Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 մկլ արյունը պարունակում է 4-5 մլն էրիթրոցիտ: Դրանց քանակի նվազումը, ձևափոխությունը, էրիթրոցիտում հեմոգլոբինի քանակի պակասումը սակավարյունության բնորոշ ախտանշաններ են: էրիթրոցիտների քանակի ավելացումը ևս ախտաբանության վկայություն է:

Լեյկոցիտները արյան սպիտակ (անգույն) բջիջներն են, ունեն տարբեր ձևի կորիզներ, որով էլ տարբերակվում են՝ հատվածակորիզավորներ, լիմֆոցիտներ, մոնոցիտներ: Որոշ լեյկոցիտների բջջալազման պարունակում է առանձնահատուկ հատիկավորություն (գրանուլոցիտներ), մյուս լեյկոցիտներում նման հատիկավորություն չկա (ագրանուլոցիտներ):

Կախված այն բանից, թե լաբորատոր հետազոտությունների ժամանակ ինչպիսի ներկով են ներկվում լեյկոցիտները, տարբերում են՝ նեյտրոֆիլներ, բազոֆիլներ և էոզինոֆիլներ: Տարբեր լեյկոցիտներ ունեն որոշակի հատկանշական ֆունկցիա: Լեյկոցիտներն օժտված են ակտիվ շարժվելու, արյան հունից դուրս գալու, միջբջջային տարածության մեջ տեղաշարժվելու հատկությամբ: Դրանք կատարում են պաշտպան. ֆունկցիա. օրգանիզմում օտարածին նյութեր հայտնվելու, ցանկացած ախտահարումների դեպքում լեյկոցիտները, որպես վտանգի ահազանգ, թափանցում են մազանոթների պատերով և շարժվում դեպի ախտահարման աղբյուրը: Այստեղ դրանք շրջապատում են օտարածին նյութին, որը կարծես սոսնձվում է լեյկոցիտների մակերեսին, ապա ընկղմվում դրանց մեջ, որտեղ և մարսվում է: Օտարածին նյութերը և կենդանի օրգանիզմները (բակտերիա, վիրուս, մանրադիտակային սնկիկներ ևն), ինչպես նաև օրգանիզմ թափանցած անկենդան նյութերը որսալու և կլանելու ակտիվ գործողությունը կոչվում է ֆագոցիտոզ, իսկ այդ իրականացնող լեյկոցիտները՝ ֆագոցիտներ: Նման պայմաններում համապատասխան ազդանշան է գնում արյունաստեղծ օրգաններ, և դրանք սկսում են մեծ քանակությամբ լեյկոցիտներ առաջացնել: Ֆագոցիտոզի երևույթին մասնակցում են նաև օրգանիզմի այլ՝ մինչ այդ հանգիստ վիճակում գտնվող բջիջներ, որոնք «վտանգի ազդանշանն» ստանալիս շարժվում են դեպի վնասվածքի վայր: Նման բջիջները կոչվում Են մակրոֆագեր:

Լեյկոցիտները, մակրոֆագերը և արյան մյուս ակտիվ բջիջները կլանում են ոչ միայն բակտերիաները և հիվանդածին գործոնները, այլև՝ վնասվածքի կամ հիվանդության ժամանակ մահացած բջիջները՝ մաքրելով օրգանիզմը ոչ կենսունակ, քայքայված նյութերից:

Լեյկոցիտների քանակը տարբեր մարդկանց օրգանիզմում տարբեր է: Այն 1 մկլ արյան մեջ հավասար է 4000-9000-ի: Դրանց թիվը վաղ առավոտյան քիչ է, օրվա 2-րդ կեսին՝ շատ: Լեյկոցիտների առանձին ձևերը գտնվում են որոշակի հարաբերակցության մեջ (այսպես կոչված՝ լեյկոցիտային բանաձև), սակայն այդ հարաբերակցությունը ևս կարող է նկատելիորեն տատանվել: Եթե լեյկոցիտների քանակը 9000-ից ավելի է, կոչվում է լեյկոցիտոզ, իսկ 4000-ից պակասը՝ լեյկոպենիա: Նշված փոփոխությունները, որպես ախտաբան. գործընթացի վկայություն կարելի է դիտել միայն օրգանիզմի ընդհանուր վիճակի հետ կապված, քանի որ թե՛ լեյկոցիտոզը, թե՛ լեյկոպենիան կարող են նկատվել նաև առողջ օրգանիզմում: Առողջ մարդկանց օրգանիզմում լեյկոպենիա կարող է նկատվել տաք լոգանքներից, բաղնիքից հետո, մարզիկների և պարբերաբար ծանր ֆիզ. աշխատանքով զբաղվողների մոտ: Այսպես կոչված՝ ֆիզիոլոգ. լեյկոցիտոզ կարող է լինել ուտելուց հետո, գերսառեցման, անսովոր ծանր ֆիզ. աշխատանքի ժամանակ: Լեյկոցիտների քանակը կարող է ավելանալ նաև հղիության և ֆիզիոլոգ. այլ փոփոխությունների դեպքում: Ախտաբան. լեյկոցիտոզը, որն առաջանում է որպես օրգանիզմի պաշտպան. հակազդեցություն, նկատվում է բորբոքումների, հյուսվածքների մեռուկացման (օրինակ՝ ինֆարկտի), արյան մեծ կորուստների, վնասվածքների ժամանակ: Լեյկոցիտոզը հաճախ ուղեկցում է տարբեր ալերգ. հիվանդությունների

Լիմֆոցիտները լեյկոցիտների խմբի արյան բջիջներ են, որոնք կարևոր նշանակություն ունեն իմունիտետի գործում, դրանք ֆիքսում են թույները և մասնակցում բարդ սպիտակուցների՝ հակամարմինների առաջացմանը: Վերջիններս խոչընդոտում են մանրէների բազմացմանը մարդու օրգանիզմում և դրանով ապահովում իմունիտետը: Բացի դրանից, լիմֆոցիտները կարող են փոխարկվել, այսպես կոչված, պլազմատիկ բջիջների, որոնք գամմա-գլոբուլին են արտադրում:

Թրոմբոցիտները կամ արյան թիթեղիկները կորիզազուրկ գոյացություններ են, որոնց թիվը 1 մկլ արյան մեջ հասնում է 180.000-320.000-ի: Թրոմբոցիտները կարևոր են արյունահոսությունը դադարելու գործընթացում, արյունատար անոթը վնասվելիս դրանք կուտակվում են վնասվածքի տեղում, կպչում միմյանց և անջատում արյունատար անոթները սեղմող ու արյան մակարդուկ (թրոմբ) առաջացնող նյութ, որը խոչընդոտում է հետագա արյունահոսությանը: Վիրահատություններից, արյունահոսությունից հետո նկատվում է արյան մեջ թրոմբոցիտների քանակի ավելացում, որն առանձին դեպքերում կարող է հանգեցնել թրոմբի առաջացման արյան անոթի լուսանցքում կամ սրտի խոռոչներում: Նման երևույթը հաճախ առկա է երակների հանգուցավոր լայնացման, դրանց բորբոքման (տես