Jump to content

Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 50 —

հոգուց բաղկացած գաւառացի աշակերտների համար բացւում է դպրոցը, որ և տակաւին շարունակւում է։

Բատաւիայի Հայ ազգային հաստատութեանց վարչութիւնը սկզբունքային տեսակէտից դէմ լինելով գաւառացի աշակերտների գիշերօթիկ պահելուն, և ցանկանալով հանգ․ Մանուկ Յորդանանեանի կտակը տառացի կերպով գործադրուած տեսնել—այն է, ունենալ մի դպրոց, ուր կրթուին միայն այնպիսիներ «որոնք արդէն աւարտել են դպրոցական կեանքն և փափագ են յայտնում հոգևորական ուսում ստանալու և քահանայ դառնալու համար»։ 1913 թուից անորոշ ժամանակով դադարեցնում է յիշեալ բարերարի կտակած գումարի տոկոսների առաքումը։[1]

Առաջնորդ Սահակ արք-եպս․ Այվատեանը Հոգևոր դպրոցի անունով եղած գումարներովը վաղօրոք Խօյգան և Բոլորան հայ գիւղերից մի մասն գնած լինելով, Հոգևոր Իշխանութիւնը հնարաւորութիւն է ունենում յիշեալ կալուածքներից գոյացած արդիւնքով դեռ պահպանել Գիշերօթիկ դպրոցի գոյութիւնը, սահմանափակ թւով աշակերտներ ընդունելով, միջոց ունեցողներից մասնաւոր ծախք վերցնելով և դպրոցը փոխադրելով ս․ Ամենափրկչեան վանքը։

Հնդկաբնակ հարուստ Նոր-Ջուղայեցիները ի դէմս պարոնայք Սէթ Պօղոսեանի և Պետրոս Կրէտեանի, վերջերս ցանկութիւն են յայտնել և բանակցութեան մէջ են, ինչ-ինչ պայմաններով իրենց հայրենիքի՝ Նոր-Ջուղայի Ազգ․ երկսեռ դպրոցներին յատկացնել մի պատկառելի գումար, որով հնարաւոր լինի Ազգ․ Կեդրոնական դպրոցն ամբողջովին գիշերօթիկ դարձնելու:

  1. «Տեղեկագիր Վարչ․ Հայ ազգ․ հաստատութեանց Բատաւիոյ» 1912 թ․ էջ 12։