— Այո, չխոսենք, այլ գործենք, գործենք,— համաձայնվեց Ալթունովը։
Շուտով գինու շշերը մեկը մյուսի հետևից դատարկվեցին և լուսամուտից դուրս թռան։
Խոսակցության նյութը փոխվեց, Ալթունովը պատերազմից անցավ դեպի խաղաղ կյանքը Ռուսիայի։ Պարզվեց, որ նա մայրաքաղաքի լրագրներով է հետևում ներքին և արտաքին քաղաքականություններին։ Նա թունդ խոսքերով հեղափոխականներին հայհոյեց, պետական դուման ծաղրեց, հարձակվեց ուսանողությոան վրա, որ ուսում ստանալու փոխարեն պոլիտիկով են զբաղվում, ապտակեց ազատամիտ պրոֆեսորներին։ Հետո սկսեց հայհոյել նախ հրեաներին, ապա լեհացիներին, այնուհետև ֆինլանդացիներին։
Եվ հանկարծ գոչեց.
― Պարոննե՛ր, ես ուզում եմ ձեզ հետ «բռուտերշաֆթ» խմել, ի՞նչ կասեք։
― Պատրաստ եմ,― գոչեց Տարաշչենկոն։
― Կարելի է,― սառն արտասանեց Պաստուխովը։
Այս երջանիկ բարեկամական համբույրը դրոշմվեց այն վայրկյանին, երբ գնացքը կանգ առավ սոսկալի դղրդյունով։ Վագոնների ընդհարումից համբուրվողները դիպան իրար, ապա բաժանվեցին, մեկ էլ դիպան, նորեն բաժանվեցին և ընկան՝ Ալթունովը մեկ, Պաստուխովը մյուս նստարանի վրա։
Տարաշչենկոն ծիծաղից թուլացավ։ Ձեռքերը դնելով կլորիկ փորի վրա, նա շնշասպառ մի քանի անգամ կրկնեց.
― Ա՜հ, մեռա, ա՜հ, մեռա, տեր աստված։
Պաստուխովը մի քանի վայրկյան ապշած նայեց դիմացինի կրծքին, ապա հանկարծ կատաղեց և մի քանի շատ կտրուկ հիշոցներ ուղարկեց մեքենավարի հասցեին։
― Ինձ թվում է, պարոն պորուչիկ, որ այդ լավ նշան էր,― ասաց Ալթունովը, թաշկինակով սրբելով շապիկի կուրծքը, որ թրջել էր գինով,― ասել է, մենք կբաժանվենք իրարուց և նորեն կհանդիպենք։ Այսպես թե այնպես, թույլ տվեք, պարոններ, հայտնել իմ անկեղծ գոհունակությունը ձեզ հետ ծանոթանալուս համար։ Չգայիք դուք, ով գիտե ձեր տեղերը պիտի բռնեին ինչ-որ հոտած հայեր կամ թուրքեր, որոնց, իմիջիայլոց ասած, ես արհամարհում եմ։ Ինչպե՞ս, դուք արդեն պատրաստվում եք իջնելո՞ւ։