գրքույկներ իրարու վրա կարդացի և ոչ մի սրամիտ դարձված կամ գեղեցիկ համեմատություն չգտա, ողորմելի, և դու քեզ երևակայում ես բանաստեղծ, վիպասան, դրամատուրգ և չգիտեմ էլ ինչ։ Դեռ երեկ քո անկեղծ բարեկամներից մեկը ասում էր գրեթե միևնույնը, ինչ որ ես այժմ ասում եմ։ Բարեկամս, քսանուհինգ տարի է գրում ես և մինչև այս ոչ մի գործդ լուրջ քննադատության կամ վիճաբանության չի արժանացել։ Շատ, շատ, քո մասին երբեմն գրել են մի քանի սառը տողեր, որոնք ավելի ներողամտություն են արտահայտել, քան հարգանք։ Մի՞թե այսքանը բավական չէ․ որ դու վերջապես սթափվես։
– Ինձ չես հասկանում, որովհետև ես ամբոխի համար չեմ գրում, – գոչեց Ավալյանը,– որովհետև իմ գործերը գաճաճների ճաշակի համար չեն գրվում։ Որովհետև իմ գաղափարներն անմատչելի են ամբոխին։ Որովհետև արհամարհում եմ հասարակությանը, մամուլի և բոլոր այն պարոնների կարծիքը, որոնց հետ դու շփվում ես։
– Երկինքը վկա, այդ խոսքերը ծիծաղելի են քո բերնում,– ընդհատեց հյուրը անկեղծ կարեկցությամբ։ – Արհամարհում եմ հասարակության և մամուլի կարծիքը։ Կարելի է մի՞թե արհամարհել մի բան, որ գոյություն չունի։ Ես քեզ ասում եմ, որ քո մասին տիրում է կարծիքների կատարյալ բացակայություն։ Հասկացիր վերջապես, այդ բանը, խեղճ մարդ և մի կրկնիր չգնահատված հանճարների սովորական երգը։ Բայց բավական է, ես իմն ասեցի, մնացյալը դու գիտես։
Եվ հյուրը ոտքի ելավ դուրս գնալու։
Ավալյանը անցուդարձ անելով, կատաղությունից շրթունքներն էր կրծոտում։ Նրան թվում էր, որ խոսողն իր ոխերիմ թշնամին է, եկել է հատկապես նրա աչքերի առաջ ոտնատակ անելու նրա սրբությունը։
– Ես ծիծաղում եմ քեզ վրա, ես քեզ խղճում եմ,– կարողացավ նա միայն արտասանել։
– Կեղծում ես, բարեկամ, դու չես ծիծաղում, այլ կատաղում ես։ Ծիծաղողը սառն է լինում, իսկ դու բորբոքվում ես հենց միայն այդքանը գեղեցիկ ապացույց է, որ դու զգում ես իմ ասածների ճշմարտությունը։ Բարեկամս, գիտեմ ես, որ կոպիտ եմ վարվում, դիպչելով քո հոգու հիվանդոտ տեղին։ Բայց ինչ արած, ճշմարտությունն ամենից առաջ։ Ա՜հ, ինքնախաբեության զոհ, ուշքի եկ, վերջապես խեղճ է քո ընտանիքը, խեղճ ես դու։ Մի տանջիր քեզ ու քո մերձավորներին։ Գիտեմ, դժվար է և դառը հիասթափվելը, բայց պետք է քեզ հիասթափեցնել։ Դու հիպնոզի ես ենթարկված․ մի անգամ ինքդ քեզ ներշնչել ես մի սխալ գաղափար, և նա տարիների ընթացքում աճելով, քո հոգին կլանել է ամբողջովին։