թռավ,— դու ինձ չես հավատո՞ւմ: Զգուշացիր, Այզելման, ես դեռ առյուծ եմ:
Պետք էր ճշմարտությունն ասել, և ես ասեցի, չվախենալով նրա կատաղությունից: Ժամանակն էր, որ ես վրեժս առնեի իմ թշնամուց, որ այնքան անարգել, այնքան հալածել էր ինձ:
Ես ասացի, վաճառականությունը կանոններ ունի, որոնց մոռացողը չարաչար պատժվում է: Մի մարդ, որ իր կոպտության, գոռոզության և շռայլության շնորհիվ կորցրել է ամեն ինչ, չի կարող նույնիսկ խոսել վարկի մասին:
— Դուք ոչ միայն փողով եք սնանկ, Ագրինցև,— շարունակեցի ես,— այլև խելքով: Երբ դուք հարբում էիք և մեզ հրեաներիս հրապարակորեն անարգում, մտածո՞ւմ էիք, արդյոք, որ մի օր պիտի այդպես ստորանաք իմ առջև: Ո՞ւր է այժմ ձեր անցյալը: Կարողություն չեմ ասում, այլ գոռոզություն: Ո՞ւր են ձեր ուղղափառ հավատակիցները. ինչո՞ւ Մոսկվայի քրիստոնյա ֆաբրիկանտները ավելի առաջ բողոքեցին ձեր մուրհակները, քան Վարշավայի հրեաները: Եթե դուք մարդ լինեիք, ես ձեզ չէի կործանիլ մինչև այդ աստիճան: Ցույց կտայի ձեր փրկության ճանապարհը: Ախ, Սերգեյ Պախոմովիչ, Սերգեյ Պախոմովիչ, մի՞թե այժմ էլ խելքի չեք եկել, մի՞թե այժմ էլ ուզում եք ինձ ծաղրել: Բայց չէ՞ որ դուք եք արժանի ծաղրի: Ոչ, ոչ, պարոն, ոչ ծաղրի, այլ ցավակցության: Նայեցեք ձեզ ոտքից մինչև գլուխ, ինչ օրի եք հասել: Զգո՞ւմ եք, արդյոք, որ կորած եք հավիտյան:
Կարող եք երևակայել, պարոն. այն մարդը, որ կարելի է ասել, կյանքում չգիտեր ինչ ասել է արտասուք, հանկարծ արտասվեց, ինչպես մի ողորմելի կին: Այստեղ ես նրան խղճացի, բայց միայն մի քանի րոպե: Կարո՞ղ էի մոռանալ հենց միայն այն օրը, երբ նրա կի՛նը անպատվել էր կնոջս գլխարկ պատրաստող ֆրանսուհու մոտ, անվանելով նրան… Օ՜օ, ես պատրաստ էի այդ ամբարտավան քրիստոնյային կոշկիս կրունկով խփել և գցել ցեխի ամենաթանձր տեղը: Թող նա այնտեղ խեղդվեր, ավելի լավ վիճակի արժանի չեր:
— Շարունակեցեք, Սերգեյ Պախոմովիչ, շարունակեցե՛ք,— ասացի ես կծու հեգնությամբ,— արտասուքը