Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կանա՞յք։ Գեղեցի՞կ են, չէ՞։

— Հաա՜, դրա մասին խոսք չունեմ։ Շատ շատերի հետ եմ բարեկամ։ Բայց այն էլ կասեմ, որ եթե վաղը, մյուս օրը թուրք կանայք իրենց չադրան դեն գցեն, վրացուհիների աստղը կխավարե․․․

— Դուք գյուղացիների մասին ոչինչ չասացիք, չէ՞ որ կալվածատեր եք, հետաքրքրականը այդ է ձեր համար,— հարցրեց Ալլահյար-բեգը։

— Ես դիտմամբ չասացի,— կոչեց Ալթունովը, նորեն գրգռվելով,— որովհետև արյունս պղտորվում է, երր հիշում եմ վրացի գյուղացիներին։ Այդ տեսակ ըմբոստ տարր աշխարհի ոչ մի կողմում չեք գտնիլ։ Նրանք չե՞ն, որ անտառները կտրատեցին ու այրեցին։ Ատում եմ ամբողջ հոգովս։

— Ուրեմն, ոչ ոքի չեք սիրում վրացիների մեջ,— նկատեց Ռահիմ—բեգը։

— Ասացի, որ վրաց ազգը սիրում եմ։

— Բայց․․․– ուզում էի ես միջամտել, սակայն բարվոք համարեցի լռել, թողնելով, որ հայրենակիցս իր սայլը քշի մինչև վերջը։

Բարեբախտաբար գնացքը հասավ Եվլախ կայարան, ապա թե ոչ համոզված էի, որ Ալթունովը շատ պիտի առաջանար և, պարսավելով աջ ու ձախ բոլորին, դեպի թուրքերն ունեցած իր սիրո ու պաշտամունքի շտեմարանն սպառեր մինչև վերջը։

Բեգերն իրենց նոր բարեկամից բաժանվեցին շատ սիրալիր։

Ռահիմ-բեգը մինչև անգամ հրավիրեց նրան իր կալվածքը հյուր և խոստացավ նրան մի սիրուն նժույգ նվիրել։

— Միայն ոչ այժմ, աշնանը մեզ մոտ ճանապարհները անանցանելի են, եկեք գարնանը կամ ավելի լավ է ամսվա վերջին,— զգուշացրեց Ալլահյար-բեգը, ավելի քան կես տարով հետաձգելով Ռահիմ-բեգի հյուրընկալությունը։

— Շատ շնորհակալ եմ,— ասաց Ալթունսվը, ըստ երևույթին, լավ ընբռնելով այդ տեսակ հրավերների իսկական արժեքը։— Իսկ եթե դուք էլ բարեհաճեք այցելել իմ համեստ կալվածքը, անտառներս կարգի բերելուց և տներս վերաշինելուց հետո, երջանիկ կլինեմ ձեզ հետ որսի գնալու։ Իմ անտառներում մեծ քանակությամբ փասյաններ և թուրաջներ կան։

Թուրքերը դուրս եկան։

Դարձյալ լուսամուտից նայեցի, այս անգամ ուղղակի հետաքրքրվելով, թե ինչ պիտի խոսեն իմ հայրենակցի մասին։