Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2. Անձնական, փոխադարձ, գոյականին հարաբերակից ցուցական, հարցահարաբերական, ժխտական, որոշյալ, անորոշ դերանուններով. Իմ հայրը ազնվագույն աշխատող է։ Նրա գրքերը միշտ դասավորված են լինում։ Միմյանց նկարներ փոխանակեցին։ Սրա էջերը պոկված

չեն։ Ո՞ւմ տունն է դպրոցին մոտ գտնվում։ Ոչ մեկի մտքով չէր անցնում դասից ուշանալ։ Բոլորի աշխատանքներն ըստ արժանվույն գնահատվեցին։

Ուրիշի ունեցվածքին աչք մի՛ գցիր։

3. Անորոշ, հարակատար, ենթակայական դերբայների գոյականաբար գործածությամբ. Օրինակ՝ Երգելու տոնը հիանալի է։ Ընտրվածի աշխատանքները ստուգում էինք։ Քննվողի պատասխանը ճիշտ գնահատվեց։

4. Թվականով, ինչպես՝ Հարյուրի կեսը հիսուն է, Առաջինի ձին սպիտակ էր, երկրորդինը՝ կարմիր։

Ինքնանվանողական փոխանունությամբ գործածվող բոլոր բառերն էլ կարող են հատկացուցիչ դառնալ (Ա-ի պոչը երկարացրեք։ «Գարուն»-ի համարները չկան)։

Հատկացուցիչը կարող է լինել մենանդամ և բազմանդամ։ Ծառի ճյուղը, տղայիս գիրքը՝ մենանդամ։ Քաղաքի փողոցների մայթերի եզրերին տնկված են գեղեցիկ ծառեր։ Ի դեպ, «փողոցների» բառը հատկացյալն է «քաղաքի» բառի, բայց «մայթերի»—ի՝ հատկացուցիչն է… Ոճական առումով այսպիսի բազմանդամ հատկացուցիչների գործածությունը խրախուսելի չէ։

Այսպիսի բազմակի կամ բազմանդամ հատկացուցիչները չպիտի չփոթել նախադասության բազմակի համազոր անդամների հետ։ Հմմտ., օրինակ՝ Երևանի, Բաքվի, Թբիլիսիի, Կիևի և Մինսկի ավտոգործարանները սոցմրցության մեջ են և՝ Երևանի Սպանդարյանի շրջանի դպրոցների աշակերտների գրավոր աշխատանքները լավ տպավորություն թողեցին։