Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մաքրում է մեր հոգին կեղտերից։ Անշուշտ հայր Վլադիմիրը ձեզ ասած կլինի, որ զղջալը քրիստոնեի պարտավորություններից մեկն է։

Բայց, ավա՜ղ, նա չէր զղջում։

— Դու ծաղրում ես ինձ, անհավատ,– գոչեց նա, արտասուքն արագ սրբելով և ոտքի կանգնելով,— ես քեզ ցույց կտամ։

Ես հանդարտ ձայնով պատասխանեցի.

— Ո՛չ, Սերգեյ Պախոմովիչ, ո՛չ, ես այլևս ձեզանից երկյուղ չունիմ։ Դուք անզոր եք։ Լսեցե՛ք, դուք այժմ փող չունիք, վարկ չունիք, խելք չունիք, իսկ պատվի մասին չխոսենք։ Դուք ընկած եք, ով քրիստոնյա, այնպես, ինչպես միայն ձեր նմաններն են ընդունակ ընկնելու։ Եվ որովհետև ձեր ուղղափառ քրիստոնյաները ձեզ չեն օգնում, ե՛ս կօգնեմ։ Լսեցեք, ես ձեզ կընդունեմ ինձ մոտ դռնապան․․․ Կնշանակեմ ամսական քսանուհինգ ռուբլի ռոճիկ, որ ինձ պահպանեք խուլիգաններից։ Ուտելիքդ էլ կտամ։ Մի՛ վախենաք, ես ձեզ սոխով և ապխտած ձկով չեմ կերակրիլ: Այն ես կշարունակեմ ուտել։ Ես ձեզ կտամ ձեր բորշչը, կվասը և սիվուխան․․․

Հարվածս զորեղ էր։ Ագրինցևը վայրկենաբար գունատվեց։ Նրա ուռած երեսն ավելի այլանդակվեց։ Երկյուղալի էր նա։ Բռունցքները սեղմելով հարձակվեց վրաս։ Բայց նույն վայրկյանին երկու առողջ երիտասարդական ձեռքեր բռնեցին նրան ետևից։ Ռաբինովիչն էր, որ ուզում էր դուրս վռնդել այդ կեղտն իմ խանութից։ Ես դարձյալ թույլ չտվեցի։

Ներս մտավ Շմուլ Մոզերն և մի վայրկյանում բոլորը հասկացավ։

Ագրինցևն ուշքի եկավ, սթափվեց։ Այն ժամանակ կատարվեց ուրիշ տեսարան: Նա մոտեցավ ինձ, այս անգամ ընկճված և խեղճացած։

— Ասա՛,— գոչեց նա տարօրինակ ձայնով,— ասա՛, ինչի՞ց եք ստեղծված դուք, ջհուդներդ։ Ասա՛, ինչի՞ց։ Մի՞թե միևնույն նյութից, որից ես և ուրիշները։ Ասա՛, ինչի՞ց են շինված քո գլուխն ու քո լեզուն, քո աչքերը, քո ձեռքերը, ոտքերը։ Ինչո՞ւ քո լեզուն ավելի լավ է խոսում, ինչո՞ւ դու ինձանից լավ ես տեսնում, ինձանից լավ լսում։ Ինչո՞ւ