Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/739

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են: 1-ինը դրանց թվի մեծացումն է: Նկարագրվել են կենդանի ծնված երեխաներ՝ Ք-ի եռակի հավաքակազմով, բայց կյանքի շատ կարճ տևողությամբ: Հիվանդությունների հիմն. մասին բնորոշ է լրացուցիչ քրոմոսոմի առկայությունը զույգերից մեկում (այսպես կոչված՝ տրիսոմիա): Հաճախ հանդիպում է 21-րդ քրոմոսոմի տրիսոմիա, որը պայմանավորում է Դաունի հիվանդությունը (հայտնաբերվում է երեխայի ծնվելուց անմիջապես հետո՝ բնորոշ արտաքին տեսքով): Ավելի հազվադեպ նկատվում է 9-, 13- և 18-րդ Ք-ի տրիսոմիա: Քրոմոսոմային հիվանդությունները համեմատաբար հաճախ կապված են սեռ. Ք-ի թվի փոփոխությունների հետ, ընդ որում՝ հավաքակազմում կարող են լինել մինչև 5X և մինչև 3Y Ք.: Նշված խանգարումների դեպքում լինում են սեռ. օրգանների շեղումներ, խախտվում է սեռ. հասունացումը, հնարավոր է անպտղություն: Նման հիվանդություններից է Կլայնֆելտերի համախտանիշը: Ախտահարվում են միայն տղամարդիկ (1000 ծնված տղաներից՝ 2-ը). դա պայմանավորված է հավաքակազմում 1 կամ մի քանի լրացուցիչ X-քրոմոսոմի առկայությամբ: Հիմնականում ախտորոշվում է պատանեկան տարիքում: Միակ քրոմոսոմային հիվանդությունը, որի ժամանակ 1 լրիվ քրոմոսոմը կորչում է (46-ի փոխարեն 45-ն է), և դա չի առաջացնում ներարգանդային մահ, Շերեշևսկի-Տերների համախտանիշն է, երբ 2 սեռ. Ք-ից մնում է միայն X-քրոմոսոմը: Հիվանդանում են միայն աղջիկները (1000 ծնվածին՝ 0,3 հաճախությամբ): Նկատվում է ձվարանների, մյուս ներքին սեռ. օրգանների, 2-րդային սեռ. հատկանիշների թերզարգացածություն: Հիվանդները ցածրահասակ են, ունեն նաև այլ շեղումներ:

Զարգացման արատներով, փոքր քաշով, ցածր հասակով երեխա ծնվելիս պետք է կասկածել, որ առկա են քրոմոսոմային շեղումներ: Հետագայում նման երեխաները տարբերվում են հոգեկան զարգացման կասեցմամբ, սեռ. Ք-ի խանգարումների դեպքում՝ սեռ. օրգանների թերզարգացմամբ, սեռ. հասունացման կասեցմամբ: Որպես կանոն՝ քրոմոսոմային հիվանդությամբ երեխաները ծնվում են առողջ ծնողներից (Ք-ի բնականոն հավաքակազմով): Շատ կարևոր գործոն է մոր տարիքը: Դաունի և որոշ այլ հիվանդություններով երեխաներ են ունենում համեմատաբար տարեց կանայք: Ք-ի որոշ վերակառուցումներ հաշվեկշռված են, իսկ դրանց կրողներն առողջ են: Սակայն այդպիսի Ք-ի տարամիտման դեպքում (սեռ. բջիջների առաջացման ժամանակ) որոշակի հաճախությամբ գոյանում են չհաշվեկշռված հավաքակազմով բջիջներ: Երբ այդպիսի ձվաբջիջը կամ սպերմատոզոիդը մասնակցում է բեղմնավորմանը, ապա զարգացող օրգանիզմն ունենում է զարգացման արատներ: Բժշկագենետիկական խորհրդատվության խնդիրն է ապագա ծնողների օրգանիզմում հայտնաբերել քրոմոսոմային շեղումները և որոշել հիվանդ երեխայի ծնվելու հավանականությունը: Կարելի է հետազոտել հղի կնոջ պտղի Ք-ի վիճակը, իսկ չհաշվեկշռված քրոմոսոմային խանգարումներ հայտնաբերելիս՝ հղիությունն ընդհատել: Նախածննդյան ախտորոշման առիթ կարող է լինել հղի կնոջ տարիքը (35 և ավելի):

ՔՐՏՆԱԳԵՂՁԵՐ, տես Մաշկ հոդվածում: ՔՐՏՆԱԳԵՂՁԵՐԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, հիդրադենիտ, սովորաբար ախտահարվում են անութային, հազվադեպ՝ շեքի և պորտի շրջանների քրտնագեղձերը: Առավել հաճախ հիվանդանում են քրտնոտությամբ տառապող մարդիկ: Հիվանդությանը նախատրամադրում են օրգանիզմի թուլացումը, մաշկի մանր վնասվածքները (օրինակ՝ անութները սափրելիս), անձնական հիգիենայի կանոնների խախտումները, որի հետևանքով պայմաններ են ստեղծվում քրտնագեղձերի ծորանների մեջ թարախածին մանրէների ներթափանցման համար: Հիվանդության ընթացքը երկարատև է՝ հաճախակի սրացումներով, այն կարող է դառնալ նաև քրոնիկ.:

Ք. բ-ման ժամանակ սկզբում մաշկի տակ առաջանում են ցավոտ, սիսեռի հատիկից մինչև ընկույզի մեծության 1 կամ մի քանի հանգույցներ: Բորբոքումը հաճախ տարածվում է ենթամաշկային ճարպաբջջանքի վրա: Բորբոքված գեղձի հատվածում մաշկը կարմրում է, ուժեղ ցավերի հետ մեկտեղ երբեմն առաջանում են դող, ընդհանուր թուլություն, ջերմաստիճանի բարձրացում: Այդ ախտանշաններն ի հայտ գալիս անհրաժեշտ է դիմել բժշկի: Թարախային բորբոքման հետագա խորացումը կարող է հանգեցնել թարախակույտի առաջացման: Այդպիսի դեպքերում անհրաժեշտ է անհապաղ վիրահատ. միջամտություն (թարախակույտի բացում), որով կանխվում են թարախային բորբոքման տարածումը և լուրջ բարդությունները (ավշային հանգույցների բորբոքում, արյան վարակում, ֆլեգմոն):

Ք. բ-ման սրացումներից խուսափելու նպատակով հիվանդների սննդի օրաբաժնում պետք է բացառել ալկոհոլը, սուր համեմունքները, սահմանափակել քաղցրավենիքը: Խորհուրդ է տրվում A, C, E վիտամիններով և երկաթով հարուստ սննդամթերք (գազար, կաղամբ, խնձոր, հատապտուղներ, մասուր):

Կանխարգելումը. անձն, հիգիենայի կանոնների պահպանում և քրտնոտության ժամանակին բուժում:

ՔՐՏՆԱԽԱՇ, մաշկի հիվանդություն, որն առաջանում է քրտնարտադրության ուժեղացման և քրտինքի գոլորշիացման դժվարացման հետևանքով: Առավել հաճախ նկատվում է շոգ եղանակին՝ կրծքի և կրտսեր տարիքի երեխաների մաշկի վրա: Ք-ի առաջացմանը նպաստում է երեխային չափից ավելի կիպ բարուրելու հետևանքով մարմնի գերտաքացումը: Հասուն տարիքում Ք. կարող է ի հայտ գալ տենդով և առատ քրտնարտադրությամբ ուղեկցվող վարակիչ հիվանդությունների ժամանակ, տաքացնող ջեռակներ դնելիս, ինչպես նաև գիրության պատճառով (տես Քրտնոտություն):

Ք. բնորոշվում է մաշկի փակ հատվածների վրա մանր, ցրված կամ խմբավորված, թափանցիկ պարունակությամբ բշտիկների առաջացմամբ: Երեխաների Ք. առավել հաճախ լինում է թիկունքի, պարանոցի, հետույքի, անութային շրջանի մաշկի, հասուն մարդկանցը՝ կաթնագեղձերի տակի, աճուկաամորձապարկային և անութային շրջանի մաշկածալքերի վրա: Ք-ի ժամանակ կարող են առաջանալ նաև քորոցի գլխիկի մեծության կարմիր, այտուցված հանգուցիկներ և բորբոքային պսակով շրջապատված պղտոր պարունակությամբ բշտիկներ: Ցանի տարրերը միաձուլվում են, անուշադրության մատնված դեպքերում առաջանում են թացացող օջախներ, հատկապես՝ մաշկածալքերում: Ք. կարող է առաջանալ նաև թույլ երեխաների գլխի մազածածկ մասի վրա և բարդանալ մաշկի թարախաբշտիկային հիվանդություններով:

Բուժում է բժիշկը: Կարևոր է մարմնի գերտաքացում առաջացնող գործոնների վերացումը: Օգտակար են օդային լոգանքները, բնակարանի հաճախակի օդափոխությունը, ջրային լոգանքները՝ ջրին ավելացնելով կալիումի գերմանգանատ (վարդագույն լուծույթ), կաղնու արմատի կամ կատվալեզվի թուրմ (բաց դարչնագույն լուծույթ): Լոգանքից հետո մաշկածալքերին կարելի է ցինկի օքսիդի կամ տալկի ցանափոշի քսել, արևածաղկի եռացրած յուղով մշակել, ինչպես նաև (եթե թացացող հատվածներ չկան) սալիցիլային սպիրտի 1 %-անոց լուծույթով, օղիով