Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրականությունը գործ չես համարում, դու արհամարհում ես իմ կոչումը, այն աստվածային հույսը, որ այրում է հոգիս և որ այսօր, վաղը պիտի հրդեհե մեր փտած կյանքը։

– Ա՜խ, թող, աստված սիրես, այդ սովորական դարձվածքները։ Նրանք վաղուց են ձանձրացրել ինձ։ Դու շատ լավ ես հասկանում իմ միտքը, երևակայիր քո մասին ինչ ուզում ես, բայց մի մոռանար, որ քո առաջին սուրբ պարտականությունը զավակներիդ ապրուստ տալն է։

– Երբեք, երբեք։ Իմ առաջին սուրբ պարտականությունը իմ կոչմանը ծառայելն է։ Այո, այո, դու խուլ ես, բայց ես միշա պիտի կրկնեմ, մի հոգի, որ ծնված է ազատ ու անկախ չի կարող ստրկանալ ուրիշ ոչ մի պարտականության, բացի իր կոչմանը։ Առօրյա կյանք, մանր–մունր պահանջներ գոյություն չունեն, հասկանո՞ւմ ես, թե չէ։ Մի ժամանակ, երբ ես ուսուցիչ էի, տանջվում էի հոգեպես, մտածելով, որ դավաճանում եմ իմ կոչմանը, ոտնատակ եմ անում իմ սրբություն սրբոցը։ Գո՜րծ։ Կարծես կա ավելի ազնիվ, ավելի բարձր գործ, քան իմը։ Ա՜հ, անմիտ կին, ավելի լավ չէ, որ ճակատագրիդ հպատակվես և փոխանակ իմ կյանքը թունավորելու, օգնես ինձ իմ խաչը կրելու։ Դո՞ւ ես դժբախտ։ Ա՛հ, եթե կարողանայիր մի քիչ բարձր մտածել, կզգայիր որ քո բոլոր ընկերուհիների, ծանոթների, քո ամբողջ միջավայրում դու ես երջանիկը, քանի որ իմ կինն ես։

Մի ուրիշ, ավեյի դառն, ավելի կծու ծիծաղ եղավ հետզհետե ինքն իր տրամադրությամբ ոգևորվող գաղափարականի պատասխանը։

– Մի՛ ծիծաղիր, անմիտ,– գոչեց Ավալյանը, կատաղությունից ճանկեց իր գլխի թանձր ու երկար մազերը, որոնք պապուասի տեսք էին տալիս նրան,– այսօր դու ինձ վերքեր ես տալիս, որոնց վաղը լիզելու ես բժշկելու համար։ Քո ծիծաղը ապտակում է ստեղծագործող հոգիս։ Դու բարոյականության դեմ ես ոճիր գործում, խեղճ ողորմելի թզուկ։ Դու չես հասկանում, որ ես քո զավակների համար պատրաստում եմ մի գանձ, որին շատ շատերը պիտի նախանձեն։ Մի խանգարիր ինձ, ով երկրին կպած արարած, մի խանգարիր հոգուս թռիչքին դու քո ճղճիմ հոգով։ Ես գիտեմ որտեղից են գալիս այդ հովերը։ Դու քո խելքով չես գործում։ Քեզ սովորեցնում են, քեզ գրգռում են իմ դեմ․․․

Պարզ էր, որ ակնարկը վերաբերում էր տիկնոջ եղբորը։

– Մի՛ համարձակվիր վիրավորել իմ եղբորը,– գոչեց կինը ավելի գրգռվելով,– ես ինչ որ ասում եմ, իմ կարճ խելքով եմ ասում։

Հյուրը, որ մինչև այդ ժամանակ չէր խառնվել մարդ ու կնոջ վիճաբանությանը, մի ներողամիտ հայացք ձգեց Ավալյանի վրա և ասաց.