և սկզբունքորեն նորերի ստեղծումը: Տես նաև Շրջակա միջավայրի պահպանություն:
ԱՐՏԱՐԳԱՆԴԱՅԻՆ ՀՂԻՈՒԹՅՈՒՆ, պատճառն առավել հաճախ կնոջ սեռ. օրգանների, 1-ին հերթին արգանդափողերի բորբոքային հիվանդություններն են: Բորբոքային փոփոխությունների (կպումներ, սպիներ) հետևանքով արգանդափողերը կորցնում են իրենց հիմն. ֆունկցիան՝ բեղմնավորված ձվաբջիջը (պտղաձուն) բռնելու և արգանդի խոռոչ տեղափոխելու հատկությունը (տես Հղիություն), որի հետևանքով պտղաձուն ամրանում է արգանդափողում, որովայնի խոռոչում կամ ձվարանում: Ա.հ. կարող է կապված լինել նաև ինֆանտիլիզմի (սեռ. օրգանների թերզարգացում), հղիությունը կանխելու վնասակար եղանակների կիրառման (օրինակ՝ արգանդի լորձաթաղանթին յոդի սպիրտային լուծույթ քսելը), ինչպես նաև արհեստ., հատկապես՝ արտահիվանդանոցային, վիժումների հետ: Ա.h-յանը բնորոշ են որովայնի ստորին հատվածում (աջ կամ ձախ կողմում) կծկումային ցավերը: Հաճախ նկատվում է արյունային արտադրություն, որը, որպես կանոն, ի հայտ է գալիս դաշտանի կարճատև բացակայությունից հետո: Մեծ մասամբ դաշտանային արյունը լինում է սակավ, մուգ գույնի, հազվադեպ առաջանում է արյունահոսություն: Դաշտանն անկանոն է և երկարատև: Նկատվում են նաև թուլություն, գլխապտույտ, ուշագնացություն: Արգանդափողի պատռվածքի (փողային հղիություն) ժամանակ որովայնի ստորին հատվածում առաջանում են ուժեղ ցավեր, որոնք ճառագայթվում են դեպի ուղիղ աղիք: Աչքի է զարնում մաշկի գունատությունը, արտահայտված թուլությունը, կարող է առաջանալ ուշագնացություն: Նշված ախտանշաններն ի հայտ գալիս հարկավոր է անմիջապես դիմել բժշկի: Չի կարելի ինքնուրույն ընդունել արյունահոսությունը դադարեցնող միջոցներ, որովայնին ջեռակ կամ սառցապարկ դնել:
Բուժման միակ արդյունավետ եղանակը անհապաղ վիրահատությունն է: Բուժման ավարտից հետո հիվանդը պետք է գտնվի բժշկի հսկողության տակ՝ Ա.հ. առաջացնող պատճառները պարզելու և բուժելու համար: Դա կկանխի Ա.հ-յան կրկնվելը: Բուժման ընթացքում անհրաժեշտ է կանխել հղիությունը (տես Հղիության կանխում). այն թույլատրվում է վիրահատությունից 1 տարի անց:
Ա.հ. կանխարգելելու համար կինը պետք է խստորեն պահպանի անձնական հիգիենայի կանոնները: Մեծ նշանակություն ունեն կանոնավոր կանխարգելիչ զննումները, որոնք հնարավորություն են տալիս ժամանակին հայտնաբերել և բուժել կանանց սեռ. օրգանների հիվանդությունները (տես Բժշկական զննում):
ԱՐՑՈՒՆՔԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ, արցունքի արտազատումը կոպի մակերևույթին: Արցունքն առաջանում է ակնակապիճի վերին դրսային եզրին տեղակայված արցունքագեղձում, ինչպես նաև շաղկապենում գտնվող մանր արցունքագեղձերում: Արցունքը, ողողելով ակնագնդի մակերևույթը, այն պահպանում է չորանալուց, հեռացնում է օտար մարմինները և խոչընդոտում մանրէների բազմացմանը: Արցունքն արցունքային խողովակներով սովորաբար հոսում է արցունքապարկ, ապա՝ քթի խոռոչ: Ա. կարող է կապված լինել արցունքի գերարտադրության կամ արտահոսքի դժվարացման հետ: Արցունքի գերարտադրություն լինում է շաղկապենու մեխ. կամ քիմ. գրգռումից, ուժեղ լույսից, ցրտից, քթի լորձաթաղանթի գրգռումից, ցավից, ծանր ապրումներից, շաղկապենու և եղջերաթաղանթի բորբոքումից: Նման դեպքերում Ա. դադարում է այն առաջացնող պատճառները վերացնելուց կամ հիմն. հիվանդությունը բուժելուց հետո: Երբեմն էլ արցունքի գերարտադրության պատճառ են դառնում արցունքագեղձի հիվանդագին փոփոխությունները: Արցունքի արտահոսքի դժվարությունները սովորաբար կապված են աչքի վերին մասից քթի խոռոչ հասնող ուղու ցանկացած հատվածի նեղացման կամ խցանման, ինչպես նաև կոպի ճիշտ դիրքի խախտման հետ, որի հետևանքով արցունքային խողովակները բացվում են ակնագնդի մակերևույթից հեռու: Այս դեպքում բուժումը վիրահատական է, իսկ դեղանյութն քիչ է արդյունավետ: Ուժեղ լույսի ազդեցությունից կամ փոշուց առաջացած Ա-ից խուսափելու համար օգտվում են պաշտպան. ակնոցից: Խորհուրդ է տրվում արտահոսած արցունքը ծծեցնել մաքուր թաշկինակով կամ թանզիֆե անձեռոցիկով՝ կոպը աչքին սեղմելով: Ա-յամբ տառապող անձինք պետք է դիմեն ակնաբույժի:
ԱՐՑՈՒՆՔԱՊԱՐԿԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, առաջանում է արցունքապարկը և քթի խոռոչները կապող արցունքաքթային ծորանի անանցանելիության հետևանքով (տես Աչք հոդվածում): Արցունքականգի հետևանքով արցունքապարկը գերձգվում է, լայնանում և կորցնում առաձգականությունը: Նման կանգային երևույթներ կարող են առաջանալ հավելյալ ծոցերի լորձաթաղանթների հիվանդությունների (տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր), քթի վնասվածքների դեպքում ևն: Արցունքականգի դեպքում արցունքը կորցնում է իր հակամանրէային հատկությունը, և լայնացած արցունքապարկում նպաստավոր պայմաններ են ստեղծվում վարակի առաջացման համար: Դա հանգեցնում է արցունքապարկի լորձաթաղանթի բորբոքման (քրոնիկ. Ա.բ.): Եթե բորբոքվում են արցունքապարկը շրջապատող հյուսվածքները, ապա առաջանում է ավելի ծանր ձև՝ սուր կամ ֆլեգմոնային Ա.բ.:
Ա.բ. հաճախ լինում է հասուն մարդկանց, երբեմն՝ նորածինների մոտ: Բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակին վիրահատել: Ա.բ-ման նույնիսկ կասկածի դեպքում պետք է դիմել բժշկի:
ԱՈՒՏՈԻՆՏՈՔՍԻԿԱՑԻԱ, տես Ինքնաթունավորում:
ԱՖԹԵՐ, լորձաթաղանթի փոքր (1-5 մմ), կլոր կամ ձվաձև մակերեսային խոցեր՝ ծածկված սպիտակ փառով, հաճախ էլ՝ շրջապատված կարմիր եզրաշերտով:
Ա. սովորաբար առաջանում են բերանի խոռոչի (լեզվի և շրթունքների) լորձաթաղանթին՝ աֆթոզ բերանաբորբի, փափուկ քիմքի լորձաթաղանթին և քմային աղեղին՝ տենդաբշտիկային անգինայի, իսկ բերանի, լեզվի, քթի լորձաթաղանթներին, մատների արանքի մաշկին և եղունգների շուրջը՝ դաբաղի ժամանակ:
Սխալմամբ Ա. են անվանում նաև նորածինների քիմքի լորձաթաղանթի վնասվածքային բերանաբորբը՝ Բեդնարի Ա.: Ա-ի կասկածի դեպքում դիմել բժշկի: