ՁԻԱՀ-ը և «լյարդաբորբ C-ն»: Խիստ կրճատվել է պահածոյած փոխներարկվող արյան քանակը, քանի որ 1993-ից արյան ծառայությունն ամբողջությամբ անցել է դրա պատրաստմանը «Հեմատոն» տիպի պլաստիկ բեռնարկղերում, որը հնարավորություն է տալիս արյունը բաղադրամասերի բաժանել անմիջապես տեղերում (անցյալում պահածոյած արյունը բաղադրամասերի բաժանելու համար ապակե սրվակներով ուղարկվում էր Ա.փ-ման կայան):
Մարզերում ստեղծվել են արյան մարզային կենտրոններ, որոնց խնդիրն է ղեկավարել ամբողջ մարզի արյան ծառայության աշխատանքները, ստուգել մարզում նախապատրաստված արյան որակը, նրա բաժանումը բաղադրամասերի:
Բացի դրանից, արյունաբանության հանրապետ. կենտրոնում մշակվել և ՀՀ ԱԺ հաստատման է ներկայացվել «Արյան, նրա բաղադրամասերի դոնորության, այն պատրաստուկներով վերամշակման և դրանց օգտագործման մասին» օրենքը, որով հնարավոր կդառնա նախապատրաստված արյան և նրա բաղադրամասերի որակը համապատասխանեցնել միջազգային չափորոշիչների պահանջներին:
Ներկայումս մեծ թվով խոշոր վիրահատությունները կատարվում են արյան կամ արյանը փոխարինող հեղուկների փոխներարկմամբ: Ներարկված արյունը լրացնում է վիրահատության ընթացքում կորցրած արյան քանակը, հեշտացնում պայքարը վարակի դեմ, կարգավորում է արյան ճնշումը, նյութափոխանակությունը, շնչառությունը:
Ա.փ-ման լայն կիրառումը հնարավոր է միայն դոնորներ ունենալու պայմաններում: Հանրապետությունում մեծ թվով քաղաքացիներ արյուն են տալիս հիվանդներին՝ չվնասելով իրենց առողջությունը: Երբեմն արյան հետ միասին կամ դրա փոխարեն ներարկվում են տարբեր լուծույթներ, որոնք ունեն արյանը փոխարինող հատկություն և կատարում են նույն ֆունկցիան: Դրանք կոչվում են արյան փոխարինիչներ, որոնց ներարկումը երբեմն ավելի օգտակար է և կիրառվում են ամենօրյա գործն. բժշկության մեջ:
ԱՐՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ, տես Արյուն, արյունաստեղծ համակարգ հոդվածում:
ԱՐՅՈՒՆ, ԱՐՅՈՒՆԱՍՏԵՂԾ ՀԱՄԱԿԱՐԳ: Արյունը օրգանիզմի հեղուկ հյուսվածք է, որն անընդհատ շրջանառություն է կատարում անոթներում, ներթափանցում բոլոր հյուսվածքներն ու օրգանները և դրանց կապում միմյանց: Արյունն ունի բազմակի ֆունկցիաներ՝ թթվածինը թոքերից տեղափոխում է դեպի հյուսվածքները, ածխաթթու գազը հյուսվածքներից հասցնում թոքերին, նյութափոխանակության արգասիքները՝ արտաթորության օրգաններին, սննդանյութերը՝ դրանց յուրացման տեղին ևն: Ա. մասնակցում է օրգանիզմի ներքին միջավայրի (օսմոտիկ ճնշում, ջրի, հանքային նյութերի քանակ) կայունության և մարմնի ջերմաստիճանի պահպանմանը: Այն պաշտպանում է օրգանիզմը վնասակար գործոնների ներթափանցումից:
Բնականոն պայմաններում տղամարդկանց արյան միջին քանակը 5200 մլ է, կանանցը՝ 3900 մլ: Այն բաղկացած է հեղուկ մասից՝ պլազմայից (55-65%) և ձևավոր տարրերից (35-45%), որոնք առաջանում են արյունաստեղծ օրգաններում: Արյան բջիջները և օրգանները, որտեղ դրանք գոյանում և քայքայվում են, կոչվում են արյան համակարգ:
Առողջ մարդու արյան կազմը բավականին կայուն է և պահպանվում է հատուկ կարգավորող մեխանիզմներով: Արյունը հակազդում է օրգանիզմի բոլոր փոփոխություններին ինչպես բնականոն վիճակներում, այնպես էլ հիվանդությունների ժամանակ: Արյան կազմության փոփոխությունները կարող են ախտորոշիչ նշանակություն ունենալ մարդու որոշ հիվանդությունների ժամանակ: Դրանք խիստ արտահայտված են լինում արյան համակարգի հիվանդությունների դեպքում:
Արյան պլազման պարունակում է մոտ 90% ջուր, որը հիմնականում անցնում է մարսողության համակարգից, 7% սպիտակուց և տարբեր աղեր: Արյան պլազման իր մեջ պարունակվող աղերի քանակով համապատասխանում է օվկիանոսի ջրին, որտեղ միլիոնավոր տարիներ առաջ գոյացել են մարմնի փակ խոռոչ ունեցող 1-ին բազմաբջիջ էակները:
Պլազմայի բաղադրամասերից են տարբեր տեսակի սպիտակուցները, որոնք հիմնականում առաջանում են լյարդում: Ըստ մոլեկուլի ձևի և չափերի սպիտակուցները բաժանվում են ալբումինների և գլոբուլինների: Այդ սպիտակուցների մի մասը կատարում է նյութերի տեղափոխման ֆունկցիա, որով օրգաններն ու հյուսվածքներն ապահովվում են սննդանյութերով, հորմոններով, մյուսները (իմունոգլոբուլիններ) ունեն պաշտպան. ֆունկցիա (տես Իմունիտետ): Գլոբուլինային սպիտակուցները (պրոթրոմբին, ֆիբրինոգեն) մասնակցում են արյան մակարդելիությանը: Ֆիբրինոգենն ունի չլուծվող սպիտակուցի՝ ֆիբրինի վերածվելու հատկություն, որի շնորհիվ, արյունատար անոթը վնասվելիս, դրանից հոսող արյունը որոշ ժամանակ անց մակարդվում է: Առաջանում է արյան մակարդուկ, որը խոչընդոտում է հետագա արյունահոսությանը:
Պլազման պարունակում է նաև սննդարար նյութեր (ածխաջրեր, ճարպային և այլ միացություններ), վիտամիններ, հորմոններ, ֆերմենտներ և արյան մակարդելիությունն ապահովող հատուկ նյութեր: Բացի դրանցից, պլազմայում միշտ առկա են նյութեր, որոնք առաջանում են օրգանիզմի կենսագործունեության ընթացքում (նյութափոխանակության արգասիքներ) և հեռացվում են երիկամների միջոցով: Պլազմայի սպիտակուցներն էրիթրոցիտներում պարունակվող հեմոգլոբինի, աղերի (հիդրոկարբոնատներ, ֆոսֆատներ) հետ միասին պահպանում են արյան մեջ ջրածնային իոնների կայուն կոնցենտրացիան՝ թույլ հիմնային ռեակցիայով (pH 7,39), որը կենսականորեն խիստ կարևոր է, քանի որ ապահովում է օրգանիզի կենսաքիմ. գործընթացների բնականոն ընթացքը:
Արյան ձևավոր տարրերն են էրիթրոցիտները, լեյկոցիտները և թրոմբոցիտները: Բացի դրանցից, պլազմայում գտնվում են նաև այլ բջիջներ:
Էրիթրոցիտները արյան կարմիր մարմնիկներ են, որոնց հիմն. ֆունկցիան օրգանիզմի գազափոխանակության ապահովումն է շրջապատի միջավայրի հետ: Մարդու էրիթրոցիտները կորիզազուրկ են՝ կազմված թաղանթից և սպունգանման նյութից, որոնց փոսիկներում պարունակվում է հեմոգլոբինը՝ երկաթ պարունակող գունակը (արյանը տալիս է կարմիր գույն): Հեմոգլոբինի միջոցով կատարվում է արյան շնչառ. ֆունկցիան (տես Շնչառություն):
Հեմոգլոբինի մոլեկուլը բաղկացած է գլոբին սպիտակուցից և երկաթ պարունակող խմբից՝ հեմից: Երբ էրիթրոցիտն անցնում է թոքերի մազանոթներով, հեմում պարունակվող երկաթը թթվածնի մոլեկուլի հետ առաջացնում է հեշտությամբ քայքայվող միացություն, իսկ այլ օրգանների անոթներով անցնելիս այն տալիս է թթվածինը և կապվում CO2-ի հետ, որը հետագայում հեմից անջատվում է՝ էրիթրոցիտը կրկին թոքերի մազանոթների մեջ ընկնելիս: Զարկերակով հոսող արյունը հագեցած է թթվածնով, ունի վառ կարմիր գույն, իսկ հյուսվածքների կողմից թթվածինը կլանվելուց և հեմոգլոբինը ածխաթթու գազի հետ կապվելուց հետո արյունը ձեռք է բերում մուգ կարմիր գույն (հոսում է երակներով): Առողջ օրգանիզմում