— Պատիվ ունեմ, Սերգեյ Պախոմովիչ,– պատասխանոցի ես առանց հեգնության, այնպես, որ կարծես ոչինչ փոփոխություն չէր պատահել նրա ճակատագրի մեջ։ Ես մինչև անգամ չզլացա ոտքի կանգնել այդ փողոցային շրջմոլիկի համար:
— Այզելման, ես եկել են քեզ մի բան առաջարկելու,— ասաց պարոնը և ձգվեց աթոռի վրա, ոտներն երկարացնելով և ձեռքերը խոթելով պանթալոնի գրպանը։
— Հրամայեցեք։
— Առաջինը՝ արի հաշտվենք, այսինքն՝ դու ինձանից ներումն խնդրիր, և ես կներեմ։ Աստված վկա, կներեմ։
Լսո՞ւմ եք, պարոն, դեռ ես պիտի նրանից ներումն խնդրեի, դեռ նա պիտի ինձ ներեր։
Գործակատարներս, քիթ քթի տալով, սկսեցին ծիծաղել։
— Նո՜ւ, խնդրիր,— կրկնեց նա,— ուղղափառ ռուսը չար չէ։ Որքան էլ կատաղի, սիրտը բարի է, ոխ պահել չգիտե։ Ես անցյալը մոռանում եմ, դու էլ մոռացիր, աա՞․․․
— Սերգեյ Պախոմովիչ, ես ձեր դեմ ոխ չունիմ, կարող եք հանգիստ լինել,— ստեցի ես մի փոքր։
— Աա՜, այդպե՞ս, շատ լավ, շատ լավ։ Ուրեմն, ես քեզ ներում եմ։ Թողնենք այդ։ Դատարկ բան է։ Չարժե խոսել անցյալի մասին։ Մեր կյանքը գետ է, երբեք ետ չի դառնում, մեր հոգին էլ այսպես պետք է լինի։ Աա, դու ուզում ես ասել, որ քեզ մի քանի անգամ հայհոյե՞լ եմ։ Ի՞նչ կա. այժմ դու կարող ես ինձ հայհոյել։ Կլսեմ։ Դրանից իմ հոր ոսկորները գերեզմանում տրեպակա չեն պարիլ։ Այզելման, ես եկել եմ առաջարկելու ահա թե ինչ. արի ընկերանանք և միասին տանենք մեր գործը։ Աա՛, ի՞նչ կասես։
— Ընկերանա՞նք, դու և ե՞ս, Սերգեյ Պախոմովիչ։
— Այո՛, հենց ես ու դու, ի՞նչ կա։
Մարդը կատակ չէր անում, ես էլ լուրջ խոսեցի.
— Բայց ես մի պիղծ ջհուդ եմ, Սերգեյ Պախոմովիչ, մի կեղտոտ և հոտած անհավատ։ Եվ ինչպե՞ս դուք, ուղղափառ քրիստոնյա, կարող եք ձեզ ստորացնել, ընկերանալով ինձ հետ։
— Դե լա՛վ, մի ծաղրիր ինքդ քեզ, լավ չէ. ազգային պատվի զգացում ունեցիր։