Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Բ

ԲԱԴՄԻՆՏՈՆ, տես Փետրագնդակ:

ԲԱԶԵԴՈՎՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, տես Խպիպ տարածուն թունավոր:

ԲԱԶՄԱՀՈԴԱԲՈՐԲ, տես Ռևմատիզմ հոդվածում:

ԲԱԶՄԱՆՅԱՐԴԱԲՈՐԲ, պոլինևրիտ, նյարդերի (առավելապես՝ ստորին վերջույթների) բազմակի հիվանդություն: Կարող է առաջանալ որպես ինքնուրույն հիվանդություն, ինչպես նաև վարակիչ (օրինակ՝ դիֆթերիայի, դիզենտերիայի) կամ ներզատ. գեղձերի նյութափոխանակության խանգարումներով ուղեկցվող հիվանդությունների (տես Շաքարախտ) բարդություն: Բ. կարող են ունենալ նաև ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններով տառապող մարդիկ՝ կապված նյարդային հյուսվածքի սնուցման համար անհրաժեշտ նյութերի ներծծման և վիտամինների յուրացման խանգարումների հետ: Հատուկ խումբ են կազմում թունային Բ-երը, որոնք առաջանում են մկնդեղով, սնդիկով, կապարով քրոնիկ. թունավորումներից, կենցաղային քիմիայի միջոցների ոչ ճիշտ օգտագործումից: Բ., որպես կանոն, նկատվում է քրոնիկ. ալկոհոլամոլության ժամանակ՝ կապված նյարդային համակարգի վրա ալկոհոլի թունավոր ազդեցության և նյութափոխանակության խանգարման հետ (տես Ալկոհոլամոլություն քրոնիկական):

Հիվանդությունն սկսվում է ձեռքերի և ոտնաթաթերի շրջանում «մրջյունների սորալու», սառնության (նույնիսկ շոգ եղանակին) և թմրածության զգացումով, ծայրանդամների մղկտացող և շանթահարող ցավերով: Աստիճանաբար նկատվում է ոտքերի թուլություն, քայլվածքը դառնում է անկայուն, հիվանդը չի կարողանում առարկաները պահել ձեռքում: Ծայրանդամների մկանների ծավալը փոքրանում է (հետաճում): Խանգարվում է հատկապես ձեռքերի և ոտքերի զգայնությունը՝ «ձեռնոցների» և «կիսագուլպաների» ձևով:

Բուժման համար կարևոր է հիվանդության պատճառի վերացումը: Սուր շրջանում անհրաժեշտ է անկողնային ռեժիմ: Դեղորայքային բուժումից բացի, նշանակվում են ֆիզիոթերապևտիկ. բուժ. արարողություններ, բուժ. ֆիզկուլտուրա, քրոնիկ. շրջանում՝ առողջարանային բուժում:

Վարակիչ հիվանդություններից, նյութափոխանակության խանգարումներից առաջացող Բ. հնարավոր է կանխել, եթե ժամանակին բուժվի հիմն. հիվանդությունը: Թունային Բ-ից խուսափելու համար համապատասխան արտադրության համար մշակվել են տեխնիկայի անվտանգության կանոններ, որոնք հնարավորություն են տալիս կանխել թունավոր նյութերի թափանցումն օրգանիզմ: Թունաքիմիկատների հետ աշխատելիս առաջացող Բ-ից կարելի է խուսափել, եթե կատարվեն դրանց օգտագործման հրահանգները:

ԲԱԺԱԿՆԵՐ բժշկական, օգտագործվում են կրծքավանդակի օրգանների (բրոնխներ, թոքեր, կրծքամիզ) բորբոքումների դեպքում, բժշկի նշանակմամբ: Բ. մաշկի վրա առաջացնում են ժամանակավոր կարմրություն և թեթևակի արյունազեղում, որը ներքին օրգանների վրա ունենում է ռեֆլեքսային դրական ազդեցություն: Դրա հետևանքով արագանում է արյան և ավշի շրջանառությունը, բարելավվում են հյուսվածքների սնուցումը և դիմադրողականությունը, բորբոքային օջախներն արագ են ներծծվում: Բ. սովորաբար դնում են իրանի մկանային և ճարպային շերտերով հարուստ մասերում, որտեղ չկան ոսկրային ցցվածքներ (ենթաանրակային, ենթաթիակային և միջթիակային, գոտկային շրջաններում): Միաժամանակ կարելի է դնել 5-10 բաժակ:

Այրվածքներից և բաժակի եզրից օդի ներթափանցումից խուսափելու համար սկզբում մաքուր և անվնաս մաշկին վազելին են քսում, այնուհետև նախապես ունելուն փաթաթած սպիրտով թրջած բամբակը վառում են, մտցնում բաժակի մեջ, այն տաքացնելով դուրս են մղում օդը, և բաժակն ամբողջ շրջագծով արագ դնում մաշկին (նկ. ա, բ): Անբավարար տաքացված Բ. մաշկին չեն կպչում: Բաժակի ներսում մաշկը ուռչում է 1-3 սմ դառնում վարդագույն կամ կարմիր: Բ. թողնում են 10-15 ր՝ հիվանդին ծածկելով վերմակով: Բ. հանելիս, որպեսզի ցավ չպատճառեն, մի ձեռքով այն թեթևակի թեքում են, իսկ մյուս ձեռքի մատներով հակառակ եզրից մաշկը սեղմում (նկ. գ), որի հետևանքով օդը ներթափանցում է բաժակի ներսը, և այն հեշտությամբ պոկվում է: Բ. երկար թողնելիս մաշկի վրա առաջանում են ոչ միայն կարմիր բծեր, այլև վարդագույն, թափանցիկ հեղուկով լցված բշտեր: Ցանկալի է, որ բուժարարողությունը կատարի բուժաշխատողը (սովորաբար՝ բուժքույրը): Այն պետք է զգույշ կատարել, որպեսզի տաք սպիրտի կաթիլը կամ Բ-ի տաք եզրերը մաշկի այրվածքներ չառաջացնեն:

ԲԱԼԱՆԻՏ, տես Ծեփուկաբորբ:

ԲԱԼԱՆՈՊՈՍՏԻՏ, տես Ծեփուկաբորբ հոդվածում:

ԲԱԼՆԵՈԹԵՐԱՊԻԱ, ջերմուկաբուժություն, բնական և արհեստականորեն պատրաստված հանքային ջրերի օգտագործումը բուժիչ և կանխարգելիչ նպատակներով:

Հանքային ջրերն առավել հաճախ նշանակում են ըմպելու և արտաքին օգտագործման (ընդհանուր լոգանքների, լողանալու), ինչպես նաև բերանը ողողելու, ինհալացիայի, ստամոքսի և աղիքների լվացման, խոռոչների լորձաթաղանթների ողողումների համար:

Հանքային ջրերում աղերի, ածխաթթվի, ծծմբաջրածնի, ազոտի, արագ քայքայվող ռադիոակտիվ նյութերի (ռադոն) առկայությամբ է պայմանավորված դրանց բուժ. ազդեցությունը: Նշանակություն ունեն նաև ջերմաստիճանային, մեխ. և այլ գործոնները: Բ. օրգանիզմի պաշտպանավերականգնող.