Արհեստ. Ա.շ. կարող է կիրառվել նաև ներքին հիվանդությունների կլինիկայում՝ սրտի հիվանդությունների բուժման ժամանակ՝ հիվանդ սրտի ժամանակավոր, մասնակի բեռնաթափման համար: Այդ դեպքում հիվանդի արյունատար անոթներին միացվում է սարքը, որի միջոցով հեռացվում է արյան մի մասը: Սարքը, աշխատելով հիվանդի սրտի հետ զուգընթաց, փոքրացնում է վերջինիս բեռնվածությունը:
Առանձին օրգանների (օրինակ՝ վերջույթների) համար արհեստ. Ա.շ. կիրառում են, երբ որոշ հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ է լինում ներարկել օրգանիզմի վրա թունավոր ազդեցություն ունեցող պատրաստուկներ: Դրա համար հիվանդի վերջույթի արյան հոսքը մեկուսացնում են ընդհանուր շրջանառությունից և միացնում արհեստ. շրջանառության սարքին: Վերջույթի արյան հոսք են ներարկում անհրաժեշտ դեղանյութը, որն արհեստ. շրջանառության շնորհիվ չի մտնում արյան ընդհանուր հոսքի մեջ: Գործողության ավարտից հետո սարքն անջատվում է, և վերջույթում վերականգնվում է արյան բնականոն հոսքը:
ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ, տես Սիրտանոթային համակարգ հոդվածում:
ԱՐՅԱՆ ՊԼԱԶՄԱ, տես Արյուն, արյունաստեղծ համակարգ հոդվածում:
ԱՐՅԱՆ ՎԱՐԱԿՈՒՄ, սեպսիս, թարախարյունություն, ընդհանուր թարախային վարակ, ծանր վարակ, հիվանդություն, որն առաջանում է թարախային բորբոքման տեղային օջախից արյան հունի, ավշային ուղիների, այնտեղից հիվանդի բոլոր հյուսվածքների և օրգանների մեջ թարախածին մանրէների տարածման հետևանքով: Ա.վ-ման աղբյուր կարող է դառնալ վարակված վերքը կամ տարբեր տեղադրության, մեծության ու ծավալի թարախային օջախը (տես Ֆուրունկուլով, Կարբունկուլ, Ֆլեգմոն): Նորածինների Ա.վ-ման հաճախակի պատճառներից է պորտի թարախակալումը (տես Կրծքի երեխա, պորտի վերքի խնամքը): Հետծննդյան Ա.., այսպես կոչված ծննդաբեր. տենդը, պայմանավորված է արգանդի խոռոչի թարախակալմամբ (տես Հետծննդյան հիվանդություններ): Ա.վ-ման հարուցիչներն առավել հաճախ ստաֆիլոկոկերն են, ստրեպտոկոկերը, հազվադեպ՝ պնևմոկոկերը, աղիքային ցուպիկը և այլ մանրէներ:
Ա.վ-ման առաջացմանը նպաստող պատճառ կարող են դառնալ տեղային թարախակալում առաջացնող մանրէների բարձր վարակունակությունը (հիվանդածնությունը), մյուս կողմից՝ կրած վնասվածքների կամ հիվանդությունների, հյուծման, վիտամինային անբավարարության և այլ ուղեկցող հիվանդությունների հետևանքով օրգանիզմի պաշտպան. ուժերի թուլացումը:
Ա.վ-ման առավել ծանր ձևի ժամանակ մանրէները բազմանում են արյան և այլ հյուսվածքների մեջ՝ դրանք հեղեղելով իրենց կենսագործունեության թունավոր նյութերով, քայքայում են արյան բջիջները: Վարակումն ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, ընդհանուր թուլությամբ, դողով, առատ քրտնարտադրությամբ, երբեմն առաջանում են մաշկի դեղնախտային գունավորում և տարբեր ցաներ: Աստիճանաբար առաջանում է հիվանդին մահ սպառնացող ինքնաթունավորում: Ա.վ-ման դեպքում մանրէները երբեմն չեն բազմանում արյան մեջ, այլ դրա հոսքով տարածվում են տարբեր օրգաններ և հյուսվածքներ, որտեղ նստում են և առաջացնում բազմաթիվ թարախային օջախներ: Այդպիսի դեպքերում Ա.վ. ընթանում է ավելի երկարատև՝ հերթական թարախակույտի առաջացման ժամանակ պարբերաբար վատացումներով, թարախակույտը պատռվելու և թարախը դուրս գալու կամ թարախակույտը վիրահատության միջոցով բացելու ժամանակ՝ լավացումներով:
Բուժում են միայն հիվանդանոցում, և որքան շուտ սկսվի այն, այնքան հիվանդն արագ կապաքինվի:
Ա.վ-ման կանխարգելումը կախված է ցանկացած թարախային գործընթացի (վերքի թարախակալում, ֆուրունկուլ, մատնաշունչ, ֆլեգմոն) դեպքում ժամանակին բժշկի դիմելուց: Տեղային թարախային գործընթացի առկայության ժամանակ հատկապես պետք է զգույշ լինել նույնիսկ ընդհանուր վիճակի չնչին վատացումից (ջերմաստիճանի բարձրացում, դող): Կարևոր նշանակություն ունեն նաև կենցաղային վնասվածքների կանխումը, մանր վնասվածքների (քերծվածք, ճանկռվածք), հատկապես վերքերի ժպմանակին մշակումը: Նորածնին խնամելիս ծննդկանը պետք է հետևի բժշկի խորհուրդներին, խստորեն պահպանի աննեխության կանոնները (տես Հականեխություն, աննեխություն):
ԱՐՅԱՆ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐ, տես Արյան փոխներարկում հոդվածում:
ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄ, բուժման մեթոդ, որի միջոցով հիվանդի (ռեցիպիենտ) արյունատար համակարգ է ներարկվում առողջ մարդուց՝ դոնորից, վերցված ամբողջական արյուն կամ դրա բաղադրամասերը՝ էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, պլազմա ևն:
Արյան միջոցով բուժելու փորձեր կատարվել են դեռևս հեռավոր անցյալում: Պատերազմների կամ որսի ժամանակ արյան կորստից վիրավորների մահվան դեպքերը պատկերացում են ստեղծել արյան մասին՝ որպես «կենսական ուժի և հոգու» կրողի: Բացառված չէ, որ այդ ժամանակներում բժիշկներն արյունը կիրառել Են «երիտասարդացման», հոգեկան հիվանդներին բուժելու նպատակով, այն նշանակել են թույլ հիվանդներին՝ ենթադրելով, որ արյունը բարձրացնում է մարդու կենսունակությունը: Արյան կորուստը լրացնելու համար հիվանդներին խորհուրդ է տրվել խմել կենդանիների տաք արյուն:
Ա.փ-ման փորձերն սկսվել են Ու. Հարվեյի կողմից արյան շրջանառության փակ համակարգի բացահայտումից (1628) հետո: Մարդու 1-ին հաջող ներերակային Ա.փ. կատարվել է Ֆրանսիայում, մաթեմատիկայի և բժշկության պրոֆ. Դենիի և վիրաբույժ Էմերիցի կողմից, որոնք գառան արյուն են ներարկել 16-ամյա պատանուն (բուժիչ նպատակով արյան բացթողումից հետո): Որպես կանոն՝ կենդանիների արյունը մարդուն ներարկելու բոլոր փորձերը հանգեցրել են ծանր բարդությունների, ընդհուպ՝ հիվանդի մահվան: 19-րդ դ. ապացուցվեց, որ մարդուն կարելի է փոխներարկել միայն մարդու արյուն: Սակայն գործն. բժշկության մեջ Ա.փ-ման լայն հնարավորություններ ստեղծվեցին միայն 20-րդ դ. սկզբին, երբ բացահայտվեցին մարդու արյան խմբերը և ուսումնասիրվեցին ռեցիպիենտի ու դոնորի արյան համատեղելիության օրենքները:
Հետագայում Ա.փ-ման լայն կիրառմանը նպաստեց դոնորից վերցրած արյան մակարդումը կանխող և այն երկարատև պահպանող միջոցների հայտնաբերումը:
ՀՀ-ում Ա.փ-ման հարցերի գիտ. ուսումնասիրությամբ զբաղվում են Ռ. Յոլյանի անվ. արյունաբանության հանրապետ. կենտրոնում:
Հանրապետությունում ստեղծվել է արյան ծառայության խիտ ճյուղավորված ցանց. Ա.փ-ման կայաններ են գործում Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, Հրազդանում և Գորիսում:
Վերջին տարիներին նկատելիորեն փոխվել են արյան և նրա բաղադրամասերի փոխներարկման ցուցումներն ու հակացուցումները: Բացահայտվել են փոխներարկված արյան և նրա բաղադրիչների միջոցով փոխանցվող հիվանդություններ՝