Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մինիստրները պատկանում էին կուսակցական «ձախ» նկատւած թեւին. ինքը նոր վարչապետը ճանաչւած էր իբրեւ ռուսական օրենտացիայի մարդ. իսկ սօցիալիստ-յեղափոխականները անձնական կապեր ունէին հայ-բօլշեւիկեան շրջաններում:


Մի հեռաւոր յոյս կար, թէ բօլշեւիկների հրապարակ գալու դէպքում (մի բան, որի անխուսափելիութիւնը սկսում էինք հասկանալ արդէն), այսպիսի կազմ ունեցող կառավարութիւնը թևրեւս կարողանայ մի ընդհանուր լեզու գտնել նորեկների հետ:


30. Թուրքերը գրաւել էին արդէն Ալեքսանդրօպօլ:


Միաժամանակ հայ բօլշեւիկները, ռուսական կարմիր զօրքերի գլուխն անցած՝ մտան Աղստափայի կողմից Իջեւան ու Դելիժան:


Կա՞ր արդեօք որեւէ համաձայնութիւն բօլշեւիկների ու թուրքերի միջեւ:


Մեր շարքերում շատ տարածւած է այդ համոզմունքը: Կարծում եմ, սակայն, որ սխալ է այդ. յամենայն դէպս դրական ապացոյց չկայ: Հաւանական է, որ բօլշեւիկեան գործակալները (կամ բօլշեւիկեան տրամադրութիւն ունեցող անհատներ) աշխատել են քանդել ներսից մեր բանակը: Բայդ դրա համար հարկաւոր չէր որեւէ համաձայնութիւն Թուրքերի հետ․ յետոյ՝ մեր պարտութիւնը արագացնելու համար շատ էլ կարեւոր չէր բօլշեւիկների միջամտութիւնը. բաւական էին Շօրագեալցի բիձաները, որոնց միակ միտքն ու միակ ցանկութիւնն էր շուտով տուն վերադառնալ, հաւաքել, կալսել ու ամբարել հացերը, իսկ եթէ թուրքերը գալու են՝ փախցնել ընտանիքն ու տաւարը մի ապահով տեղ...


Բօլշեւիկների դաւադրութիւնը չէր մեր պարտութեան պատճառը, ոչ իսկ Թուրքերի ոյժը (որ շատ էլ մեծ չէր այն ժամանակ), այլ մեր սեփական ապիկարութիւնը:


Անշուշտ, բօլշեւիկները օգտւեցին մեր պարտութիւնից եւ շատ բնական էր դա: Բայց դրա համար անհրաժեշտ չէր, որ կանխապէս համաձյնութեան եկած լինէին թուրքերի հետ:


Դժար չէ հասկանալ, որ Ռուսաստանում յաղթանակը տանելուց ու Ազրբէյջանում հաստատւելուց յետոյ, բօլշեւիկների հետեւեալ քայլը պիտի լինէր՝ մտնել նաեւ Վրաստան ու Հայաստան: Ժամանակի խնդիր էր սա: Պէտք էր ընտրել մի բարեյաջող ժամ՝ գործողութիւնը առանց գլխացաւանքների կատարելու համար: Հայաստանի ժամը հնչեց ու բօլշեւիկները արին դեկտեմբերին այն, ինչ չը յաջողեցան անել մայիսին:


31. Դեկտ. 1-ին (թէ Նոյեմբ. 30-ին), Ալեքսանդրօպօլում, մեր պատւիրակները ստորագրեցին թուրքերի հետ մի համաձայնութիւն, որ շատ էլ չէր տարբերւում Բաթումի դաժան դաշնագրից:


Նոյն Դեկտ. 1-ին Վրացեանի կառավարութիւնը հրաժարւեց իշխանութիւնից ու յանձնեց այն բօլշեւիկներին: