Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բայց ի՞նչ կասի հայր Վլադիմիրը, եթե ես ունենամ ազգային պատվի զգացում: Նա չի՞ գժվի, երբ մեր խանութի ճակատին կկարդա միասին գրված «Ագրինցև և Այզելման»: Աա՞, նա ձեզ կանիծի, այդ բարեպաշտ քրիստոնյա հայրը…

— Հայր Վլադիմիրին ես ուղարկեցի սատանաներին, այլևս նա իմ տուն չէ գալիս:

— Հասկանում եմ. այլևս փորը չի կարող կշտացնել ձեր տանը: Խելոք մարդ է, ուրեմն…

Ագրինցևը հասկացավ իմ վիրավորանքը և կուլ տվեց:

— Հը՛, ասա,— շարունակեց նա,— ե՞րբ ենք պայմանագիրը ստորագրում: Ասում ես պիղծ ջհուդ ես: Ես էլ այս մասին շատ եմ մտածել, բայց և այնպես վճռել եմ ընկերանալ: Ի՞նչ անենք, ջհուդներն էլ ինձ նման մարդիկ են: Իսկապես նրանց դեմ ոչինչ չունիմ: Կարող են իրենց սինագոգում որքան քեֆներն է «ալելույա» կանչել: Ջհուդ ես, ես էլ հենց այն պատճառով եմ ուզում ընկերանալ քեզ հետ, որ ջհուդ ես: Օ՜օ, ջհուդները դևեր են վաճառականության մեջ: Նրանց հետ ոչ ոք չի կարող մրցել: Աա՛, ի՞նչ կասես, շնորհակալ չե՞ս, որ քեզ այսքան պատիվ եմ անում:

Ռաբինովիչը մոտեցավ և ականջիս շշնջաց.

— Թողեք այդ խրտվիլակին շպրտեմ փողոց: Նա դարձյալ մեզ անարգում է:

Բայց ես ուզում էի Ագրինցևի հետ խոսել. այժմ նա ինձ հաճույք է պատճառում:

— Օ՜օ,— ասացի ես, հազիվ զսպելով ծիծաղս,— շատ և շատ շնորհակալ եմ: Լա՛վ, ընկերանանք: Ո՞ւր է ձեր դրամագլուխը:

— Ինչպես թե դրամագլուխը:

— Այո՛, ո՞րն է ձեր դրամագլուխը:

— Իմ դրամագլուխն է անունս և ազգանունս:

— Հետո՞:

— Հետո այն, որ ես ուղղափառ քրիստոնյա եմ: Ինձ հետ ընկերանալով, դուք կարող եք բոլորովին հանգիստ լինել, որ ոչ մի քրիստոնյա ձեզ չի վիրավորիլ: Մի խոսքով, ես Սերգեյ Պախոմովիչ Ագրինցևն եմ:

Այս անգամ արդեն ծիծաղս չկարողացա զսպել:

— Այզելման,— վիրավորեց Ագրինցևը և ոտքի