Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ալեքսանդրօպօլի դաշնագիրը, որ մենք ստիպւած էինք կնքել բնաջնջման սպառնալիքի տակ: Այս այսպէս է: Բայց կյարգէի՞ն արդեօք թուրքերը նոյն դաշնագիրը ու՝ զանազան պատրւակների տակ, որ դժար չէր յօրինել՝ նոր ոտնձգութիւններ չէ՞ին անի արդեօք, եթէ բօլշեւիկները եկած չլինէին ու մենք մենակ մնացան լինէինք իրանց դէմ:


Ի՞նչ պիտի անէինք մենք այդպիսի ոտնձգութիւնների դէպքում — մենք, որ պարտւած ու ուժասպառ էինք, կորցրել էինք ամէն հեղինակութիւն թէ՛ երկրից դուրս եւ թէ՛ երկրի ներսը:


1920 թ. աշնան վերջերը մենք՝ իրրեւ կառավարութիւն ու իբրեւ կուսակցութիւն՝ սպառել էինք մեր բոլոր ոյժերը, ընկել էինք անելի մէջ: Եւ եթէ բօլշեւիկները ուշանային, մենք պիտի կանչէինք իրանց, որովհետեւ ինքներս անզօր էինք արդէն, իսկ երկրում չկար մի այլ ոյժ, որ այն օրերին կարողանար փոխարինել մեզ:


Տեսէք հետեւանքները:


Երկու տարի ու կէս կառավարեցինք մենք երկիրը․ մօտ երկու ու կէս տարի է, որ կառավարում են բօլշեւիկները:


Մենք ունեցանք պատերազմներ՝ Վրաստանի, Ազրբեյջանի ու Թիւրքիայի դէմ: Բօլշեւիկները պատերազմ չունեցան: Մենք ունեցանք անընդհատ ու բազմաթիւ ներքին կռիւներ՝ Աղբաբա, Զօդ, Զանգի-Բազար, Վեդի-Բազար, Միլիի ձորերը, Շարուր, Նախիջեւան, Զանգեզուր․ բօլշեւիկները ներքին կռիւներ չունեցան, բացի փետրւարեան ապստամբութեան հետ կից կռիւները: Մենք շարունակ պահում էինք երկիրը զէնքի տակ, անընդհատ կռիւների մէջ, զբաղեցրել էինք բոլոր աշխատաւոր ձեռները պատերազմի դաշտերում, մինչդեռ ամենամեծ կարիք ունէինք շինարար աշխատանքների․ բօլշեւիկները ազատեցին ժողովուրդը այդ աղէտից, այդ անտանելի ծանր բեռից:


Մեր ժամանակ ժողովուրդը կոտորւում էր կամ հիւծւում սովից: Մենք աւերեցինք այնպիսի հացառատ վայրեր,ինչպիսի են Շարուրն ու Վեդին, այնպիսի անասնառատ վայր, ինչպիսին է Աղբարան — աւերեցինք առանց օգտւելու հարստութիւններից, 1920 թւականի բերքը — միակ առատ բերքը, որ պիտի ունենայինք սով-տարիներից յետոյ — տւինք (ուրիշ շատ հարստութիւնների հետ միասին) Քեազիմ Կարաբեքիր փաշայի բանակին, իսկ այսօր լսում եմ, թէ Հայաստան կշտացել է, համարեա կարիք չունի հացի: Եւ հաւատում եմ. չէ՞ որ ժողովուրդը ժաանակ ունեցաւ ցանելու եւ կասելու:


Մենք շատ աշխատեցինք, բայց չկարողացանք վերահաստատել քիչ֊շատ կանոնաւոր հաղորդակցութիւն դրսի աշխարհի հետ, Անդրկովկասեան երկաթուղիները փաստօրէն փակ մնացին մեզ համար: Բօլշեւիկները բացին ճամփաները: Ջուլֆայի վրայով այսօր Երեւանը հաղորդագցութեան մէջ է պարսկական Ատրպատականի հետ, Բագւի վրայով՝ արեւելեան Ռուսաստանի ու Անդրկասպեան երկիրների հետ, Բաթումի վրայով՝ Հարաւային Ռուսաստանի ու Եվրոպայի հետ: