Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/740

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


(ջրի հետ հավասար խառնած) կամ վաղենակի լուծույթով (1 թեյի գդալ՝ 1 բաժակ եռջրին) շփել: Խորհուրդ չի տրվում սինթետիկ գործվածքներից հագուստ կրել:

Կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պայքարել քրտնոտության դեմ և մանրակրկիտ հետևել հիվանդի մաշկի խնամքին, հաճախակի փոխել ներքնաշորը, մաշկը շփել սալիցիլային սպիրտի 1-2 %-անոց լուծույթով, ինչպես նաև սպիրտային լոսյոններով: Շոգ եղանակին հարմար է հագնել բամբակե գործվածքից հագուստ: Փոքր երեխաներին չի կարելի չափից ավելի տաք հագցնել, կիպ բարուրել, օգտակար են ջրային և օդային լոգանքները (տես Կրծքի երեխա):

ՔՐՏՆԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, նյութափոխանակության կարգավորման և ջրաաղային հաշվեկշռի պահպանման ֆիզիոլոգ. մեխանիզմներից, որն ապահովում է օրգանիզմի զովացումը (մաշկի մակերևույթից քրտինքի գոլորշիացման հաշվին): Քրտինքն արտադրվում է ենթամաշկային ճարպաշերտում տեղադրված քրտնագեղձերից: Դրանք առավել շատ են անութային փոսերում, ափերում, ներբաններում: Քրտինքի 98-99 %-ը կազմում է ջուրը, այն պարունակում է 0,5 % նատրիումի քլորիդ, 0,1 % միզանյութ, ինչպես նաև բարդ օրգ. այլ նյութեր, որոնց բաղադրությունն ու քանակը տարբեր մարդկանց մոտ տարբեր են: Հենց դրանցով է պայմանավորված քրտինքի առանձնահատուկ հոտը: Բացի այդ, քրտինքի հետ արտադրվում են նյութափոխանակության հետևանքով առաջացած որոշ քայքայման նյութեր:

Ք. մեծ նշանակություն ունի ջերմակարգավորման գործում՝ հատկապես բարձր ջերմաստիճանի պայմաններում ծանր մկանային աշխատանք կատարելիս: Երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարմնի ջերմաստիճանը, Ք. օրգանիզմը ջերմահարությունից պահպանելու միակ միջոցն է: Չնայած հանգիստ և հարմարավետ պայմաններում Ք. աննկատ է, բայց իրականում տեղի է ունենում խոնավության կորուստ (օրգանիզմն այդպիսով օրական կորցնում է 0,5-0,6 լ ջուր): Միջավայրի ջերմաստիճանի բարձրացման ժամանակ Ք. սկզբում ուժեղանում է՝ ավելի շատ քրտնագեղձեր ընդգրկելով, իսկ բոլոր գեղձերի «աշխատանքի» ժամանակ՝ դրանց «արտադրողականության» բարձրացման հաշվին: Օրինակ՝ շրջապատող օդի ջերմաստիճանը 50°C-ից ավելի բարձրանալիս 1 ժ-ում կարող է արտադրվել 2 լ քրտինք: Բարձր ջերմաստիճանի պայմաններում քրտինքի հետ ջրի կորուստը շարունակվում է նույնիսկ այն ժամանակ, երբ դրա պաշարներն օրգանիզմում չեն լրացվում: Դա կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման և ֆիզիոլոգ. մի շարք ֆունկցիաների (շնչառություն, արյան շրջանառություն) խանգարման: Բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցությունը և դրան ընտելանալը նվազեցնում են Ք.: Դրա համար էլ տաք երկրների բնակիչների մաշկը շրջապատի օդի նույնիսկ բարձր ջերմաստիճանի պայմաններում համեմատաբար չոր է մնում:

Ք. կարող է ուժեղանալ մեծ քանակությամբ կծու և տաք սննդի, առատ ըմպելիքի ընդունումից, ֆիզ. ծանրաբեռնվածության, տենդի և այլ դեպքերում: Հուզ. ապրումների, օրինակ՝ վախի, տագնապի ժամանակ 1-ին հերթին քրտնում են ափերը, ներբանները, քրտինք է ի հայտ գալիս նաև ճակատի և մարմնի այլ հատվածների վրա: «Քրտնարտադրությունը» (այսինքն՝ քրտինքի արտազատումը) չպետք է շփոթել «քրտնելու» հետ: Քրտնելու մասին խոսում են, երբ որևէ մեկի վրա նկատում են քրտինքի կաթիլներ: Դրա քանակությունը հաճախ կապված է ոչ թե Ք-յան ուժգնության, այլ քրտինքի գոլորշիացման արագության հետ: Օրինակ, եթե մարմնի առանձին հատվածներում քրտինքի գոլորշիացումը սահմանափակված է (տաք գլխարկի կամ տաք հագուստի ու կոշիկի պատճառով), ապա մարմնի այդ հատվածը կարող է թաց լինել նույնիսկ չափավոր Ք-յան ժամանակ: Նման դեպքերում պետք է փոխել հագուստը և կոշիկը: Երբեմն ուժեղացած Ք. դառնում է կայուն՝ մարդուն որոշակի անհարմարություն պատճառելով: Ուստի խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ, քանի որ առանց ակնհայտ պատճառների Ք-յան ուժեղացումը կարող է որևէ հիվանդության ախտանշան լինել (տես նաև Քրտնոտություն):

ՔՐՏՆՈՏՈՒԹՅՈՒՆ, քրտնարտադրության ուժեղացում, որը կապված չէ ֆիզ. լարվածության, շրջապատող միջավայրի ջերմաստիճանի բարձրացման, ջերմահարության և այլ ֆիզ. գործոնների հետ:

Ք. կարող է պայմանավորված լինել ուժեղ հուզ. գրգռվածության, նյարդային և ներզատիչ համակարգերի ֆունկցիոնալ խանգարումների (հատկապես պատանեկան տարիքում և կլիմաքսի ժամանակ), ինչպես նաև արյան մեջ ածխաթթվի կուտակման հետևանքով (սառը քրտինք, որն ի հայտ է գալիս սրտի գործունեությունը կտրուկ թուլանալիս): Հաճախ Ք-յամբ են ուղեկցվում առանձին վարակիչ հիվանդություններ (օրինակ՝ գիշերային քրտինքը՝ տուբերկուլոզի ժամանակ, ուժեղ քրտնարտադրությունը՝ տենդող հիվանդների մարմնի ջերմաստիճանի անկման պահին): Այդպիսի դեպքերում առատ քրտնում է հիվանդի ամբողջ մարմինը:

Հաճախ Ք. սահմանափակվում է մարմնի առանձին հատվածներով (ներբաններ, ափեր, անութային փոսեր), և քրտնարտադրությունը լինում է շատ առատ: Մաշկի վրա բակտերիաների առկայությունը նպաստում է քրտինքի հետ արտադրված նյութերի քայքայմանը, որի հետևանքով առաջանում է տհաճ հոտ: Խանգարվում են նաև մաշկի պաշտպան. ֆունկցիաները:

Ք. կարող է նպաստել քրտնախաշի, շփաբորբի, հարուկի, մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների և մաշկի սնկիկային հիվանդությունների առաջացմանը: Դրանց կանխարգելմանն օգնում են բժշկի խորհուրդները: Ք-յան ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները, կանոնավոր ընդունել տաք լոգանք (ցանկալի է փշատերևային) կամ շփումներ կատարել: Խորհուրդ չի տրվում սինթետիկ գործվածքներից հագուստ (հատկապես՝ ներքնաշոր) կրել: Անութային փոսերը, պարանոցը, կաթնագեղձերի տակի ծալքերը լվանալուց հետո օգտակար է մաքրել քացախաթթվի թույլ լուծույթով: Մաշկի գրգռումից խուսափելու համար չի կարելի օգտագործել օդեկոլոն կամ ֆորմիդրոն: Քրտինքը հոտազերծելու նպատակով օգտագործում են հոտազերծիչներ (տես Հոտազերծում): Ոտքերը լվանալուց հետո օգտակար է 10-15 ր պահել տաք ջրում՝ ավելացնելով կալիումի գերմանգանատ (վարդագույն լուծույթ), ֆորմալին (1-2 լ ջրին՝ 1 թեյի գդալ) կամ երիցուկի, կաղնու արմատի թուրմեր: Լոգանքից հետո ոտքերը չորացնել և ցանափոշի քսել կամ շփել լոսյոնով, ֆորմիդրոնի լուծույթով: Գուլպաները (կիսագուլպաները) հարկավոր է ամեն օր փոխել, մաշկը չորացնելու և քրտինքը վերացնելու համար քսել ցանափոշի: Մաշկի գերչորացումից և ճաքերի առաջացումից խուսափելու նպատակով շաբաթը 1 անգամ ներբաններին քսել սնուցող կամ ոտքերի համար նախատեսված հատուկ մաշկաքսուքներ: Խորհուրդ չի տրվում երկարատև կրել ռետինե (կամ ռետինե ներբանով) կոշիկ, սինթետիկ գործվածքներից գուլպա (կիսագուլպա): Կոշիկները պետք է լինեն ազատ, թեթև, ամռանը՝ բաց: Մարզ. կոշիկ կրելիս հարկավոր է հագնել բրդե գուլպաներ, որոնք պետք է ամեն օր լվանալ: Կարելի է օգտվել նաև կոշիկների ներդրակ-միջատակերից, որոնք գիշերը հարկավոր է կոշիկերից հանել: