագործվում են բուժական ֆիզկուլտուրայի մեջ, հատկապես առողջարանային պայմաններում:
ՓՂԱԽՏ, մարմնի որևէ մասի (ստորին վերջույթներ, արտաքին սեռ. օրգաններ, հազվադեպ՝ դեմք, վերին վերջույթներ) չափերի կայուն մեծացումը՝ մաշկի և ենթամաշկային բջջանքի հիվանդագին գերաճի հաշվին, որը ավշի մշտ. կանգի և այտուցների առաջացման հետևանք է: Ավշի հետհոսքը խոչընդոտող ավշային ուղիների անցանելիության խանգարումները պայմանավորված են հաճախակի կրկնվող կամ քրոնիկ. բորբոքումներով (սովորութային կարմիր քամի, քրոնիկ. երակաբորբ, սրունքի խոցերի ժամանակ ավշային անոթներով վարակի հարուցիչների տարածում): Արևադարձային երկրներում