Էջ:Հովհաննիսյանի թարգմանած բանաստեղծություները.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ԵՐԱԶ

                  (Միցկևիչից)

Գուցե նախանձոտ խիստ ճակատագիր
Եվ մեր օրերին դըրել է սահման,
Բայց ոչ մի խոսքով դու այդ մի՛ հիշիր,
Երբ վերա հասնի հրաժեշտի մեր ժամ։

Վերջին ժամերը վերջին գիշերվան
Աննկատելի սիրով թող անցնեն…
Եվ միայն վերջը տխուր տեսության
Դու ինձ թույն կըտաս — սիրով կընդունեմ։

Եվ վերջին անգամ քաղցր քուն կլինեմ
Իմ շրթունքները քոնին սեղմելով.
Եվ վերջին անգամ թույնը կըխմեմ,—
Թույնը համբույրի,— աչքիդ նայելով։

Եվ օրեր կանցնին, գուցե տարիներ —
Կըգա բոլորի ժամն ելնելու —
Ընկերիդ համար դու այս կամարներ
Կըթողնես, կիջնես ինձ զարթեցնելու։

Քեզ այն ժամանակ նորից կըգրկեմ.
Եվ քո ջերմ գրկում առաջվա նման
Վառ սիրով աչքիդ կնայեմ, կասեմ,
Թե նիրհել էի քեզ հետ առ վայրկյան։
1885


ՊՈԵՏ

                (Ա. Ծերեթելիից)

Մերթ հիմար եմ, մերթ իմաստուն.
Մերթ ոչ այս եմ, ոչ այն,
Դրության շեփոր եմ.
Ոչ երկրինն եմ, ոչ երկնքին։